«Հրապարակ». Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո աշխատակազմում ազատումների շքերթ է սկսվել

«Հրապարակ». Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո աշխատակազմում ազատումների շքերթ է սկսվել

Արմեն Սարգսյանի՝ հանրապետության նախագահի պաշտոնից ազատվելուց հետո նախագահի աշխատակազմում ազատումների շքերթ է սկսվել։ Անմիջապես հրապարակվեց, որ դիմում է գրել նաեւ աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։ Էլի մարդիկ են դիմումներ գրել, մյուսները կգրեն առաջիկայում՝ նոր նախագահի ընտրությունից հետո։ Տարասյանին հետեւել են նախագահի երկու խորհրդականները։ Դիմումներ են գրել նաեւ Տարասյանի հետ էկոնոմիկայի նախարարությունից նախագահական տեղափոխված մի խումբ անձինք։

Ճիշտ է՝ դեռեւս հունվարի 27-ին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել էր Ռուբեն Կարապետյանը, սակայն այս մասին տեղեկատվությունը ուշ հրապարակվեց եւ վերագրվեց Ալեն Սիմոնյանին, իսկ փետրվարի 1-ին՝ խորհրդական Արմեն Գիչյանը։ Սակայն քանի որ նախագահականում աշխատողների միջին աշխատավարձը մոտ 800 հազար դրամ է, կարծում ենք՝ այս հաստիքները երկար թափուր չեն մնա, առաջիկայում արագորեն կհամալրվեն ՔՊ-ականներով եւ ՔՊ-ականների խնամի-բարեկամ-ծանոթներով։ Արդեն իսկ նախագահի ԺՊ Ալեն Սիմոնյանը աշխատակազմի ղեկավար է նշանակել՝ ոմն Դավիթ Առաքելյանի։