Զորի Բալայանը վստահ է` «Արմենիա» նավի առաքելությունն ավարտված չէ

Զորի Բալայանը վստահ է` «Արմենիա» նավի առաքելությունն ավարտված չէ

2009թ. մայիսի 28-ին իսպանական Վալենսիա նավահանգստից մեկնարկած «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտվեց 2011թ․ օգոստոսի 5-ին՝ Մխիթարյան միաբանության մատույցներում: 2011թ․ սեպտեմբերից էլ «Արմենիա» նավը կայանված է Սուրբ Ղազար կղզում։ Նավի ճակատագրի, վաճառքի մասին վերջին տարիներին պարբերաբար խոսակցություններ են շրջանառվում, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ է լինելու նրա ճակատագրի հետ, որն արժեցել է մոտ 900 հազար դոլար:



Ինչպես արշավախմբի ղեկավար, գրող, հրապարակախոս Զորի Բալայանն է ընդգծում՝ «Արմենիա» նավը շարունակում է մնալ Սուրբ Ղազար կղզում. «Մեր շուրջերկրյա ճանապարհորդության ֆինիշն այնտեղ է եղել, եւ միշտ կարծել ենք, որ շուտով կկարողանանք նավը տեղափոխել, բայց մի հարց կա՝ եթե չբերենք Հայաստան, հնարավոր է կորցնենք այդ գլուխգործոցը»։ Թե ինչու նավը չեն տեղափոխում Հայաստան, Զորի Բալայանը նկատում է, որ իրենց շուրջերկրյա ճանապարհորդությունը չի համարում վերջացած, քանի դեռ Սուրբ Ղազար կղզուց եւ Վիեննայից չեն բերել հայկական ամենամեծ մագաղաթե ձեռագրի՝ Մշո Ճառընտիրի (1200թ. ) 604 մագաղաթե թերթերից պակասող 18 թերթը, որից 17-ը գտնվում է Սուրբ Ղազար կղզում, իսկ մեկը՝ Վիեննայի թանգարանում։ Դա իր վաղեմի երազանքն է, որի իրագործմանը հավատում է։



Հիմա փորձում են այդ հարցը լուծել, քանի որ իրենց առաքելությունն ավարտված կհամարեն միայն դրանից հետո։ «Մենք միշտ ուզեցել ենք հայկական նավով, որը պատմության մեջ հայտարարել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը, բերել այդ պակասող մագաղաթներն ու միավորել մայր գրքին, որը գտնվում է Մատենադարանում։ Դա կլինի գեղեցիկ եւ արդար»,- ասում է Բալայանն ու նշում, որ եթե «Արմենիա» նավը բերեն, ապա՝ էջերի հետ միասին, իսկ մագաղաթի էջերի շուրջ կողմերի հետ դեռ բանակցություններ են տանում, որը, կարծում է, շուտով կհանգուցալուծվի. «Ահա, դա էլ կլինի երկար ու վերջնական ֆինիշը։ Այս արանքում ընդմիջումը երկար տեւեց, որովհետեւ խոսք են տալիս, ու անընդհատ ձգձգվում է դրանք վերցնելու պրոցեսը։ Ես էլ անընդհատ վախենում եմ, որ կգնամ այն աշխարհ՝ այդ հարցը չլուծելով։ Շատ եմ մտահոգված այդ առումով, բայց բոլոր դեպքերում մենք վախ չունենք ու այդ էջերը պետք է բերենք»։



Որոշ ժամանակ առաջ խոսակցություն էր շրջանառվում, որ հնարավոր է նավը վաճառվի, քանի որ առկա են նաեւ պահպանության խնդիրներ։ Այս առումով Զորի Բալայանն ասաց. «Նրանք կարող են առհասարակ այնպիսի մի բան անել, վերցնել նավը եւ չտալ, եթե մենք տեր չկանգնենք, բայց վաճառելու հարց չկա, առավել եւս՝ վաճառել եւ այդ գումարը գրպանը դնել։ Դա պետական է, թեեւ պետությունը ոչ մի կոպեկ չի տվել, դա նախագահ Սերժ Սարգսյանն էր կազմակերպել իր նախագահության առաջին տարում, եւ 3 հոգի էլ աջակցել էին՝ Գագիկ Ծառուկյանը, Ռալֆ Յիրիկյանը եւ Հրանտ Վարդանյանը։ Մենք պետությունից ոչ մի կոպեկ չենք վերցրել, եւ սա մերն է։ Հիմա պետք է բերենք ու դարձնենք պետությանը։ Այն պետք է լինի Սեւանում, նրա մասերը պողպատից են, ու այդ նավը հազար տարուց ավել ապրելու է, մանր-մունր բաները կարելի է ժամանակ առ ժամանակ փոխել, բայց իր բազան շատ լավն է ու ամուր»։ Նա ընդգծում է, որ «Արմենիա» առագաստանավը կտրել-անցել է 3 օվկիանոս, 5 մայրցամաք, կանգ է առել 23 պետությունում, անցել 42 հազար մղոն եւ 2 անգամ հատել է հասարակածը։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ