Արթուր Էլբակյանը դարձավ 50 տարեկան

Արթուր Էլբակյանը  դարձավ 50 տարեկան
Բեմադրիչ, դերասան, հեռուստալրագրող, պրոդյուսեր Արթուր (Արսեն) Էլբակյանը 50 տարեկան է: Նա քսանից ավելի գլխավոր դերեր է կատարել Երեւանի ՊՀԹ, Սունդուկյանի, Փոսի եւ իր հիմնած «Թատրոն 13»-ում:



Տասը թատերական  բեմադրության եւ մոտ հարյուրին հասնող հեռուստատեսային հաղորդումների հեղինակ է Հ1, ապա «Ար» հեռուստաընկերություններում, որտեղ նա համահիմնադիր էր եւ փոխնախագահ: Իսկ այսoր նա Լոնդոնում է բնակվում եւ աշխատում է մի քանի հետաքրքիր նախագծերի վրա՝ երկու թատերական եւ մեկ կինոնախագիծ: Ավելի ճիշտ՝ «այդ նախագծերի իրականացման հողն է նախապատրաստվում: Ստացել եմ նաեւ առաջարկ՝ ստեղծել եւ գլխավորել նոր ստեղծվող հեռուստաալիք:



Բարդ նախագծեր են եւ ծավալուն, կապված են համաշխարհային նշանակություն ունեցող դերասանների հետ: Աստված առաջ: Կարծում եմ, որ միջազգային առաջնախաղից հետո հայ հանդիսատեսն էլ հնարավորություն կունենա դիտելու այդ ներկայացումները եւ ֆիլմը»,- ասում է Արթուր Էլբակյանը:



Միաժամանակ նա ավարտում է եւ շուտով տպագրության կհանձնի գիրք, որը յոթանասունականների  սերնդի մասին է: «Իմ ընկերների, մեր քաղաքի ու համով-հոտով մարդկանց մասին: Մեր սերնդի, այդ տարիների մասին չեն գրել կամ գրել են շատ քիչ:



Իսկ մենք այն սերունդն եք, որը տեսավ ամեն ինչ՝ Բրեժնեւից մինչեւ մեր օրերը: Չկայացած կոմունիզմից մինչեւ անկախություն: Երկրաշարժ, պատերազմ եւ խաղաղություն:



Փորձել եմ գրել հումորով, թեթեւ եւ պատկերել այն օրերի առօրյան, նիստուկացը եւ մարդկանց փոխհարաբերությունները»,- ասում է Էլբակյանը: Նրա հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք առաջիկա համարներում: