«Կահիրեում արտասահմանյան թերթերից մեկի թղթակիցն ասաց, որ երբ հայտարարվեց ինձ Նոբելյան մրցանակ շնորհելու մասին, դահլիճում լարված լռություն տիրեց։ «Ո՞վ է Նաջիբ Մահֆուզը»,- հարց էին տալիս Նոբելյան կոմիտեի անդամներից շատերը։ Ուրեմն թույլ տվեք ինձ ամենայն անկեղծությամբ եւ բացսրտությամբ ինքս ներկայանամ ձեզ։Ես զավակն եմ երկու քաղաքակրթությունների, որոնց միությունը ժամանակին պսակվեց երջանիկ ամուսնությամբ։ Առաջինն ի հայտ եկավ սրանից յոթ հազար տարի առաջ՝ փարավոնների դարաշրջանում, իսկ երկրորդը՝ մահմեդական քաղաքակրթությունը, հազար չորս հարյուր տարի առաջ։ Ըստ երեւույթին, հարկ չկա խոսելու այն քաղաքակրթության մասին, որին պատկանում եք դուք, պարոնայք, այս դահլիճում ներկա գտնվողներդ։ ….Ճակատագրի մատն էր խառը, որ ես ծնվեի երկու մեծագույն քաղաքակրթությունների հողում, սնվեի նրանց կաթով, մեծանայի նրանց հզոր մշակութային ժառանգությամբ։ Այդ բնահողի վրա են ծնվել իմ գրքերը»,-գրում է Մահֆուզն իր նոբելյան բանախոսության մեջ:
«Գողը եւ շները» վեպն առաջին հայացքից մի սովորական պատմություն է գողի ճակատագրի մասին, որ դուրս է գալիս Կահիրեի բանտից վրեժով լցված ու շարժվում է փոշոտ փողոցներով, որպեսզի փնտրի ու սպանի իր վաղեմի բարեկամին ու թշնամուն` Իլեշին, որ դարձել է իր միակ աղջկա՝ փոքրիկ Սանայի խորթ հայրը:
«Սանա: Երբ մտածում ես նրա մասին, մոռանում ես շոգը, փոշին, ատելությունը, ողջ մաղձը: Հոգիդ լցվում է քնքշությամբ՝ դառնալով պարզ ու ջինջ, ինչպես օդը թարմացնող անձրեւը: Ինչ գիտի փոքրիկ աղջնակը հոր մասին… իսկ նա չորս երկար տարիների ընթացքում գեթ մեկ ակնթարթ չի մոռացել նրան: Երեւի մեծացել է: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է նա հիմա: Ի վերջո կհաջողվի՞ դեմառդեմ հանդիպել եւ նայել միմյանց աչքերի մեջ, որ ոչ ոք հանկարծ չընդհատի մինչեւ վերջ վայելելու այդ նվաճված երջանկությունը»:
Շուտով Սաիդն ու Սանան հանդիպում են, բայց Սանայի համար հարազատ հայրը փողոցում քայլող սովորական մի անցորդ է:
«Արի ինձ մոտ, Սանա, ես քո հայրն եմ,- նրա ձայնն աղերսալի հնչեց: Բայց աղջիկն այլեւս չի հիշում հորը: Սաիդը գլխիկոր հեռանում է` այժմ ամբողջովին տարվելով սրբազան վրեժի մոլուցքով»:
Ինչպես միշտ, Մահֆուզի արձակին բնորոշող կարճ, արագ զարգացող սյուժեն ընթերցողին ներառում է խոր ու դրամատիկ մի պատմության մեջ: «Գողը եւ շները» չափազանց նուրբ երանգներ ունեցող վեպ է: Բնագրի մեջ ժամանակ առ ժամանակ փոխվում են ժամանակաձեւերը, Մահֆուզը վարպետորեն կիրառում է նաեւ գիտակցության հոսքի տեխնիկան, իսկ Ղուրանից եւ սուֆիստական գրականությունից մեջբերումները վեպին արեւելյան մշակույթի, փիլիսոփայության մթնոլորտով են պարուրում:
Գլխավոր հերոսի՝ Սաիդի կողմից ողջ վեպի ընթացքում հնչած կրակոցներից եւ ոչ մեկը չի հասնում նպատակադրված թիրախին: Սաիդը սխալմամբ մեկը մյուսի հետեւից սպանում է անմեղ մարդկանց: Վեպի միակ, իրական զոհը դառնում է անմեղությունը:
«Փարիզ Ռեւյուին» տված իր հարցազրույցում Մահֆուզը պատմում է «Գողը եւ շները» վեպի ստեղծման պատմությունը. «Վեպի սյուժեն ներշնչվել է մի գողի պատմությունից, որ ժամանակին վախի մեջ էր պահում Կահիրեն: Նրա անունն էր` Մահմուդ Սուլեյման: Երբ նա ազատվել էր բանտից, փորձել էր սպանել իր կնոջն ու փաստաբանին: Նրան հաջողվել էր փախչել, բայց գտել էին ու սպանել: Երբ ես գրում էի հանցագործի մասին, գրում էի ինքս իմ մասին, իսկ պատմությունը հանցագործի մասին դարձավ փիլիսոփայական մի խորհում ժամանակի մասին: Ես գլխավոր հերոս Սաիդ Մահրանին ճանապարհ անցնելու հնարավորություն տվեցի, որի ընթացքում նա փնտրում էր մի շարք հարցերի պատասխաններ: Գիտեք, գրողը պարզապես մի լրագրող չէ: Նա շաղախում է իրադարձություններն իր սեփական կասկածների, հարցերի ու արժեքների հետ: Ահա այդպիսին է արվեստը»: