«Հրապարակ». Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ պետք ա անեմ, չաշխատե՞մ

«Հրապարակ». Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ պետք ա անեմ, չաշխատե՞մ

Խոսակցություններ են տարածվում, թե իշխանությունը մտադիր է Երեւանում գնալ արտահերթ ընտրությունների, որ օր առաջ քաղաքապետ դարձնի իր սրտի թեկնածուին՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Երեկ ավագանու նիստին զրուցեցինք Տիգրան Ավինյանի հետ։

- Մամուլում գրվեց, որ գործող քաղաքապետը հնարավոր է ժամկետից շուտ հրաժարական տա, որպեսզի գնաք արտահերթ ընտրությունների։ Հավանաբար, իշխանությունները շտապում են Ձեզ քաղաքապետ դարձնել։ Ի՞նչ կասեք։

- Ես կասեմ, որ մամուլում գրեթե ամեն ամիս բամբասանքի մակարդակի տարատեսակ տեղեկատվություններ հրապարակվում են, եւ ամեն ամիս ընտրությունների նոր ժամկետ է հայտարարվում։ Բայց, ընդհանուր առմամբ, մեր գործողությունների եւ, առհասարակ, մեր գործողությունների ծրագրում որեւէ էական փոփոխություն այս պահի դրությամբ չկա։

- Այսինքն՝ արտահերթ ընտրությունների պլաններ չունեք։

- Էս պահի դրությամբ միակ տեղը, որտեղից ես նմանատիպ հարցի վերաբերյալ տեղեկատվություն եմ ստացել, դա մամուլն է․․․

- Բայց, կարծում եմ, մամուլի հրապարակումները Դուք չպետք է այդքան ծանր տանեք՝ հաշվի առնելով, որ ձեր քաղաքական թիմի ղեկավարը ժամանակին մամուլի կարկառուն ներկայացուցիչ էր եւ նմանատիպ բազմաթիվ լուրեր է գրել։ Այդուհանդերձ, բացառո՞ւմ եք, որ կգնաք արտահերթ ընտրությունների, եւ Հրաչյա Սարգսյանը հրաժարական կտա։

- Ես նորից կրկնեմ՝ մենք նմանատիպ հարց չենք քննարկել, նմանատիպ օրակարգ էս պահի դրությամբ չունենք, եւ անիմաստ էլ է նման բան քննարկելը, որովհետեւ մամուլում, ասում եմ, անընդհատ տարատեսակ տեղեկատվություն կարա լինի, որի վերաբերյալ անվերջ մեկնաբանություն չեմ կարող անել։ Չկա նման խոսակցություն, նման պլան, այսպես ասած, ինչպե՞ս մեկնաբանեմ։

- Ասում են, որ անձամբ Ձեր ռեյտինգն ու Ձեր քաղաքական թիմի ռեյտինգը նվազել է, եւ հիմա փորձում են հնարավորինս նպաստավոր շրջանում գնալ ընտրությունների։ Դուք Ձեր ռեյտինգի մասով ի՞նչ կասեք։

- Մենք ունենք նմանատիպ հետազոտություններ, եւ, իրականում, ես դեռեւս մամուլում չեմ տեսել իրական թվերը արտացոլված, որոնցով իրապես խորքային հետազոտություն է հրապարակվում։ Նման թվեր չեմ տեսել, բայց մենք թվերին տեղյակ ենք։

- Ո՞ր թվերին եք տեղյակ, ձե՞ր արած հետազոտության, թե՞, օրինակ, «Գելափի» թվերին, որտեղ Ձեր ռեյտինգը բավականին ցածր է։

- Տարբեր ժամանակներում իրականացվում են նմանատիպ հետազոտություններ, եւ էդտեղ, մի քիչ ավելի, կարծում եմ, պրոֆեսիոնալ մոտեցման կարիք կա, որպեսզի հստակ հասկանաս դու էդ թվերը։ Բայց, անկեղծ ասած, օրվա ռեյտինգը շատ փոփոխական է, եւ դրա վրա մենք ուշադրություն չենք էլ դարձնում։ Եվ, անկեղծ ասած, դա էս պահի դրությամբ էական էլ չի եւ կարեւոր էլ չի։ Կարեւորն էն աշխատանքն է, որ մենք անում ենք Երեւանում եւ պարտավոր ենք անել Երեւանում՝ որպես Երեւանի քաղաքապետարանի գործադիր մարմին։

- Դուք ասում եք, որ կարեւոր չէ ռեյտինգը, բայց տարօրինակ չէ՞, որ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Դուք եք, բայց գործող քաղաքապետը Ձեզնից բարձր ռեյտինգ ունի։ Սա չի՞ խանգարի կամ վնասի հետագա ընտրարշավին։

- Նորից ասեմ՝ մենք որեւէ խնդիր չենք տեսնում ո՛չ ռեյտինգի հետ կապված, ո՛չ գալիք ընտրությունների հետ կապված։ Մենք էս պահի դրությամբ անում ենք մեր աշխատանքը եւ, անկեղծ ասած, ընտրությունների վերաբերյալ քննարկումներ էլ չունենք էս պահի դրությամբ։ Մենք հայտարարել ենք թեկնածուի մասին շատ վաղուց, բայց դրանից այն կողմ ընտրությունների վերաբերյալ որեւէ աշխատանք կամ գործողություն չենք անում։ Մենք անում ենք էն աշխատանքը, որը պետք է անենք, եւ ես, մասնավորապես, որպես Երեւանի փոխքաղաքապետ, մասնավորապես՝ շինբարեկարգման գծով, մշակույթի գծով, վարչական շրջանների համակարգման գծով, ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի գծով, եւ այս տարի գարնանն ահռելի մեծ ծավալի աշխատանքներ ունենք նախատեսած։

- Ձեզ քննադատում են, որ Դուք, օգտագործելով պաշտոնը, լատենտ ձեւով նախընտրական քարոզարշավ եք իրականացնում։ Ճիշտ է, Դուք ասում եք, որ փոխքաղաքապետ եք, եւ դա Ձեր պարտականությունների մեջ է մտնում, բայց, միեւնույն է, Ձեր արած ֆոտոսեսիաները, տարբեր հրապարակումները, հանդիպումներն ավելի շատ չհայտարարված քարոզարշավի են նմանվում։ Եվ հիմա Դուք, փաստորեն, առավելություն ունեք մյուս՝ դեռեւս չհայտարարված թեկնածուների նկատմամբ։

- Ես էս հարցին բազմաթիվ անգամ պատասխանել եմ։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ պետք ա անեմ, չաշխատե՞մ։ Այսինքն՝ էն, ինչը որ բավականին մեծ ծավալի աշխատանք եւ պարտականություններ ունեմ ես իմ վրա դրված, ձեռներս ծալեմ նստե՞մ, ինչ է թե որոշ լրատվամիջոցներ կարող են դա որակել որպես քարոզարշավ։ Ես կարծում եմ՝ դա սխալ կլինի իմ կողմից, եւ էն, ինչը ես պարտավոր եմ անել, իսկ ես պարտավոր եմ անել շատ բաներ՝ մեծ ծավալի պարտականություններ ունեմ, ես փորձում եմ իրականացնել, հուսով եմ՝ լավ եւ պատշաճ ձեւով, եւ հուսով եմ՝ էդ աշխատանքը գնահատվում է։