«Խաղաղություն և զարգացում» կուսակցության հիմնադիր համագումարին մասնակցել է 15 մարդ

«Խաղաղություն և զարգացում» կուսակցության հիմնադիր համագումարին մասնակցել է 15 մարդ

Հոկտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղում կայացավ նորաստեղծ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիր համագումարը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: «Ես այդ կուսակցության հետ գտնվում եմ այն հարաբերություններում, որ ընդամենն աջակից եմ: Ես կուսակցության անդամ չեմ, քանի որ, ըստ օրենքի, միայն Արցախի քաղաքացին կարող է այդ կուսակցության անդամ լինել»,- նախապես տեղեկացրել էր Ղուկասյանը: Թե ինչով էր պայմանավորված աջակցությունը, ըստ նրա, օգնում էր, որ կուսակցությունը կայանար, հիմնադրվեր, եւ անում էր այն, ինչ որ անհրաժեշտ էր իր կողմից այդ նախաձեռնությանը, իսկ նախաձեռնությունն Արցախի քաղաքացիներինն է: 



«Տեղի ունեցավ համագումարը, հաստատվեց կուսակցության ծրագիրը եւ կանոնադրությունը: Կուսակցության նախագահ ընտրվեց Գարիկ Գրիգորյանը: Վերահսկիչ հանձնաժողովի կազմը, որ 3 հոգի էին, հենց իրենց կազմից ընտրեցին նախագահ»,- տեղեկացնում է Անդրիաս Ղուկասյանը: Նախապես հայտնել էինք, որ կուսակցության նախագահը «Մանես Վալեքսի» Արցախի մասնաճյուղի հաշվապահն է եղել, ըստ Ղուկասյանի՝ այլեւս չի աշխատում այնտեղ:



Հիմնադիր համագումարում դեռ չի ձեւավորվել կուսակցության խորհուրդը, Ղուկասյանն ասում է, որ կձեւավորվի, երբ կուսակցությունն օրենքով սահմանված անդամների թիվը կունենա: «Իրավական գործընթաց է, որի համաձայն, հիմնադիր համագումարի անցկացման համար որոշակի պայմաններ կան, որոնք բավարարված են լինում, իսկ հաջորդ փուլն այն է, որ անդամների թիվը պետք է համալրված լինի մինչեւ 100 հոգի՝ «Արցախի կուսակցությունների մասին» օրենքի համաձայն, երբ արդեն կուսակցությունը կկարողանա դիմել պետական գրանցման: Իսկ կուսակցությունը կհամարվի լիարժեք կայացած, երբ արդեն կունենա 300 անդամ: Այդ 300 անդամի հասնելու ընթացքում կձեւավորվեն կուսակցության կառավարող մյուս մարմինները»,- տեղեկացնում է Ղուկասյանը: Իսկ հիմնադիր համագումարին մասնակցել է 15 հոգի, որոնց մի մասը պատվիրակներ են եղել Արցախի շրջաններից: Հիմնադիր համագումարի պայմանն այն էր, որ ներկայացված լինեն Արցախի վարչական շրջաններից երեքը եւ Ստեփանակերտը, ինչը կատարվել է, կուսակցությունն էլ գրանցված չէ, քանի որ դեռեւս չունի 100 անդամ, իսկ կայացած համարվելու համար անհրաժեշտ է 300 անդամ: Օրենքով սահմանված այս փուլերն անցնելուց հետո կուսակցությունը կհրավիրի համագումար, որի ընթացքում էլ, ենթադրվում է, կներկայացվի ընթացիկ գործունեության վերաբերյալ հստակ ծրագիր: Իսկ առայժմ կուսակցությունն ազդարարել է իր գոյության մասին, որ դեռ ձեւավորվելու է:
Անդրիաս Ղուկասյանը նախապես տեղեկացրել էր, որ նմանատիպ կուսակցություն՝ նույն անունով եւ նույն գաղափարախոսությամբ, նախատեսվում է հիմնադրել նաեւ Հայաստանում, եւ որ ինքն այդ գործով զբաղված է: Նրա կարծիքով, որեւէ քաղաքական ուժ Հայաստանում չի կարող հաջողության հասնել՝ առանց Արցախում քաղաքական հենարան ունենալու: Այժմ այդ քաղաքական հենարանը կա, մնում է հենվել: «Արցախում կուսակցությունը գրանցում ստանալուց հետո այդ նախաձեռնությունը կմեկնարկի նաեւ Հայաստանում»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը:



Ֆելիքս
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ