Կոռուպցիայի դեմ պայքարը սկսելու է իր հիվանդանոցից

Կոռուպցիայի դեմ պայքարը սկսելու է իր հիվանդանոցից
Առողջապահության եւ կրթության ոլորտում ահագնացող կոռուպցիայի դեմն առնելու ու երեւույթը արմատախիլ անելու վերաբերյալ վարչապետի «սենսացիոն» հայտարարությունն անմիջապես ընթացք ստացավ կադրային փոփոխություններով: Կրթության եւ գիտության նախարարությունում մի նոր փոխնախարար նշանակվեց, աշխատակազմի ղեկավարը փոխվեց, իսկ առողջապահությունում երկու փոխնախարար եւ աշխատակազմի ղեկավարը աշխատանքից հեռացվեցին, փոխնախարարներ նշանակվեցին  ԾԻԳ-ի պետ Սերգեյ Խաչատրյանը, ով համարվում է նախարար Քուշկյանի մարդը, եւ կարկառուն ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդին՝ Տիգրան Սահակյանը: Նա ԱՆ կրթության եւ գիտության վարչության պետն էր:



Տեղեկություններ կան, որ վերջինիս նշանակմամբ ոչ կարկառուն ՀՀԿ-ական վարչապետը հաճոյացավ ավագ  կուսակից Գալուստ Սահակյանին՝ ընտրության շեմին որոշ ցանկություններ սահուն անցկացնելու համար: Նշենք, որ վարչապետը հանձնարարել էր ներկայացնել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ծրագիր, որի շուրջ  էլ զրուցեցինք առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ:



- Պարոն Քուշկյան, կոռուպցիայի դեմ պայքարի ի՞նչ մեխանիզմներ եք մշակել:



- Համալիր ծրագիր է մշակվել: Հիմնական ուղղությունը բնակչության առողջապահական ծառայությունների տրամադրման գործընթացների բարելավումն է: Մյուս ուղղությունը՝ առողջապահության նախարարության աշխատակազմում հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրումը: Առողջապահության ոլորտի թափանցիկության հանրային իրազեկման մակարդակի բարձրացում եւ առողջապահության բնագավառի արդյունքների գնահատում, մոնիտորինգ: Կոռուպցիայի մասին հայտարարությունը վերաբերում էր համակարգին, որտեղ տարիներ շարունակ կար այն: Մենք պարտավոր ենք այդ թերությունները քայլ առ քայլ վերացնել, որովհետեւ այդ խնդիրներն առաջացել են ոչ թե այսօր ու երեկ, այլ տարիներ առաջ: Դարձել են, կարելի է ասել, ոչ ցանկալի ավանդույթներ: Բայց դրանով է պայմանավորված եղել բժիշկ-հիվանդ հարաբերությունները:



- Կոռուպցիան կանխելու համար ինչպե՞ս եք վերահսկելու բժիշկ-հիվանդ հարաբերությունները:



- Անմիջական հսկելը շատ դժվար է, որովհետեւ բժիշկները շատ են, ցավոք, հիվանդներն էլ են բազմաթիվ: Եվ ամեն վայրկյան հետեւենք, թե ամեն մեկն ինչով է զբաղված, արդյունավետ չի լինի: Դրա համար մենք ունենք ծրագրային մոտեցումներ, այսինքն, մենք քաջ հասկանում ենք՝ ինչից են բխել այդ ծառացած խնդիրները, որոնք պարտավոր ենք  եւ պետք է կարողանանք լուծել:



- Ինչի՞ց են բխել:



- Դե, ֆինանսական համակարգի ոչ ճկուն լինելուց, ֆինանսական ոչ նոր մեխանիզմների ներդրումից, խրախուսման մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունից: Բազմաթիվ փոփոխություններ, որ մենք պետք է անեինք, հիմա չեմ ուզում նշել՝ որ տարիներից է սկսվել, որ փոփոխություններն ավելի շուտ կարելի էր սկսել ու այսօր ավելի մեծ արդյունքի հասնել: Բայց հիմա մեր օրով է, եւ մենք կփորձենք ինչ որ պահանջվում է հանրության կողմից, իրականացնել, ինչը, բնականաբար, մի օրվա մեջ չի արվում: Էդ ամեն ինչի հիմքում պետք է դրվի մի բան. ոչ միայն ֆինանսական ուղղվածությունը, այլ բուժօգնության որակի բարձրացում եւ մատչելիության բարելավումը՝ առաջին հերթին սոցիալապես անապահով խավերի համար:



Դրա համար էլ մի շարք բարեփոխումներ արել ենք եւ անում ենք: Եվ հիմքում, իհարկե, պետք է լինեն նպատակային հատկացումների բաշխումը, ֆինանսների էլ ավելի նպատակային ուղղվածությունը, որպեսզի մենք կարողանանք այդ ծրագրերն իրականացնել ու բարձրացնել բուժաշխատողի  աշխատավարձն ու նրանց տարեցտարի հեռու պահել ստվերային երեւույթներից: Բարեփոխումները հենց դրան էլ ուղղված են:



- Կոռուպցիայից զերծ չէ նաեւ Ձեզ պատկանող «Էրեբունի» բժշկական կենտրոնը: Այստեղ ի՞նչ եք պատրաստվում անել: Օրինակ ծառայելու համար ճիշտ չէ՞ր լինի սկսել հենց Ձեզ պատկանող հիվանդանոցից:



- «Էրեբունին», իմ ենթադրությամբ, հատկապես նշվում է նրա համար, որ իմ ենթակա հիվանդանոցն է: Բայց նույն խնդիրները, որոնք «Էրեբունիում» են առկա, կան նաեւ մյուս բուժհիմնարկներում: Իհարկե, դա արդարացնող հանգամանք չի, իմ համար շատ ավելի պարտավորեցնող է, քանի որ իմ հիվանդանոցն է եւ թաքցրած էլ չի եղել: Այո, ես ամենախիստ պահանջները դնում եմ ինձ ենթակա հիվանդանոցներում, որպեսզի օրինակ ծառայեն, որ որեւէ մեկի մտքով չանցնի, որ  եթե դա Քուշկյանի հիվանդանոցն է, ուրեմն առավելություն ունի: Եթե ես առաջինը չկիրառեմ իմ հիվանդանոցներում, ես չեմ կարող մյուսներից պահանջել:



- Ամեն դեպքում, ի՞նչ մեթոդով եք վերահսկելու՝  տեսախցիկնե՞ր եք տեղադրելու, բուժանձնակազմի աշխատավա՞րձն եք բարձրացնելու:



- Չէ, տեսախցիկներ չենք դնի: Մենք ունենք մեր վերահսկողությունը, մոնիտորինգը, հասարակական կարծիքը, հանդիպումներ ենք ունենում հասարակական, միջազգային կազմակերպությունների հետ: Հետեւում ենք հարցումներին եւ տեսնում՝ ազգաբնակչությունը գոհ է մեզանից, թե չէ: Թե չէ ամեն մեկին առանձին  հնարավոր չի վերահսկել: Այստեղ շատ կարեւոր է ոչ միայն ֆինանսական, այլ բուժական գնահատական ստանալը: Վերահսկողությունը նրա մեջ է, որ բարեփոխումները պետք է սկսել վերեւից ներքեւ՝ նախարարությունից սկսած: Բայց պետք չէ դիտարկել, որ բոլորը վատն են: Ոչ, ուղղակի պետք է կարողանանք ժամանակին համահունչ նոր մեխանիզմներ կիրառենք, որպեսզի արդյունքի հասնենք:



- Անվճար ծննդօգնությունը իբրեւ բարեփոխում էր ներկայացվում, սակայն շարունակվում է դրամաշորթությունը:



- Ես չեմ ասում անվճար ծննդօգնությունը այսօր Հայաստանում փայլուն մակարդակի վրա է, մենք բազմաթիվ ահազանգեր ունենք, որ շարունակվում է, ահազանգեր ունենք, որ հիվանդանոցում ապօրինի գանձում է կատարվել, կամ ստիպում են՝ գումար մուծի: Բայց պետք է փաստել, որ այդ ուղղությամբ հսկայական քայլ կատարվեց, հազարավոր մարդիկ անապահով խավից կարող են հանգիստ մտնել ծննդատուն, ոչ մի բան չմուծեն: Բայց քայլ առ քայլ մենք կփորձենք ավելի մաքրենք այդ գործընթացը եւ քայլեր կատարել ուրիշ ոլորտներում, որոնք աննախադեպ էին, ու ոչ ոք չէր կատարել:



- Պարոն նախարար, վարչապետի հայտարարությունից հետո երկու փոխնախարարը եւ աշխատակազմի ղեկավարը աշխատանքից հեռացվեցին: Դա հակակոռուպցիոն ծրագրի շրջանակո՞ւմ էր:



- Գիտեք ինչ, կադրային փոփոխություններ մեր նախարարությունում պատրաստվում ենք անցկացնել` ոչ  հատուկ կապված հակակոռուպցիոն միջոցառումների հետ: Ուղղակի ես խստապահանջ եմ իմ առջեւ դրված խնդիրների նկատմամբ, որոնք դրված էին առողջապահության նախարարությունում, պահանջում եմ մանրակրկիտ ու բարձր որակի աշխատանք:



Պարզ ասեմ, ամեն մարդ չի կարողանում լիարժեք կատարել, ոչ թե կոռուպցիոներ է՝ դրա համար, ուղղակի ես բարձր պահանջներ ունեմ, որոնցով պետք է կարողանաս ոլորտը հանես դժվարություններից: Դրա համար էլ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Մենք բազմիցս կրկնել ենք, որ նրանք իրենց դիմումի համաձայն են ազատվել, շատ մարդիկ զարմանում են՝ բա ինչի՞ իրենց դիմումի: Հիմա գրել, ազատվել, գնացել են: Աշխատակազմի ղեկավարը երկու անգամ նշանակվել է, բավական էր, մարդն անցել է ուրիշ գործի: Եթե հակակոռուպցիոն միջոցառումներն էլ չլինեին, կադրային փոփոխությունները պարտադիր լինելու էին:



- Պատճառը լարված հարաբերություննե՞րն էին: Փոխնախարար Թաթուլ Հակոբյանը հաստատել էր, որ Ձեզ հետ լարվածություն կար:



- Ես չգիտեմ ում հանդեպ ինչ լարվածություն կար: Ես լարվածություն չեմ տեսնում, ես նկարագրեցի, թե ինչ եմ պահանջում իմ աշխատողներից: Եթե մեկը դրանից լարվում է, իր անձնական պրոբլեմն է: Մենք այսօր ունենք արդեն երկու փոխնախարար:



- Կարծում եք, որ նորեկների հետ հաջողությա՞մբ եք իրականացնելու հակակոռուպցիոն ծրագիրը:



- Ես համոզված եմ, որ կադրային փոփոխություններն էլ կնպաստեն հակակոռուպցիոն ծրագրի արդյունավետ իրականացմանը: Մեկը ԾԻԳ-ի տնօրեն Սերգեյ Խաչատրյանն է, մյուսն էլ Տիգրան Սահակյանը, որոնք նորմալ աշխատողներ են, հարգանք վայելող մարդիկ:



- Պարոն Քուշկյան, հնարավո՞ր է հակակոռուպցիոն պայքարում ցանկալի արդյունքի հասնել այն մարդկանց հետ, որոնց ձեռամբ տարիներ շարունակ արմատավորվել ու խորացել է այդ երեւույթը:



- Շատ կադրային փոփոխությունների կարիք չեմ տեսնում, հայտնի կաշառակերներն էլ կամաց-կամաց անհայտանում են: Երկրորդը, եթե ուզում ենք արդյունավետ պայքարենք իմ կողմից չսիրված այդ կոռուպցիայի դեմ, պետք է հարգանքով վերաբերվենք դեպի մեր ոլորտն ու բժիշկները, եթե միշտ նրանց կոռուպցիոներ համարենք, ճիշտ ճանապարհ չի լինի:



- ԲՀԿ-ում սկսել են ակտիվ նախապատրաստվել ընտրություններին: Դուք ինչպե՞ս եք պատրաստվում ձայներ ապահովել Ձեր կուսակցությանը:



- Ինչպես նորմալ կուսակցություններում, ինչպես որոշի մեր կուսակցության առաջնորդ պարոն Ծառուկյանը, այդպես էլ կշարունակենք:



- ԲՀԿ-ՀՀԿ լարվածությունը Ձեզ անհանգստացնո՞ւմ է:



- Ոչ, մենք կոալիցիոն գործընկերներ ենք, եւ ինձ բացարձակապես ոչինչ չի անհանգստացնում, որովհետեւ ես անհանգստացնող բան չեմ տեսնում: Ամեն կուսակցություն իր գործն է անում, իրեն բնորոշ գործողություններն է կատարում: