Հայաստանը ռազմական տեխնիկա կստանա Ֆրանսիայից. Կոլոննա

Հայաստանը ռազմական տեխնիկա կստանա Ֆրանսիայից. Կոլոննա

Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ապագա պայմանագրի կնքման համար, որը ՀՀ–ին ռազմական տեխնիկա տրամադրելու հնարավորություն կտա։ 

Այդ մասին քիչ առաջ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։

«Սա արվում է, որպեսզի ՀՀ–ն կարողանա ապահովել իր պաշտպանությունը։ Բայց մանրամասներ չեմ կարող ասել այս պահին»,– նշել է նա։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ինքը պաշտոնապես դիմել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելին` ՀՀ–ում դիտորդական առաքելությունը ընդլայնելու և մանդատը հզորացնելու խնդրանքով, որպեսզի նրանք կարողանան առավելագույն օգտակար լինել։

Ավելի վաղ Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը հայտարարել էր, որ Փարիզն ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները և որ այդ հարցն անձամբ նախագահ Մակրոնի հսկողության ներքո է։