Հասարակություն

Տրդատ Սարգսյանն ասել է « մենք գնացինք, ուշքի կգա»․ նոր մանրամասներ՝ Արա Մխիթարյանի դեպքից

Տրդատ Սարգսյանն ասել է « մենք գնացինք, ուշքի կգա»․ նոր մանրամասներ՝ Արա Մխիթարյանի դեպքից

2019 թվականի սեպտեմբերի 17-ի գիշերը Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարկանին դաժանաբար ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ «Հրապարակին» նոր մանրամասներ են հասանելի դարձել։

Հիշեցնենք, որ շուրջ 4 տարի անգիտակից վիճակում գտնվելուց հետո փոխգնդապետ Մխիթարյանը մահացավ հուլիսի 27-ին։  Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում էր նաև նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների և որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել և անմիջական մասնակցություն ունեցել միջադեպին: Այդուհանդերձ Տրդատ Սարգսյանին մեղադրանք չի առաջադրվել։ Քննչական կոմիտեն հայտնել էր, թե Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի, որոնցից մեկը՝ Զավեն Գրիգորյանի նկատմամբ նախաքննական մարմնի որոշմամբ հետապնդումը դադարեցվել է, իսկ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ դրվագն անջատվել և ուղարկվել դատարան։ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, Հարություն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Հարություն Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Մեր ձեռքի տակ է հայտնվել Ռազմական ոստիկանության Վայքի բաժնի պետ, գնդապետ Է․ Սարգսյանի դիմումը՝ ուղղված Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին և ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ Մեսրոպ Նիկողոսյանին, որում Սարգսյանը ներկայացնում է, թե օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ինչ է պարզվել, և ինչ ցուցմունքներ են տվել վկաները։ Դիմումի բովանդակությունն ամբողջությամբ՝ ստորև․

«2019 թ.-ի սեպտեմբերի 18 –ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան 5 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանությանը ըստ ձեռք բերված տեղեկությունների մասնակցել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ Մուշեղ Գագիկի Ներսիսյանը՝ ծնված 20.06.1986թ. բն. հաշ, ք. Եղեգնաձոր Միկոյան 8 շենք բնակարան 39, Զավեն Արամի Գրիգորյանը ծնված 23.11.1989թ. Վայոց Ձորի մարզ գ. Արին 1 փողոց 1 տուն, Հարություն Արամի Գրիգորյանը` ծնված 20.02.1901թ. Վայոց Ձորի մարզ գ. Արին 1 փողոց 1 տուն և Վայոց Ձորի մարզի մարզպետ Տրդատ Նորիկի Սարգսյանը՝ ծնված 19.01.1989թ. ք. Երևան Ծարավ Աղբյուրի փողոց 55/5 շենք, բնակարան 118, որը միջոցներ չի ձեռնարկել առաջացած վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, այլ հակառակը՝ հրահրել է, նույնիսկ վնասվածք ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանին օգնություն չի ցուցաբերել։ Հարություն Գրիգորյանի զանզով Արսենյան 5 շենքի բակ են եկել վերը նշված քաղաքացիական անձինք՝ մարզպետ Տ. Սարգսյանի գլխավորությամբ: Նշված դեպքին ականատես է եղել Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 19 շենքի 1-ին բնակարանի բնակիչ Մարիամ Հունանի Հունանյանը։ Եղեգնաձոր քաղաքի Արսենյան 5 շենքի հարակից տարածքներում, այդ թվում դեպի շենք տանող մոտակա ավտոճանապարհների վրա աոկա են Նարեկացի 181 հասցեում գտնվող, Գոհար Հարությունյանին պատկանող սրճարանի, Միկոյան 1/01 հասցեում գտնվող Արմեն Հովհաննիսյանին պատկանող սննդի վաճառակետի, Շահումյան 20/1 հասցեում գտնվող «Հագուստի աշխարհ» խանութսրահի և Նարեկացի 6/4 հասցեում (varks.am) վարկայի կազմակերպության տեսախցիկները: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություն է ստացվել նաև, որ վիճաբանության մասնակիցներից Հարություն Գրիգորյանը ծեծկռտուքի ժամանակ օգտագործել է մահակի նմանվող առարկա, որով հարվածել Ա. Մխիթարյանին: Նշված փաստը հաստատել են սպաներ Լևո Հարությունյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը և ականատես Մարիամ Հունանյանը: ՀՀ ՊՆ 27527 զորամասի զինծառայող ավագ լեյտենանտ Ժորա Բաղդասարյանի հետ տարված օպերատիվ զրույցների ժամանակ վերջինս հայտնել է, որ դեպքից հետո իրեն կանչել է փայտամշակմամբ զբաղվող Արման Խաչատրյանը և խնդրել, որ Հարությունի և իր կողմից կանչված տղաների վերաբերյալ ինչպես նաև կռվի մասին լիրաժեք պատկեր չնկարագրի։ Մարիամ Հունանյանի հետ տարված օպերատիվ զրույցի ժամանակ, որը դեպքին ականատես է եղել, տեղեկություն է ստացվել, որ կռվի ժամանակ Հարություն Գրիգորյանի ձեռքում գտնվող փայտե մահակը՝ բիտան, գետնին ընկնելուց հետո վերցրել է նրա եղբայր Զավեն Գրիգորյանը և հարվածել է Ա. Մխիթարյանին ընկած ժամանակ: Վերջինս հայտնել է նաև, որ կռվից հետո Վայոց Ձորի մարզպետ Տ.Սարգսյանը ներկաներին ասել է « մենք գնացինք, ուշքի կգա»։

Պարզվել է նաև, որ դեպքին մասնակից է եղել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Արման Վարդանի Վարդանյանը, որին ճանաչում են որպես « գիթառիստ Արման »։

Ըստ ձեռք բերված տեղեկությունների դեպքի վայրում կանգնած է եղել Տոյոտա Քեմրի մակնիշի 01 ZU 002 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որը գրանցված է ք. Մասիս 9-րդ փողոց 1718 հասցեի բնակիչ Գևորգ Բաղդասարի Պետրոսյանի անունով, որով հնարավոր է դեպքի վայր եկած լինի Վայոց Ձորի մարզպետ Տ.Սարգսյանը երեք անձանց հետ միասին։ Վկա՝ Մարիամ Հունանյանի հարցաքննությունից հետո 21.09.2019թ. երեկոյան ուշ ժամի, նրա բջջային հեռախոսահամարին՝ փակ համարով զանգահարել և սպառնացել են « վերջդ վատ կլինի », ինչի մասին զանգահարել և հայտնել է ՀՀ ոստիկանության 1-02 հեռախոսահամարով, ըստ իր ենթադրությունների՝ հնարավոր է, որ իրեն զանգահարողը լինի կռվի մասնակիցներից մեկը: 18.09.2019թ դեպքից հետո Հարություն Գրիգորյանը Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ հանդիպել են ՀՀ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Գրիգոր Գրիգորյանին։ Եղեգնաձոր քաղաքի Արսենյան 5 շենքի հարակից տարածքներում, այդ թվում դեպի շենք ստանալ մոտակա ավտոճանապարհների վրա առկա է նաև ՀՀՈ Վայոց Ձորի մարզային վարչության տարածքում տեղադրված տեսախցիկները»,- ասված է Է․ Սարգսյանի դիմումում։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող` պահեստազորի մայոր` Էդգար Հովհաննիսյանի հետ։

« Ինձ հասած տեղեկությունների համաձայն, դեռևս 25.10.2019թ. Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետի գրության համաձայն, ՀՀ ՔԿ այդ ժամանակ Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետը իրազեկվել է ռազմակամ ոստիկանության ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների մասին, սակայն հետագայում քննչական գործողությունները ուղվել են այլ ուղղությամբ, ըստիս դա պայմանավորված է քաղաքական պատվերով»,- ասաց Հովհաննիսյանը։

Այսինքն՝ ամեն կերպ Տրդատ Սարգսյանին փրկե՞լ են՝ հարցրինք Հովհաննիսյանին․

«Տրամաբամությունը հուշում է, որ հարցը միայն Տրդատ Սարգսյանին փրկելու մասին չէր, այլ ամբող իշխող քաղաղաքական ուժի փրկության մասին էր, քանի որ ըստ այդմ ձեռք է բարձացվել ոչ միայն Զինված Ուժերի փոխգնդապետ` Արա Մխիթարյանի այն էլ ամբողջ Հայոց բանակի վրա»,- պատասխանեց Հովհաննիսյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image