Վերդիի ամենահմայիչ Աիդան․ Մագդա Մկրտչյան

Վերդիի ամենահմայիչ Աիդան․ Մագդա Մկրտչյան

Քնարական-դրամատիկ սոպրանո Մագդա Մկրտչյանը 1999-ից Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհիներից է, ով վերապատրաստվել է Լ. Պավարոտտիի եւ Մ. Մերիգգոյի դասարաններում, մենահամերգներով հանդես եկել Հայաստանի եւ արտասահմանյան մի շարք հանրաճանաչ բեմերում, որոնցից են` Dorothy Chandler Pavilion (2001թ., ԱՄՆ), Konzerthause (2004թ., Բեռլին), Nicolaisaal (2004թ., Պոտսդամ), Handel House (2004թ., Հալլե), Siemens-Villa (2004թ.), Դոժերի պալատ (2005թ., Իտալիա), Ջուստինյան պալատ (2005թ., Իտալիա), Դ. Շոստակովիչի անվան պետական ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահ (2009թ., Սանկտ Պետերբուրգ): Վատիկանում Բենեդիկտ Պապ 16-րդի ներկայությամբ ներկայացրել է միջնադարյան շարականները, որը Տելեպաչե հեռուստատեսությունը հեռարձակել է աշխարհի 27 երկրներում: Հանդես է եկել Խաչատրյանի «Զոն ցնծության», Վերդիի «Նաբուկո», Բելինիի «Նորմա», Շուբերտի «Միրիամի հաղթական երգը», Մոցարտի «Դոն Ժուան», Վերդիի «Աիդա» եւ այլ օպերաներում: Թողարկել է 4 ձայնասկավառակ հոգեւոր եւ դասական ստեղծագործությունների ժանրերում: Արժանացել է մի շարք մրցանակների, որոնցից՝ Hildegard Pabelic-ի անվան միջազգային մրցույթի Գրան պրի (2000թ.), Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ի լավագույն կատարման համար՝ ոսկե մեդալ (2001թ.): Դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Օրերս, անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ, արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:



- Մագդա, այսօր, ի տարբերություն էստրադային աստղերի, օպերային աստղերն ու օպերային արվեստը ստվերում են: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը, դասական արվեստ չե՞նք սիրում, թե՞ սիրվում է այն, ինչ պրոպագանդվում է:



- Ճիշտ եք նկատել, որ էստրադային ոլորտում ամեն ինչ այլ է, իրենց մենեջերները ճիշտ պրոպագանդա են իրականացնում, որն էլ ապահովում է հանդիսատես: Օպերային արվեստին լուրջ, մասնագիտացված մենեջերներ են պետք, ամեն մենեջեր չի կարող մենեջերություն անել օպերային արվեստում: Իսկ դրսում մենեջերները շատ լավ հասկանում են նախ օպերային արվեստը, տվյալ երգչի ձայնային առանձնահատկությունները, գիտեն որ դերի համար որ երգիչը հարմար կլինի: Իսկ երգչին անհրաժեշտ է, որ ինքը գնա այս կամ այն թատրոններում լսվի, բայց բախտի վրա հույս դնելով չես կարող գնալ, որովհետեւ կարող ես անցնել կամ չանցնել, հետո ֆինանսական այդ միջոցները չունես: Լինում է նաեւ, որ այդ մենեջերին հրավիրում են եւ լսումներ կազմակերպում երգիչների համար, լավ կլիներ, եթե նույն բանը նաեւ մեզ մոտ անեին, ինչը կնպաստեր, որ մեր երգիչներն ավելի շատ երեւային դրսի բեմերում: Օրինակ, վրացիներն ունեն իրենց հայտնի երգիչ Սոտկի Լավային, ով Միլանում տուն է վարձել, երգիչներին հրավիրում է իր տուն, ովքեր սկսում են Եվրոպայի յուրաքանչյուր լսումներին լսվել: Դա հեշտացնում է իրենց գործը, եւ դրա համար այսօր վրացի երգիչները համաշխարհային շուկայում ավելի շատ են ներկայացված:



- Շա՞տ են արդյոք միջազգային բեմերում հանդես եկող հայ օպերային մեներգիչները, եւ ի՞նչ է պետք, որ մեր երգիչները հայտնվեն, օրինակ, Լա Սկալայում:



- Կան, բայց ցանկալի է, որ ավելի շատ լինեն, իսկ Լա Սկալայում հայտնվելու համար նախ պետք է գնաս, հատուկ կազմակերպված լսումներին մասնակցես, դա դեռ ինչ-որ կերպ կարող ես գնալ, բայց որ ընկնես միջազգային արենա, դու պետք է շատ թատրոններում ու մի շարք մենեջերների մոտ լսվես: Չգիտեմ ինչի հետ է կապված, որ չեն գալիս Հայաստան, բայց շատ եմ եղել արտերկրում, երբ նրանցից շատերն ասել են, որ սիրով կգան Հայաստան՝ լսելու հայ երգիչներին, որովհետեւ, ինչպես նրանք են ասում, հայկական կոկորդը շատ յուրահատուկ է, ինչպես հայկական դուդուկը:



- Ինչի՞ց է պետք սկսել, որպեսզի սայլը տեղից շարժվի:



- Առաջ քաշելու խնդիր կա, որովհետեւ լավ երգիչներ կան, ովքեր դժվարագույն օպերաներ են երգում, պատրաստ են երգելու միջազգային բարձր բեմերում, բայց լուրջ մենեջեր չկա Հայաստանում: Մինչդեռ մենեջերը պիտի ուենա իրեն ներկայացնող լուրջ կայք, որտեղ ցույց տա, թե ինչ աշխատանքներ է արել եւ ինչ երգիչների հետ համագործակցել: Եթե ես չեմ տեսնում ոչ մի ռեզյումե, ոչ մի աշխատանք, ինչքան էլ ասի՝ ես լավ մենեջեր եմ, ես իրեն չեմ հավատա:



- Օպերային թատրոնի խաղացանկը որքանո՞վ է թատրոնի դեմքը ձեւավորում:



- Թատրոնի խաղացանկը մեծ նշանակություն ունի, կան որոշ օպերաներ, բայց պետք է ավելանան, որովհետեւ օպերային համաշխարհային գրականությունը շատ մեծ է: Մենք շատ ձայներ ունենք՝ ռոսինյան, մոցարտյան, ովքեր չեն կարող Վերդի երգել, դրա համար այդ ձայները տուժում են՝ սպասելով իրենց ներկայացումներին: Պետք է խաղացանկը համալրել բրենդային օպերաներով, ինչպիսին են «Կարմենը», «Տուրանդոտը», «Դոն Կառլոսը», «Չիո Սանը». այս օպերաները պետք է ունենա օպերային թատրոնը: Հանդիսատեսն անընդհատ նորն է ուզում տեսնել: Շատ օպերային թատրոններում, ասենք, «Դոն Ժուան» են դնում, որի բեմադրությունն ընդամենը մի 2 տարի հետո կարող է փոխեն՝ նոր հետաքրքրություն առաջացնելու համար: Մեր օպերային թատրոնը սովետի ժամանակ 3-րդն էր, եւ դա իր հյուրախաղերի, լավ մենեջմենթի եւ մեծ խաղացանկի շնորհիվ:



- Վերջին ամիսներին շատ խոսվեց գեղարվեստական ղեկավարի անհրաժեշտության, նրա թեկնածուների մասին. գեղղեկավարի ներկայությունն ի՞նչ է տալիս թատրոնին, մեներգիչներին:



- Անկախ ամեն ինչից՝ գեղարվեստական ղեկավար պետք է լինի թատրոնում, դա աշխարհում ընդունված նորմ է, դու աշխատում ես գեղարվեստական ղեկավարի հետ, ինքն է քեզ ընտրում դերերի համար: Գեղարվեստական ղեկավարը պետք է բանիմաց լինի, տիրապետի յուրաքանչյուր արվեստի ոլորտին: Նրա դերը շատ կարեւոր է թատրոնում, քանի որ մենք ստեղծագործական կոլեկտիվ ենք, եւ, ըստ այդմ, նա պետք է զբաղվի ներկայացումների բեմադրությամբ, համերգային ծրագրերի կազմակերպմամբ: Գոյություն ունի ռեպերտուարային քաղաքականություն, եւ այն հենց այնպես չի մշակվում թատրոնում: Հենց այստեղ է, որ պետք է գեղարվեստական ղեկավարը, ով իր մեծ փորձով ճիշտ ներկայացումներ կդնի:



- Թատերաշրջանի բացմանը հիանալի կերպով հանդես եկաք Աիդայի կերպարում, մի դեր, որին ձգտում են բոլոր օպերային մեներգչուհիները, ուրիշ ի՞նչ դերի մասին եք երազում:



- Կուզենայի երգել Տոսկա, Ելիզավետա՝ «Դոն Կառլոսի» մեջ, Մանոն Լեսկո, Տուրանդոտ, Լիզա՝ «Պիկովայա դամայում», Հարո Ստեփանյանի «Լուսաբացին» օպերայում:



- Վերապատրաստվել եք նաեւ Պավարոտտի մոտ, ի՞նչ տվեցին Ձեզ այդ օրերը:



- Մի անգամ, մրցույթներից մեկում, «Գրան պրի» վերցրեցի եւ որոշեցի՝ հենց գումարն ստանամ, կգնամ սովորելու, իմ երազանքն էր, որ հայտնվեի այդ մասնագետի մոտ: Այդ հանդիպումը շատ կարեւոր էր ինձ համար: Կարեւոր էր նաեւ Դոմինգոյի հետ հանդիպումը, երբ «Օպերալիա» մրցույթում ես 17 լավագույն սոպրանոների մեջ անցա, որից հետո ինձ մոտեցավ իր մենեջերը եւ Փարիզ հրավիրեց համերգներով: Իսկ Մոնսերատ Կաբալյեի հետ հանդիպեցի Երեւանում, երբ մաստերկլաս էր տալիս, այդ ժամանակ ես ցանկացա երգել, իբրեւ ողջույնի մի ժեստ, ու տեսա, թե ինչպես հուզվեց, որն ինձ էլ փոխանցվեց: Այդ ամեն մի հանդիպումներից ես նոր մի բան եմ վերցրել:



- Հետաքրքիր է՝ Պավարոտտին մինչեւ վերջ ունե՞ր մենեջեր, թե՞ կա մի բարձունք, երբ անունն ու հեղինակությունն աշխատում են քեզ համար:



- Օրինակ, Պավարոտտի մենեջերը մինչեւ վերջ Լեւոն Սայանն էր, ով օգնել է նաեւ աշխարհահռչակ երգչուհի Անջելա Գեորգյուին, Ռոբերտո Ալանիային, այ, նրա նման մենեջեր է պետք, որ դու միանգամից ընկնես միջազգային արենա:



- Օհան Դուրյանը մեծ դերակատարում է ունեցել Ձեր կյանքում, ինչո՞վ է առանձնահատուկ նրա ներկայությունը Ձեզ համար:



- Նա այն մարդն ու լեգենդար երաժիշտն է եղել, որ հավատացել է ինձ, որպես երգչուհի, մեծ փորձ եւ ուժ է տվել, իր շնորհիվ ես շատ մեծ բեմերում եմ ելույթ ունեցել: 23 տարեկան էի, որ իրեն հանդիպեցի, եւ ինքն ինձ տվեց Վերդիի «Տրուբադուր» օպերայում Լեանորայի դերը եւ ասաց, որ պետք է երգեմ պրեմիերան, դա եղավ իմ դեբյուտը, երբ դեռ փորձնակ (ստաժոր) էի եւ այդ դեբյուտից հետո դարձա օպերային թատրոնի մենակատարուհի: Առաջին դերս հենց սկզբից գլխավոր դեր եղավ: Հետո ես նրա հետ ունեցա ձայնասկավառակ, որտեղ նա նվագում է իր 13 ռոմանսները, դա ապագայում պետք է հրատարակվի անպայման:



- Վերջերս Ձեզ շնորհվեց վաստակավոր արտիստի կոչում, ինչքանո՞վ էր դա կարեւոր Ձեզ համար:



- Շնորհակալ եմ այս կոչման համար, որովհետեւ լցվել եմ նոր լիցքերով ու մեծ պատասխանատվությամբ՝ բարձր մակարդակի վրա իմ արվեստը պահելու: