Եթե ՀՀԿ-ն մնաց իշխանության, Հայաստանն ուղղակի կկործանվի. Սարգիս Ավետիսյան

Եթե ՀՀԿ-ն  մնաց իշխանության, Հայաստանն ուղղակի կկործանվի. Սարգիս Ավետիսյան

«Մեր գոյության արդարացումը կայանում է նրանում, որ երբ կունենանք ակտիվ գործելու հնարավորություն․․․ բոլոր լրատվամիջոցները փակ են մեր համար, երբ ես հրավիրում եմ ասուլիս, մեկ-երկու կայք է գալիս։ Այսինքն՝ փակված է, թույլ չեն տալիս, որպեսզի մեր գաղափարները տարածենք»․- Սարգիս Ավետիսյանի խոսքերն են, ով համարում է, որ Հայաստանում գործում է բռնատիրական ռեժիմ։



Hraparak.am-ը շարունակում է ներկայացնել «Հայտնի» կուսակցությունների անհայտ գործունեությունը շարքը։ Մեր զրուցակիցը «Համերաշխություն» շարժման համակարգող, «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն է։ Տեղեկացնենք, որ կուսակցությունը ստեղծվել է 2003 թվականին, այս պահին, ըստ կուսակցության նախագահի, անդամակցողների թիվը հասնում է 4 հազար 853-ի։ Կուսակցության նախագհն այս տարի «Ծառուկյան» դաշինքի «տանիքով» անհատական մասնակցել է ընտրություններին, սակայն հաջողության չի հասել, նախորդ ընտրություններին նույնպես մասնակցություն են ունեցել ԲՀԿ-ի հետ, բայց կրկին անպտուղ։ Սակայն 14 տարեկան կուսակցությունը չի հիասթափվել, շարունակելու են իրենց մի «մի փոքր» անհայտ գործունեությունը։



«Մենք հիմա ակտիվ որևէ գործունեություն չենք ծավալում, քանի որ ընտրությունները նոր են վերջացել, հիմա հանգստի փուլում ենք, ինչպես բոլոր կուսակցությունները։ Ուղղակի ակտիվը քննարկում է տարբեր տեսակի ծրագրեր, ինչով պետք է առաջնորդվի և ինչ պետք է անի»․- նշում է Սարգիս Ավետիսյանը։



Խոսելով կուսակցության ծրագրերի և գաղափարախոսության մասին` Սարգիս Ավետիսյանը կարծիք հայտնեց, թե մեր հասարակությունը դեռևս քաղաքական առումով չի հասունացել այն աստիճան, որ սոլիդարիզմն ընդունի որպես գաղափարախոսություն․ «Եթե կուսակցությունը չունի «իզմ», այսինքն չունի գաղափարախոսություն, դա կուսակցություն չի, դա կուսակցության նման մի ինչ-որ երևույթ է։ «Համերաշխություն» կուսակցությունն ունի գաղափարախոսություն, որը կոչվում է սոլիդարիզմ։ Սոլիդարիզմը 21-րդ դարի գաղափարախոսություն է, որն ընդունվում է առաջադեմ մարդկության կողմից, Եվրոպայի կողմից։ Այն իր բոլոր որակներով գերազանցել է և սոցիալիզմին, և լիբեռալիզմին։ Մենք միակ սոլիդարիստական կուսակցությունն ենք Հայաստանում։ Եվ երևի թե մեր թերությունն էլ այն է, որ մենք չենք կարողանում լավ մատուցել մեր հասարակությանը, որովհետև շատ պարզ պատճառ կա, ամբողջ լրատվական դաշտը, բացառությամբ մի քանիսի, վերահսկվում է կոնկրետ ուժերի կողմից և նրանց ձեռնտու չի, որ գաղափարական ուժերն ի հայտ գան և Հայաստանում ինչ-որ բան փոխվի, անպայման պետք է լինեն ուժեր, որոնք իրենց ենթակայության տակ են, մենք դրա մեջ չենք մտնում»։



-Պարոն Ավետիսյան, ո՞ւմ է ուղղված Ձեր սոլիդարությունը հարևան երկրների՞ն, այլ քաղաքական ուժերի՞ն, թե՞․․․



-Սոլիդարությունը, համերաշխությունը որպես մի յուրատեսակ գաղափարախոսություն, վերաբերում է բոլոր ոլորտներին, համերաշխություն՝ ընտանիքից սկսած մինչև պետություն, շրջապատող մեր պետություններին և ամբողջ աշխարհին։ Եթե աշխարհում բոլորը գնան համերաշխության ճանապարհով, կարծում եմ, աշխարհում որևէ պատերազմ չի լինի, և դա կլինի մեր փրկությունը։



-Պարոն Ավետիսյան, ինչ-որ ծրագրեր ունե՞ք առաջիկայում, ի՞նչ գործունեություն եք իրականացնելու։



-Մենք որպես արտախորհրդարանական քաղաքական կուսակցություն և բավականին կառույցներով հագեցած․․․ ես Ձեզ ասեմ, որ այն եզակի կուսակցություններից ենք, որ Երևանում գրասենյակ չունենք, բայց մարզերում ներկայացված ենք, բոլոր մարզերում մարդիկ ունենք։ Համայնք չկա, որտեղ մենք անդամներ չունենանք։ Մենք շատ լուրջ հիմա մտածում ենք այդ ուղղությամբ, արդեն սկսել են խորհրդակցություններ։ Թույլ տվեք չասել որ կուսակցությունների հետ, բայց առաջիկայում մենք կհայտարարենք արտախորհրդրանական մի լուրջ միավորման մասին, որը այնքանով լուրջ կլինի, որ այս իշխանությունների հետ որևէ գործարքի մեջ չի մտնի և կանի այն, ինչ-որ մեր հասարակությանը պետք է։ Եթե ՀՀԿ-ն, որն արդեն կուսակցություն էլ չի, դա խմբավորում է, եթե մնաց իշխանության, Հայաստանն ուղղակի կկործանվի։ Որպեսզի Հայաստանը չկործանվի, նրանց պետք է հեռացնել իշխանությունից։ Հեռացնելու համար պետք է որոշակի քայլեր անել։



-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ԱԺ-ում հայտնված քաղաքական ուժերին, ՀՀԿ-ին հակակշիռ որևէ ուժ տեսնո՞ւմ եք այնտեղ։



-Բացարձակապես, ոչ։



-Նույնիսկ «Ծառուկյան դաշինքի՞ն», որի հետ համագործակցել եք։



-Այո, մենք սատարել ենք Ծառուկյան դաշինքին, բայց Դուք տեսաք, թե ինչ կատարվեց «Ծառուկյան դաշինքի» հետ, և այսօրվա դրությամբ բացարձակապես հայտնի չէ, թե այդ քաղաքական ուժն ինչ է այնտեղ ներկայացնում, ինչի համար է այնտեղ։ Ինչ վերաբերում է մյուս երկու կուսակցություններին, ես նրանց բացարձակապես ընդդիմություն չեմ համարում։ Շատ պարզ է, շատ հայտնի է քաղաքական շրջանակներում, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ով է Էդմոնը Մարուքյան և ով է Արամ Սարգսյանը, և ում կողմից էին նրանք հովանավորվում և ինչպես նրանք հայտնվեցին ԱԺ-ում։ Հետևաբար՝ նրանց մասին խոսելն ավելորդ է։ Եթե այս ռեժիմը շարունակում է գոյատևել, որևէ քաղաքական ուժի մասին դուք չեք լսի, դուք կլսեք այսպիսի խամաճիկ ԱԺ-ի մասին և մարդկանց մասին, որոնք քաղաքականությունից ընդհանրապես ոչինչ չեն հասկանում։