Հարուստ կենսագրություն, արգասաբեր կյանք

Հարուստ կենսագրություն, արգասաբեր կյանք
Ծանր, երկարատեւ հիվանդությունից հետո դադարեց բաբախել շիտակ մտավորական, կուսակցական ականավոր գործիչ Ստեփան Հմայակի Վարդանյանի սիրտը: Մի անձնավորություն, որ իր ողջ գիտական կյանքը նվիրաբերեց մայր հայրենիքի բարգավաճման, մտավոր ներուժի ամրապնդմանը:



Ծնվել է 1923թ. Արտաշատի շրջանի Ազատավան գյուղում՝ համեստ ծառայողի ընտանիքում: 1939թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը եւ Հայրենական մեծ պատերազմի ծանր օրերին, տակավին երրորդ կուրսի ուսանող, զորակոչվել է բանակ: Զորացրվել է 1945-ի նոյեմբերին եւ էքստերն կարգով ավարտել բուհը:



Հետագա տարիներին Ստեփան Վարդանյանն աչքի է ընկել աշխատանքային վերընթաց ուղիով՝ կոմերիտմիության Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար, կոմերիտմիության կենտկոմի քարտուղար, Կալինինոյի կուսշրջկոմի առաջին քարտուղար, կուսակցության կենտկոմի գյուղբաժնի վարիչ, մթերումների եւ գյուղմթերքների արտադրության նախարար, կուսկոմի գաղափարական բաժնի վարիչ, կենտկոմի կուսակցական մարմինների բաժնի վարիչ, մսեղենի եւ կաթնեղենի արդյունաբերության նախարար, կառավարությանը կից Հայ առաքելական եկեղեցու գործերի գծով նախագահ:



Ծավալել է հինգ արգասավոր գրական գործունեություն՝ դառնալով ութ ուշագրավ գրքերի հեղինակ՝ «Ամերիկան մթնում է» (1966թ.), «Ինչո՞ւ են թաց նրա աչքերը» (1973թ.), «Մեր գյուղը Արաքսի ափին է» (1989թ.), «Եսթեր» (1993թ.), «Լուսավորչի տեսիլքը» (1993թ.), «Մարած աշխարհի վերջին թագուհին» (1997թ.), «Ծխացող մոմեր» (1999թ.), «Աստվածները չեն ծերանում, հազար երնեկ աստվածներին» (2002թ.):



Նրա պիեսները բեմադրվել են Լենինականի, Արտաշատի պետական թատրոններում: Համամիութենական մրցանակի է արժանացել նրա «Կիսակայարան» պիեսի ռադիոբեմադրությունը, ժողովրդ ի մեջ լայն հռչակ են վայելել նրա խոսքերով գրված երգերը՝ «Սիրելիս» (ինչու, ասա ինչու…), «Միայն քեզ համար», «Աչքս ճամփիդ» եւ այլն: Ծանր է Ստեփան Վարդանյանի կորուստը: Սիրտը դադարեց բաբախել, եւ նա բռնեց հավերժի ճանապարհը: Փառք նրան ու բարի հիշատակ:



Մերձավորների կողմից