Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ․ նախագահի հրամանագիր

Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ․ նախագահի հրամանագիր

Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։ Այս մասին հրամանագիր է ստորագրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Փաստաթղթում նշվում է, որ այս ամենն արվում է ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակից, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից ելնելով։

Պետական հիմնարկները կլուծարվեն` նաև հաշվի առնելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ ապահովվում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում՝ զենքը վայր դրած զինծառայողների, իրենց գույքով իրենց տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով ազատ, կամավոր և անարգել երթևեկությունը:

«Մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարվում են գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարեցնում է իր գոյությունը։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»,– ասված է հրամանագրում։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։