«Հրապարակ». Փաշինյանը մտադիր է չեղարկե՞լ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը 

«Հրապարակ». Փաշինյանը մտադիր է չեղարկե՞լ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը 

Հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական Միության գագաթնաժողովում, ինչպես հայտնի է, հանդիպելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Հանդիպմանը մասնակցելու են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Հանդիպման նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի օր առաջ մեկնել է Բրյուսել: Օրակարգը դեռեւս հայտնի չէ, բայց վերջին օրերին անհանգստացնող տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Գրանադայում սպասվող հնգակողմ հանդիպման օրակարգի առանցքային հարցերից մեկը, եթե ոչ առանցքային հարցը, լինելու է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի չեղարկումը՝ այդպիսով Ռուսաստանին զրկելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունը վերահսկելու  հնարավորությունից։

Հիշեցնենք, որ 9-րդ կետով նախատեսվում է․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի միջեւ համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»:

Սա, ըստ էության, լինելու է ՀՀ իշխանությունների կողմից վարվող հակառուսական քաղաքականության  հերթական դրսեւորումը, որով ՌԴ-ին փորձելու են մեկ քայլով էլ դուրս  մղել Հարավային Կովկասից։ Բայց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբակի արկածախնդրությունը կարող է ծանր հետեւանք ունենալ Հայաստանի եւ հայերի՝ իր կողմից վերջին օրերին թմբկահարվող անկախության եւ ինքնիշխանության վրա, քանի որ կան կանխատեսումներ, որ ՌԴ-ն հեշտորեն չի լքի Կովկասը, եւ  9-րդ կետը կիրագործվի ուժով, հնարավոր է` անգամ պատերազմով։

«Մեծ հաշվով, ՌԴ-ին հասնում է»,- երեկ մեր հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, հիմնավորելով․ «Ռուսներն էին, չէ՞, ասում՝ Նիկոլը դավաճան չի, ռուսներն էին, չէ՞, փայփայում, 2021 թվականի ընտրությունների ժամանակ իրեն պաշտպանում, ընդդիմադիրների շարժման ժամանակ Լավրովին ու Վոլոդինին ուղարկում Հայաստան՝ ՀԱՊԿ-ի նիստ անելու, ռուսներն էին, չէ՞, օրը տասն անգամ ասում «շնորհակալություն», իրանք իրար հետ լավ էլ չաշկա-լոժկա էին անում, դե թող հիմա... Ինձ բացառապես հետաքրքրում է ՀՀ պետական շահը, հիմա Արցախ չկա, ՀՀ-ի շահն է հետաքրքրում, իսկ ռուսների տաքացրած օձն իրենց կծում է»։

Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական «կուրտիզանուհի». «Երկիրը սարքել է աշխարհաքաղաքական պուտանկա, սաղին խոստացել է։ Նիկոլը Հայաստանի վկայականը ծախել է բոլոր կողմերին՝ միաժամանակ, հիմա էդ կադաստրի վկայականի հետեւից միաժամանակ ռուսն էլ է եկել, թուրքն էլ, պարսիկն էլ, ամերիկացին էլ։ Հիմա միաժամանակ բոլորին ո՞նց է տալու: Պարզ է, չէ՞, մեկին գցելու է, մյուսին՝ տա։  Հիմա էլ ասում եմ՝ պատերազմով է տալու, խաղաղ չի լինելու, որովհետեւ միաժամանակ բոլորին է խոստացել, ում գցի, նա էլ կպատժի, երկուսին կգցի` երկուսն էլ միաժամանակ կպատժեն։ Նիկոլ Փաշինյանի «ինքնիշխան» քաղաքականության արդյունքում Հայաստանից մնալու է 10 հազար քառակուսի կիլոմետր»:

Շարմազանովը կրկին պնդեց, որ հայ-ռուսական դաշնակցությանն այլընտրանք չկա, այլընտրանքը Թուրքիան է. «Ֆրանսիան գուցե մեզ շատ է սիրում, բայց կենացներից բացի ուրիշ բան չի կարող անել: Անող է՝ թող գնա Կիպրոսի՝ թուրքի կողմից օկուպացված 40 տոկոսը փրկի: Ընդհանրապես, Արեւմուտքը, ԵՄ-ն փրկող են, թող գնան՝ Կիպրոսը փրկեն թուրքից, որն իրենց ԵՄ անդամ է, երբ փրկեն, մենք էլ կընդունենք իրենց աջակցությունը, բայց ես մեռա ասելով, որ Արեւմուտքի նպատակը ռուսներին այստեղից ռադ անելն է, որից հետո թուրքերը կգան։ Էրդողանն էլ թողնելու է, որ ֆրանսիացիները գա՞ն, առը հա, ասելու է` ես ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունեմ, ի՞նչ ֆրանսիացի, ես եմ լինելու: Որ ասում եմ` Հայաստանը տանում են թուրքացման, ասում են` պաշտոն, տո թքել եմ ձեր պաշտոնի վրա էլ, պաշտոն էլ ենք ունեցել ու ձեր նման չենք օգտագործել, որ գնացել եք՝ պուտանկի նման սրա-նրա կոշիկներն  եք պաչել, մենք մեր պաշտոնը պետության համար ենք օգտագործել»։

Շարմազանովի կարծիքով՝ իշխանական թեզն է, թե Ռուսաստանն է միջանցք ուզում․ «Տո ստի մե՞րը, թե Ռուսաստանն ա միջանցք ուզում, ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը չէ՞ր, որ այստեղ Նիկոլի հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարեց, որ Ռուսաստանն էքստերիտորիալ միջանցքին դեմ է, բա թող կանգնեին, ասեին` սուտ ա։ Հայ-ռուսական դաշնակցությունը քանդելը ծրագիր է»,- եզրափակեց Շարմազանովը։