«Բա մնացած ծակերը ովքե՞ր են արել, էլի մե՞նք ենք արել էդ դռելով ծակերը»․ 5-րդ ալիքի օպերատորի պարզաբանումը

«Բա մնացած ծակերը ովքե՞ր են արել, էլի մե՞նք ենք արել էդ դռելով ծակերը»․ 5-րդ ալիքի օպերատորի պարզաբանումը

Իշխանական լրատվամիջոցներն այսօր մի տեսանյութ տարածեցին, որտեղ իբրև թե 5-րդ ալիքի օպերատորը Հրապարակի շենքերից մեկի մեջ հեղույս (բոլտ) է տեղադրում, ապա տեսանակարահանում՝ մեղադրելով իշխանություններին, թե պատերը վնասել են։ Այսինքն՝ իշխանական քարոզչամեքենան ուզում է ցույց տալ, թե «նախկինները» կամ հենց 5-րդ ալիքի օպերատորն է հազարավոր ծակեր արել Հրապարակի պատմամշակութային արժեք ունեցող շենքերի վրա՝ փչացնելով ու վանդալիզմի ենթարկելով դրանք։ Նշենք, որ մի քանի օր է՝ հանրությունը քննադատում է Երևանի քաղաքապետարանին ու մյուս պատկան կառույցներին՝ այդ շենքերի վրա հազարավոր անցքեր անելու եւ փչացնելու համար։

Տեսանյութում երևացող կինը 5-րդ ալիքի օպերատոր Միլենա Պողոսովան է։ Նա քիչ առաջ Hraparak.am-ի հետ զրույցում բացատրեց, թե ինչ է, իրականում, տեղի ունեցել։

«Ես Հրապարակում կադրեր անելիս նկատեցի, որ էդ բոլտը պատի մեջ է։ Թե ով էր դրել պատի մեջ, ինչի համար էր դրել՝ ես չգիտեմ։ Որպես մարդ՝ հասկանալով, որ դա վնասում է շենքն ու էդ զարդանախշերը, ես հանեցի էդ բոլտը, բայց հետո մտքովս անցավ, որ պիտի կադրեր անենք, նորից դրել եմ տեղը, արել եմ կադրերը, հանել եմ էդ բոլտն ու դրել եմ կողքը։ Ես ընդամենը դա եմ արել»,-ասաց 5-րդ ալիքի օպերատորը։

Պողոսովան նաև նշեց, որ ինքը երևի պիտի դա չաներ, բայց արդեն ինչ արել՝ արել է։

«Իրենք ուղղակի ուզում են գլոբալ խնդրից շեղել մարդկանց․․․ Բա մնացած ծակերը ովքե՞ր են արել, էլի մե՞նք ենք արել էդ դռելով ծակերը, հետաքրքիր է, կամ ե՞ս եմ արել»,-ասաց մեր գործընկեր օպերատորը։