Ալիեւը պահանջում է արցախյան առաջին պատերազմի հրամանատարների անուններն ու տվյալները

Ալիեւը պահանջում է արցախյան առաջին պատերազմի հրամանատարների անուններն ու տվյալները

Բրյուսելում կայացած՝ Ալիև- Շառլ Միշել առանձնազրույցից հետո ադրբեջանական պաշտոնական աղբյուրները գրեցին, թե ինչ հարցեր են քննարկել երկու պաշտոնյաները։ Պաշտոնական աղբյուրների հրապարակումներից  երեւում է, որ Ալիեւը անչափ գոհ է մնացել Միշելից: Ի թիվս այլ հարցերի որոշվել է. «Առաջին պատերազմում անհայտ կորած համարվող շուրջ 4 հազար մարդու ճակատագրի պարզաբանումը»։ Ի՞նչ է սա նշանակում: Ալիեւը իրենց «հարյուր տարվա մեռելների» համար պարզաբանում է պահանջում այն դեպքում, երբ մեր երեկվա գերիների հարցը համարում է փակված: Ադրբեջանին ներվում է մեկ տարի առաջ իրենց կատարած ռազմական հանցագործությունները, միջազգային տարբեր կոնվենցիաների խախտումները՝ արգելված զինատեսակների կիրառումը,  ծննդատան, հիվանդանոցների ռմբակոծությունները, տարեցների, խաղաղ բնակչության սպանությունները, ռազմագերիների կտտանքներն ու սպանությունները: Այդ մասին եռակողմ հանդիպումների ժամանակ չի խոսվում, քանի որ Հայաստանի շահերը ներկայացնող մարդ, այնտեղ, փաստացի չկա: Բայց, Ալիեւը հիշել է արցախյան առաջին պատերազմի «զոհերին» ու դրանց համար պարզաբանում է պահանջում: 

Հարցը շատ ավելի խորքային է: Ըստ «Հրապարակի» աղբյուրի, ադրբեջանական կողմը դեռեւս 2018 թ-ից ՀՀ իշխանություններից  պահանջել է արցախյան առաջին պատերազմի հրամանատարների անունները եւ մյուս տվյալները: Ըստ «օդում կախված լուրերի», հենց դա է եղել պատճառը, որ Փաշինյանը սկսեց գործեր հարուցել եւ հաշվեհարդար տեսնել այդ հրամանատարների նկատմամբ: Դա, ըստ էության, եղել է Ալիեւի ցանկությունը: Թիրախում հայտնվեցին «ծանր քաշայինները»՝ Մանվել Գրիգորյանը, Աշոտ Մինասյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Գնել Մանուկյանը եւ այլք: Սեյրան Օհանյանը եւ Գնել Մանուկյանը եղել են Խոջալուի մարտերի հրամանատարները: Մանուկյանը, ով եղել է «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատարը, իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Խոջալուի հաղթանակը՝ փետրավարի 25-ին, նվիրվել է Անդրանիկ Օզանյանին, քանի որ այդ օրը նրա ծննդյան օրն էր: Հաղթանակից հետո գեներալ Դարիբալթայանի հետ պայմանավորվածություն է ունեցել՝ Խոջալուն վերանվանել Անդրանիկավան: Մանուկյանի գլխի համար ադրբեջանական կողմը մեծ գլխագին էր խոստացել: Այդ մասին հայտարարություններ էին տարածում: Իսկ 44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանական AZE.AZ գրեց, թե իբր.«Բռնազավթված տարածքների ազատագրման ժամանակ զոհվել են արցախյանի առաջին պատերազմի 44 զինվորականներ, որոնք ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ խաղաղ ադրբեջանցիների նկատմամբ հանցագործություններ են իրականացրել»:

Հոդվածը «նվիրված էր» Գնել Մակուկյանին, ով, իբր, նոյեմբերին զոհվել է Շուշիի մարտերի ժամանակ: Հոդվածում մանրամասներ էին գրված Մանուկյանի պաշտոնի, աշխատանքի վայրի եւ գործունեության մասին: Մինչ ադրբեջանական մամուլը Մանուկյանին համարում էր Շուշիի մարտերում «լիկվիդացված», այդ ժամանակ Մանուկյանն իր տանը՝ սրտի ցավով հետեւում էր մարտական իրադարձություններին եւ իր ազատագրած տարածքների հանձնմանը: Իսկ 44-օրյա պատերազմից հետո Մանուկյանը հիվանդացավ անբուժելի հիվանդությամբ եւ մի քանի ամիս անց վախճանվեց: 2018թ-ին փաշինյանականները, ի թիվս այլ հրամանատարների, նրա նկատմամբ նույնպես հարուցել էին քրգործեր: 

Այսպիսով, Ալիեւը, պահանջելով արցախյան առաջին պատերազմի «չորս հազար զոհերի պարզաբանումը», վերահաստատում է, որ պահանջում է այդ պատերազմի հրամանատարների անունները եւ պահանջելու է նրանց պատասխանատվության ենթարկել: Ելնելով Փաշինյանի կերպարից՝ ամեն կերպ Ալիեւի ցանկություններն ի կատար ածելու «թուլությունից», կարող ենք ենթադրել, որ նա Ալիեւին կներկայացնի արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցների, հրամանատարների, իր համար անցանկալի ազատամարտիկների ցուցակը ու նրանց կհանձնի թշնամու դատին: Եթե, իհարկե, արդեն չի հանձնել: Փաշինյանից ամեն ինչ սպասելի է: Դրանով նա իր համար կլուծի կարեւոր հարց. վերջապես կազատվի Արցախի համար պայքարողներից, հայրենասերներից, որոնք մնացել են իր կոկորդին: Դա կանի, եթե, իհարկե, շարունակի մնալ երկրի ղեկին...