Ղարաբաղցի քաղհան անող կնիկը Հայաստանի նախարարից ուժեղ է. ռումբ է պայթելու

Ղարաբաղցի քաղհան անող կնիկը Հայաստանի նախարարից ուժեղ է. ռումբ է պայթելու
Արդեն տեւական ժամանակ է, ինչ Արարատի մարզի համայնքներում հողերի քանդման աշխատանքներ են տարվում եւ հանվում են 1200 մմ տրամագծով խողովակաշարեր: Քանի որ Լոռու մարզում ժամանակին նման դառը փորձ եղել է, որ խորհրդային տարիների խողովակները գողացվել, թալանվել են, ու այդպես էլ գողացողները «չեն բացահայտվել», բանականաբար՝ նաեւ չեն պատժվել, մենք, գնալով խողովակի հետքերով, փորձեցինք հասկանալ, թե ով եւ ուր են դրանք տանում:



Քանդման աշխատանքները նախ կատարվում էին Նոր Խարբերդ համայնքում: Մեզ հետ հեռախոսազրույցում համայնքի ղեկավար Կամո Կակոյանն ասաց, թե դրանք «Նաիրիտ» գործարանինն են, համապատասխան թուղթ են բերել ու տարել: Քանդման աշխատանքները տասն օրից ավելի է՝ հասել են Այնթապ համայնք՝ «Ջրահարս» հանրային սննդի օբյեկտի տարածք:



Մի քանի օր առաջ Այնթապի ղեկավար Կարեն Սարգսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքն արգելել է քանդման աշխատանքները, քանի որ դրանք ապօրինի են կատարվում, իրեն ոչ ոք չի դիմել, քանդման թույլտվություն իրենից չեն վերցրել եւ, հետեւաբար, դրանց մասին համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել: Ըստ համայնքի ղեկավարի՝ երբ իրենց աշխատողները մոտեցել են քանդումն իրականացնող աշխատակիցներին, վերջիններս թողել հեռացել են տարածքից: Ու չնայած խողովակները տասն օրից ավելի հանվել էին, դրանք մնում էին տեղում: Մարտի մեկին տարածքում կրկին կանգնած էին մեծ բեռնատար ավտոմեքենաներ, վերամբարձ կռունկ, եւ խողովակները բարձում էին, որպեսզի տանեն: Մեր հարցին, թե ովքեր են իրենք, ինչի հիման վրա եւ ուր են տանում խողովակները, ներկաներից մեկն ասաց, որ ինքը «Վարթ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Գագիկ Ղազարյանն է, եւ որ իրենց ընկերությունը պայմանագիր ունի Լեռնային Ղարաբաղում գրանցված «Էներգո-սթար» ՓԲԸ-ի հետ, որի հիման վրա էլ քանդում-հանում են խողովակները: Ըստ Ղազարյանի՝ «Էներգո-սթարը» «Նաիրիտ» գործարանից գնել է այդ խողովակները: Պարզվում է, սակայն, որ Ղազարյանի նշված պայմանագիրը նախ ժամկետանց է, քանի որ այնտեղ նշված է, որ աշխատանքները պետք է կատարվեն 15.11.2017- 29.12.2017-ը: Բացի այդ՝ պայմանագրում նշված է, որ քանդման աշխատանքները պետք է տարվեն Խարբերդ համայնքի տարածքում: Այնուհետեւ Ղազարյանն արդարացավ՝ չի իմացել, որ դա Այնթապի տարածքն է: Քիչ անց էլ մեկ այլ պատճառաբանություն բերեց, թե դիմել է Այնթապի գյուղապետին, բայց նա թույլտվություն չի տալիս: Ուստի, ստիպված, առանց թույլտվության է անում: Ճշտող հարցին, թե իրենք դիմե՞լ են գյուղապետին, Ղազարյանը պատասխանեց՝ զանգել եմ, հեռախոսը չի վերցնում: Այդ պահին տարածքում էին նաեւ համայնքապետարանի աշխատակիցները, ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակից, փոխգնդապետ Պետրոս Մուրադյանը: Խողովակների բարձումը դադարեցվեց, բարձված խողովակները բեռնատարից ետ իջեցվեցին: Սակայն Գագիկ Ղազարյանը բավական ինքնավստահ ասաց. «Մեկ է՝ վաղը վերեւից էնպիսի մարդ է զանգելու, որ գալու ենք տանենք, ռումբ է պայթելու»: Հարցին, թե ով է վերեւից զանգելու, ով է ռումբ պայթեցնելու եւ, վերջապես՝ ով է կանգնած այս գործի ետեւում, Ղազարյանը բազմանշանակ ասաց. «Ղարաբաղցի քաղհան անող կնիկն էլ Հայաստանի նախարարից ուժեղ է»: Մեր ճշտող հարցին՝ այսինքն, զանգողը ղարաբաղցի՞ է լինելու, զրուցակիցս ասաց. «Դե, արդեն ասացի, էլի…»:



Մենք դարձյալ զրուցեցինք Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանի հետ: «Թույլտվության համար ինձ պատշաճ կարգով չեն դիմել, անհրաժեշտ փաստաթղթեր չեն ներկայացրել, որոնք հիմավորեին, թե այդ խողովակներն ում են պատկանում: Մի երկու թուղթ են ներկայացրել, որոնցից մեկը ժամկետանց է: Մյուսն էլ ձեւական ինչ-որ առքուվաճառքի պայմանագիր է, որը նույնպես հիմնավորված չէ: Եվ ամենակարեւորը՝ այդ խողովակների համար երբեւէ չի եղել սերվիտուտի պայմանագիր համայնքապետարանի հետ: Մի խոսքով՝ բոլորն օդում բերված հիմնավորումներ են: Մեր համայնքի հողատարածքն ապօրինի ձեւով քանդում են ու այդտեղից բաներ են տանում: Դա շատ նման է գողության, դրա համար էլ թույլ չեմ տալիս շարունակել քանդման աշխատանքները եւ այնտեղից որեւէ բան տանել»,- ասաց Այնթապի համայնքապետը:



**ՀԳ**․ Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ բնակիչներից ահազանգ ստացվեց, որ տարածքից երեք խողովակ արդեն տարել են:



**Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ**