Փաշինյանի ռեսուրսը

Փաշինյանի ռեսուրսը

Ոմանք զարմանում են, ոմանք` զայրանում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր ելույթներում համառորեն խոսում խաղաղության մասին եւ հայտարարում, որ իրենք` անկախ Ադրբեջանի քայլերից, հետեւողականորեն գնում են դեպի խաղաղություն եւ ամեն ինչ անելու են խաղաղության պայմանագիր կնքելու համար: Բանն այն է, որ երբ սպառվել են իր` իշխանության մնալու բոլոր ռեսուրսները, մի ռեսուրս, որն աներկբա աշխատել է, շարունակելու է աշխատել իր օգտին: Դա խաղաղության քարոզն է, որը մեծ թվով շահառուներ ունի դրսում` միջազգային հանրության շրջանում: Բայց շատ ավելի մեծ թվով շահառուներ ունի երկրի ներսում:

Պատերազմի սարսափը եւ դրանից ամեն գնով խուսափելու ցանկությունը մեր հասարակությանը դարձրել է այս իշխանությունների հենարանը: Թուլացրել է պայքարի կամքը, ոչնչացրել իշխանափոխության ձգտումը: Իրականում ոչ թե մարդիկ գոհ են այս իշխանություններից կամ դժգոհ ընդդիմությունից: Ոչ թե լիդերի բացակայությունն է նրանց թեւաթափ անում կամ նախկինների վերադարձն է վախեցնում: Այլ փողոց դուրս չեն գալիս, որովհետեւ սոսկում են պատերազմից եւ պատրաստ են ամեն ինչի դիմանալ, միայն թե կռիվ չլինի:

Ըստ էության, այսքան հաճախ խաղաղությունից խոսելով եւ ամեն գնով, նույնիսկ մեր արժանապատվության հաշվին, պատերազմից խուսափելու իր հստակ որոշումն ի ցույց դնելով` Նիկոլ Փաշինյանը պահում է իր էլեկտորատը եւ ըստ այդմ` իշխանությունը: Նա կարողացել է մարդկանց գիտակցության մեջ մեխել, որ ինքը կյանքի գնով խուսափելու է պատերազմից, խաղաղություն է մուրալու: Եվ մարդկանց մի մեծ բանակ համաձայն է դրան` մուրա, ստորացիր, նվաստացիր, ոչնչացրու մեր պետությունն ու ազգային արժանապատվությունը, բայց պատերազմը կանխիր: Ահա այն հանրային պատվերը, որն իջեցվել է նրան: