Հասարակություն

Ընտրության պահը

Ընտրության պահը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կարծես, մեծ ցանկություն ունի քաղաքական գործիչ դառնալու: Դա իհարկե դրվատանքի արժանի ցանկություն է, բայց դրա համար Արսեն Թորոսյանը պետք է մի բան հստակ իմանա: Սրան-նրան կապկելով, Նիկոլի խոսք-խորաթան որպես սեփական դիտարկում ներկայացնելով, մյուս քաղաքական գործիչների շարժումներին ու հայտարարություններին հետևելով` քաղաքական գործիչ չեն դառնում: Վերցնենք, օրինակ, ղասաբի շանը: Այդ կենդանին ամբողջ օրը, տարիներ շարունակ հետևում է ղասաբի շարժումներին, լսում ղասաբին, բայց ղասաբ չի դառնում ու չի դառնում: Ինչ եմ ուզում ասել: Արսեն, քաղաքական գործիչ դառնալու համար բազմաթիվ որակներ են պետք, որոնք դու, իմ կարծիքով չունես: Զորօրինակ` պատասխանատվության զգացումը: Դու, Արսեն, պատասխանատվության զգացում ունե՞ս: Չունես: Եթե ունենայիր, երբ քեզ ուղղակի, կներես արտահայտությանս, սիկտիր արին առողջապահության նախարարի պաշտոնից, չէիր խցկվի ԱԺ:

Մարդը, որ ուզում է դառնալ քաղաքական գործիչ, պետք է կարողանա հաշվետվություն ներկայացնել իր արած-չարածի համար: Ես չեմ լսել կամ տեսել նախարար Արսեն Թորոսյանի որևէ հաշվետվություն, որ վերաբերեր նրա նախարար եղած ժամանակահատվածին: Արսեն Թորոսյանին հաջողվե՞ց, արդյոք, ԲԿ-ների բոլոր ղեկավարներին փոխարինել ՔՊ-ական ֆելդշերներով` ես չգիտեմ, չեմ հետևել, թեև գիտեմ, որ նա այդ ծրագիրը փորձել է իրականացնել: Հրապարակեք այն ԲԿ-ների ցանկը, որոնցում Արսեն Թորոսյանը «թավշյա իշխանափոխություն» է իրականացրել և այդ ԲԿ-ները հասցրել կատարելության: Կա՞ այդպիսի հաշվետվություն:

Արսեն Թորոսյանն առողջապահության այն նախարարն էր, որի օրոք Հայաստանը հայտնվեց Քովիդի ճիրաններում: Առաջին անգամ Նիկոլին նա այդ ժամանակ կապկեց` հայտարարելով, որ Քովիդ ասածը մի ստից գրիպ ա: Մենք այդ օրերին սահմանադրական հանրաքվեի էինք գնում, եթե հիշողությունս չի դավաճանում և ՔՊ-ն Նիկոլի գլխավորությամբ հանրահավաք էր անում ու կորոնավիրուս տարածում: Բայց պարզվեց, որ Քովիդն իսկական չարիք է և մարդկային կյանքեր է խլում: Փաշինյանը փոխեց իր կարծիքը և հայտարարեց, թե կորոնավիրուսի դեմ պայքարը հնարավորություն է: Թե ինչի՞ հնարավորություն էր այդ պայքարը, մենք հետո պետք է իմանայինք: Հայաստան էին գալու հսկայական միջոցներ (դեղորայք, սարքավորումներ, ֆինանսական օգնություններ), որոնք հետո անհետանալու էին մեկ ձեռքի մատների վրա հաշված մարդկանց գրպաններում:

Ովքե՞ր էին այդ մարդիկ` Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը և, իհարկե, Արսեն Թորոսյանը: Բայց, քանի որ նշվածներից հատկապես Արսեն Թուրոսյանն է շատ ուզում քաղաքական գործիչ դառնալ, ես հարցս նրան են ուղղում` Արսեն, քո հմուտ ղեկավարությամբ հազարավոր մարդիկ զոհ գնացին կորոնավիրուսին, ո՞վ պետք է պատասխան տա այդ մահերի համար, ո՞վ պետք է պատասխան տա միջոցների մսխման համար, վերջապես ո՞վ պետք է հաշվետվություն ներկայացնի, այսպես կոչված պարետատան ֆինանսական գործունեության համար: Նիկո՞լը, Տիգրան Ավինյա՞նը, Արսեն Թորոսյա՞նը... Ո՞վ: Նիկոլն այս ընթացքում արդեն հասցրել է դառնալ «ականավոր» քաղաքական գործիչ, Ավինյան Տիկոն արդեն իրեն Երևանի քաղաքապետ է զգում: Մնացիր դու, Արսեն ջան: Ու ե՞րբ ես մտադիր ներկայացնել հաշվետվությունդ: Հիշեցնեմ, Քովիդի դեմ քո պայքարի արդյունքում ավելի շատ զոհեր ունենք, քան 44-օրյա պատերազմում: Ե՞րբ ես բացատրելու, թե ինչպես եղավ, որ մեկ շնչին ընկնող մահերի թվով աշխարհում մենք գերազանցեցինք բոլորին:

Արսեն, Թորոսյան, հեռու մնա քաղաքականությունից, քաղաքականությունը քոնը չէ: Չի կարելի, հասկանո՞ւմ ես, ժողովրդի կոզմից վաստակել ВОЗ-ի տղա տիտղոսն ու գնալ նստել ԱԺ-ում, թե ես քաղաքական գործիչ եմ: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի` քեզ տիտղոս են տվել ոչ թե պատերազմի ավարտից հետո, այլ Քովիդի դեմ պայքարի օրերին: Սա շատ հատկանշական է, ի դեպ: Մարդիկ, դեռ Քովիդի ճանկերում, հասկանում էին, թե ինչով է զբաղված Արսեն Թորոսյանն ու ինչ շահեր է սպասարկում Հայաստանում: Ահա և քաղաքական գործիչ դառնալու երրորդ պահանջը` ոչ մի ВОЗ-ի տղա չի կարող Հայաստանում քաղաքական գործիչ դառնալ ազգային քաղաքական ուժերի պայքարը նիկոլավարի խեղաթյուրելու գնով:

Բերեմ Արսեն Թորոսյանի` ընդդիմությանն ուղղված միայն այս հարցադրումը. «Չե՞ք հասկացել արդյոք, որ ձեր ամբողջովին կեղծ, արդեն հնացած, կոնտրպրոդուկտիվ, տասնյակ տարիներ շատերին մոլորեցնող օրակարգի դեմքը այլևս պատռված է»: Ղասաբի հմուտ շունը գիտի, որ քյուֆթա ծեծելու դագանակը կիջնի մռութին, եթե հանկարծ փորձի վաճառասեղանի վրայից միս թռցնել: Այս կանոնը գործում է նաև քաղաքական գործիչ դառնալու ցանկությամբ տոգորվածների պարագայում, երբ փորձում են իրենց ղեկավարի օրինակով մանիպուլյացիա անել: Կարո՞ղ է, արդյոք Արսեն Թորոսյանը բացատրել, թե այդ երբ է արցախյան օրակարգը դիմակավորված եղել, որ հիմա էլ այդ դիմակը պատռվել է: Մինչդեռ, ավելի խելացի լինելու դեպքում այդ նույն Արսեն Թորոսյանը կհասկանար, որ եկել է պահը` ընտրություն կատարելու` հա՞յ ես, թե՞ ВОЗ-ի տղա:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image