ՀՀ-ն դիմակայում է էթնիկ հայերի արտասավոր հոսքին, մեծ ճգնաժամ է․ քննարկում՝ ՄԱԿ-ում

ՀՀ-ն դիմակայում է էթնիկ հայերի արտասավոր հոսքին, մեծ ճգնաժամ է․ քննարկում՝ ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի այսօրվա քննարկման ժամանակ ելույթ են ունեցել Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արագ տեղակայման մշտական խմբի ղեկավար Մարկո Սուչին՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ:

«Այս փոքրիկ, բայց տոկուն երկիրը դիմագրավում է սահմանից այն կողմ գտնվող էթնիկ հայ փախստականների հանկարծակի և զանգվածային հոսքին, որը չորս օրվա ընթացքում ընդունեց ավելի քան 100,000 մարդու», ՄԱԿ-ի քննարկման ժամանակ այսօր ասել է Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը, փոխանցում է Ամերիկայի Ձայնը-ը։

Նա նաև ասել է, թե երկիրն «ամեն ինչ անում է», սակայն «ճգնաժամը շատ մեծ է»։ 
Բացի այդ, պաշտոնյան անդրադարձել է անցյալ շաբաթ Ստեփանակերտի մոտակայքում մարդաշատ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի զոհերին և «սարսափելի այրվածքներով» տուժածներին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արագ տեղակայման մշտական խմբի ղեկավար Մարկո Սուչին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը «արտասովոր» է անվանել, իսկ Ստեփանակերտը բնութագրել որպես ամայի քաղաք:

«Դա արտառոց իրավիճակ է, այն, ինչ մենք տեսանք, մեր գործընկերները գտան՝ սյուրռեալիստական տեսարան է: Ժամանակին աշխույժ քաղաքն այժմ ամբողջովին ամայի է, նույնիսկ թեև, հիմնական էլեկտրաէներգիան և ջուրը դեռ կան: Քաղաքում մնացել է մի քանի հարյուր մարդ»,- հավելել է նա։