Եթե առաջնահերթ մենք՝ կռվածներս, դուրս գայինք, հաստատ էսքան կորուստներ չէինք ունենա

Եթե առաջնահերթ մենք՝ կռվածներս, դուրս գայինք, հաստատ էսքան կորուստներ չէինք ունենա

«Սեւ հովազ» ջոկատը, որը դեռեւս 89 թվականին էր ձեւավորվել, երեկվանից կամավորների է հավաքագրում՝ Արցախ մեկնելու համար: Ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանն ասում է, որ տղաները վաղուց հավաքված կանգնած են: «Հրամանի էինք սպասում, Աստծուն փառք, առիթը եղավ գնալու»,- նշեց հրամանատարը: Նրան «բարի ճանապարհ» ու «հաղթանակ» մաղթելուց առաջ հասցրինք մի քանի հարց տալ:  

- Երեկվանից հավաքագրում է ընթանում: Շատերը ծանուցագրեր են ստանում: Արդյոք ճի՞շտ է այսքան շատ մարդ, 20 տարեկան երիտասարդների հավաքելը, 90-ականները չեն, չէ՞: 

- Ես չգիտեմ՝ շատ մարդ ում են հավաքել, բայց եթե առաջնահերթ փորձառու, կռված տղաները գնային, ճիշտ կլիներ, նոր ընթացքում «Մոբ» (զորահավաք) հայտարարեին։ 

 - Որ երիտասարդներին տանում, բունկերներում սպասեցնում են, դրա օգուտը ո՞րն է:

- Ամեն դեպքում, մենք որ գնում ենք, ուրեմն մեր կարիքը կա, գործ կա անելու։ 

 - Հիմա ոնց որ թե տեխնիկայի ժամանակն է, մարդկային ուժերի օգտագործման կարիք կա՞: 

- Ինչքան էլ տեխնիկայի, հրթիռների ժամանակը լինի,  հրաձգության, ամեն դեպքում՝ զինվորով են տարածք գրավում: Որքան էլ հրթիռակոծեն, վերջում «պեխոտն» է գալու, որ գրավի եղածը։  

- Ինչպե՞ս եք գնահատում զորակոչի ընթացքը: Մի քիչ ոնց որ թե հստակ չէ՝ ով է սկզբում գնում, ինչ կարգով: 

- Հենց խնդիրը դա է։ Երեկ մենք, հենց սկսվեց, անմիջապես մի երկու ժամ հետո բոլոր տղաներին հավաքել էինք, կազմը պատրաստ՝ սպասում էինք: Ոչ միայն մենք, կապի մեջ եմ եղել նաեւ մնացած բոլոր հրամանատարների հետ: Նրանք էլ էդ վիճակում էին, ու մեր կարիքն էլ կար:  Դիրքերում մենք կապեր ունենք տղերքի հետ ու իմացանք, որ մեր կարիքը խիստ կար այդ պահին: Կարծում եմ, որ եթե առաջնահերթ մենք դուրս գայինք, պահը չկորցնեին, մեր գնալը ստեղից կարգավորեին, հաստատ էսքան կորուստներ չէինք ունենա՝  դիրքային ու մարդկային։ 

- Այսինքն, կարծում եք, որ օպերատիվությունն այնքա՞ն էլ չի պահպանվել: 

- Ես չգիտեմ, գուցե բանակի ղեկավարությունն ուրիշ պլան, ծրագիր ուներ եւ այսպես նպատակահարմար գտավ, բայց դա իմ կարծիքն է՝ որ առաջնահերթ դուրս գայինք, դա ավելի ճիշտ կլիներ, որ մենք մեր տղաների կողքին լինեինք: Ես համոզված եմ, որ այսքան կորուստ մենք չէինք ունենա այդ դեպքում: 

- Դուք գիտե՞ք, թե ում են առաջնային տանում, որ  տարիքային խմբերը: 

- Կոնկրետ ինձ հրահանգ եղել է, թե տարիքայինով մինչեւ ինչ տարիք ու քանակություն դուրս գանք։ Մեր «Սեւ հովազի» տղաներն են այստեղ՝ իրենց երեխեքի հետ: