Բազմաթիվ կուսակցությունների մեջ եմ եղել, խիստ թերահավատորեն եմ մոտենում բոլոր շարժումներին

Բազմաթիվ կուսակցությունների մեջ եմ եղել, խիստ թերահավատորեն եմ մոտենում բոլոր շարժումներին

ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Նա այս մասին հայտարարություն է տարածել. ««Համահայկական ճակատ» շարժումը հայտարարում է «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։ Ժամանակն է միավորել ջանքերը, համախմբել մեր ժողովրդին միակ ճշմարիտ նպատակի՝ ազգային անվտանգության ապահովման և Հայոց պետականության պահպանման շուրջ։ Մենք հաստատակամ և հետևողականորեն պաշտպանելու ենք մեր պետության ազգային շահերն ու անվտանգությունը: Զինվորականների, հոգևորականների և Հայաստանի ճակատագրով մտահոգ ցանկացած հայի միաբանությունը դարձնելու է մեզ ավելի հզոր և պատրաստ ամեն գնով և ամենուր առաջ տանելու Հայաստանի պետական շահը։ Մենք գալիս ենք, որովհետև Հայաստանը պետք է վերականգնի իր երբեմնի հեղինակությունը, գալիս ենք, որովհետև Հայաստանը կարիք ունի ամրապնդելու իր ռազմաքաղաքական կապերը դաշնակից ու բարեկամ երկրների հետ։ Եվ այսպես, «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժը հիմնվում է Ազգ-Բանակ-Եկեղեցի եռամիասնության վրա, և այս միասնությունը ազդարարելու է՝ մեր պետությունը պարտվողական դիրքից նորից վեր հանելու մեկնարկը։ Եվ ուրեմն, ի գործ՝ հանուն հաղթական Հայաստանի Հանրապետության»,-ասվում է հայտարարությունում:

Նոր շարժման առաջնորդները երեքն են` Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եւ Ալբերտ Բազեյանը: Կարապետյանը նախորդ տարի էլ ցանկանում էր կուսակցություն հիմնադրել եւ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը նրա ակտիվ թիմակիցն էր ու ստեղծվելիք կուսակցության առաջին դեմքերից մեկը:

Կարապետյանի նոր շարժման մասին «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց վերջինիս:

- Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին թեև չհաջողվեց կուսակցություն ստեղծել, ի դեպ, այդ ընթացքում վերջինիս հետ Դուք սերտորեն համագործակցում էիք, հիմա էլ ցանկանում է շարժում նախաձեռնել և պայքարել օրվա իշխանությունների դեմ: Ի՞նչ կարծիք ունեք այդ շարժման մասին: Չե՞ք միանալու դրան:

- Այս քոչվոր գլոբալիստները, դավաճանները պետք է հեռանան ու բանտ գնան: Նոր շարժում է, ես բոլորի գործերին հաջողություն եմ ցանկանում, իսկապես շատ կուզեմ, որ լավ ստացվի ամեն ինչ, բայց անկեղծ կլինեմ ու կասեմ, որ արդեն խիստ թերահավատորեն եմ մոտենում շարժումներին և կուսակցություններին: Ես` ինքս բազմաթիվ կուսակցությունների մեջ եմ եղել, ավելի անլուրջ բան, քան հայաստանյան կուսակցություններն են, դժվար է պատկերացնել: Աշխարհում էլ կուսակցությունները նահանջել են:

- Մեկ տարի առաջ Արշակ Կարապետյանի հետ համագործակցում էիք, անգամ կուսակցության համագումար եղավ, ի՞նչ սև կատու անցավ:

- Այդ կուսակցությունն այդպես էլ չգրանցվեց, բայց խնդիրը դա չէ: Ի՞նչ է կուսակցությունը, կուսակցությունը գործիքակազմ է` ոչ ավել, ոչ պակաս: Հայաստանում կուսակցականների 99 տոկոսն անգամ չգիտի իր կուսակցության կանոնադրությունը, այն կուսակցության, որին անդամակցում է: Գնում կուսակցությունում գրանցվում են, անգամ ծրագիրը չեն կարդում: ՀՀՇ-ից սկսած գնալով անհատներին, նախաձեռնող խմբերին մինիմալիզացրեցին ու հասանք այս կետին: Մենք բոլորս էլ իրար ճանաչում ենք, եթե մեր պայքարը, նպատակը նույնն է, ապա ինչո՞ւ այսքան կուսակցություն: Առանց դրա չի՞ լինի պայքարել: Ոչ կուսակցություն գրանցողներն են իրենց ստեղծած կուսակցությունից ու ծախսած փողերից գոհ մնում, ոչ էլ մարդիկ:

- Իսկ հիմա ինչո՞վ եք զբաղվում: Ի՞նչ ուժերի հետ եք համագործակցում:

- Այն ուժերի հետ, որոնք ունեն ազգային, քրիստոնեական նկրտումներ, այնպիսի ուժերի հետ, ովքեր սիրում են իրենց հայրենիքը: Չեմ կարող գտնել մարդկանց, ովքեր 100 տոկոսով ազնիվ կլինեն, ինձանից սկսած` անթերի մարդիկ չկան:

- Բայց ովքե՞ր են նրանք:

- Մենք բոլոր բնագավառներում ունեցել ենք մեծ վարպետներ: Խորենացի, Նարեկացի և այլն: Մենք մեր պետությունն այս գաղափարների շուրջ պետք է կառուցենք, ոչ թե փող կա` կուսակցություն հիմնենք: