Ինքնասպանության ջատագով Գեւորգյանը մահացավ

Ինքնասպանության ջատագով Գեւորգյանը մահացավ
Սովորաբար «Նյու Յորք Թայմսն» անգամ ամենաակտուալ թեմաներին երկու էջից ավելի չի նվիրում, իսկ մեր հայտնի հայրենակիցներից մեկին` Ջեք Գեւորգյանին, երեք էջ էր հատկացրել: «Թայմսը» Գեւորգյանին հանդուգն բժիշկ էր անվանել:



Նա հեղինակել է ինքնասպանություն իրագործելու մեխանիզմ եւ 90-ականներից սկսած՝ պրոպագանդել է, որ մարդն իրավունք ունի իր կյանքին վերջ տալու համար դիմել բժիշկների օգնությանը:



83-ամյա Գեւորգյանը մահկանացուն է կնքել ամերիկյան հիվանդանոցում ու թեեւ նախապես միշտ հայտարարել է, որ ինքն իր հիվանդների փոխարեն այդպես կվարվեր, իր կյանքին վերջ տալու համար բժիշկների օգնությանը չի դիմել: Նա մահացել է Բախի երաժշտության հնչյունների ներքո, որը նրա համար միացրել են  բուժքույրերը:



Գեւորգյանին ԱՄՆ-ում անվանում են «դոկտոր Մահ»: 90-ականներին նա զբաղվել է մասնավոր հիվանդներին նրանց ցանկությամբ մահացու դեղեր ներարկելով: Որին օգնել է մեռնել սեփական տանը, որին` գրասենյակում, որին` զբոսայգում, որին էլ` իր սեփական ժանգոտած «Ֆոլկսվագենի» ետեւի նստարանին:



Գեւորգյանը հայտարարել է, որ «որեւէ մեկը պետք է որեւէ բան անի տառապող մարդկության համար»: Որոշ նահանգներ ընդունել են նրա առաջարկը. Օրեգոնում բժշկական միջամտությամբ ինքնասպանությունն օրինականացվել է 97, Վաշինգտոնում եւ Մոնտանայում` 2009 թվերին:



«Մեռնելու կամ ապրելու ընտրությունը պետք է թողնել հիվանդին»,- Սի Բի Էս հեռուստաալիքին տրված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գեւորգյանը: Մինչ բանտ նստելը նա 90-ականներին, իր խոսքերով, «օգնել է մեռնել» 130 հոգու:



Իր կյանքի ընթացքում Գեւորգյանը 6 անգամ դատվել է, չորս անգամ արդարացվել, մեկ անգամ դատարանի սխալ վճռի հետեւանքով ազատ արձակվել: Բանն այն է, որ այն ժամանակ, երբ նա իրականացնում էր իր արտասովոր գործունեությունը,  նահանգները դեռ կոնկրետ օրենքներ չունեին բժշկական միջամտությամբ կյանքն ընդհատելու վերաբերյալ:



Ներկայացվել է սպանության մեղադրանք, եւ դատարանն արդարացրել է մեղադրյալին. մի՞թե սպանվողի կամոք սպանությունը բժշկին մարդասպանի է վերածում: Նրա «շնորհիվ» որոշ նահանգներում օրենսդրությունը լրամշակվել է` պատիժ սահմանելով կամ արդարացնելով «բժշկական սպանության» համար:



Գեւորգյանից ժամանակին խլել են բժշկի արտոնագիրը: Նա հայտնի է եղել իր պրովոկացիոն պահվածքով. պատռել է դատական ծանուցագրերը, դատարան է ներկայացել դիմակահանդեսի հանդերձանքով, հաճախ կոչ արել պետությանը` կամ կանգնեցնել իրեն, կամ օրինականացնել իր գործունեությունը:



Իրեն չսատարող բժիշկներին Գեւորգյանը կոչել է «տխմար կեղծավորներ», իր հետ ոչ համամիտ մարդկանց` կրոնական մոլեռանդներ: Նա իր «օգնության» համար գումար չի վերցրել եւ հարուստ մարդ չի եղել:



Կա կարծիք, որ Գեւորգյանն իր ներդրումն ունեցավ հասարակության ուշադրությունը հարցի վրա սեւեռելու համար: Նրա գործընկերներից մեկն ասել է, որ երբեմն կարիք է զգացվում, որ այդպիսի մի արտասովոր մարդ հարթակ պատրաստի ավելի խոհեմ կարծիքների համար:



Նա խոստովանել է, որ մի փոքր զղջում է իր արածների համար, որովհետեւ կուզեր գործել օրինական կերպով: «Դոկտոր Մահի» վերջնանպատակը եղել է «օբիտորիումների» հաստատումը երկրում` վայր, որտեղ մարդը կգնար մեռնելու նպատակով, որտեղ բժշկական մեծարժեք փորձեր կկատարվեին` հետեւելով մահվան ընթացքին, օգտագործելով հիվանդների առողջ օրգանները փոխպատվաստման նպատակով, եւ միաժամանակ չէին խախտի էթիկայի նորմերը:



Գեւորգյանը բանտ ընկավ իր նկարահանած հոլովակով, որում նա 52-ամյա հիվանդին մահացու դեղ էր ներարկում: Մարդիկ դիտում էին, թե ինչպես է մահանում այդ մարդը: Արդյունքում նրան առաջին կարգի սպանության մեղադրանք էր ներկայացվել, բայց դատել էին երկրորդ կարգի սպանության հոդվածով, եւ բանտում էր անցկացրել 10 տարի՝ սահմանված 25-ի փոխարեն:



Աստղիկ Սարգսյան