Խորեն Աբրահամյան․ հասարակ Երեւանցի․․․

Խորեն Աբրահամյան․ հասարակ Երեւանցի․․․

«Երեկ մի մարդ էի, արթնացա՝ հայտնի մարդ՝ հսկայական Խորհրդային միության մեջ։ Էդ ֆիլմի հաջողությունը աննախադեպ էր»,- այսպես է հետագայում հիշելու իր աննախադեպ հաջողությունը կինոյում Խորեն Աբրահամյանը։ Խոսքը 1958 թվականին Յուրի Երզնկյանի նկարահանած «Առաջին սիրո երգը» կինոնկարըի մասին էր։ Խորեն Աբրահամյանի հմայիչ Արսեն Վարունցին սիրահարվում էին Խորհրդային միության բոլոր աղջիկները․․․
Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում: Երբ ուրախացած հայրը շտապել է բարի լուրը հաղորդել քույրերին, նրանք դա որպես ապրիլմեկյան կատակ են ընդունել: Բաբկեն Աբրահամյանին դժվարությամբ, բայց հաջողվել է հավատացնել, որ ծնվել է Խորեն որդին։ Խորեն Աբրահամյանը հետաքրքրասեր երեխա է եղել բակում խաղալուց զատ, սիրում էր նաեւ ֆիլմեր դիտել:



Որպեսզի բակի երեխաներին էլ հասանելի լիներ ֆիլմի դիտումը, ընկերոջ հետ փոքրիկ տնակ են կառուցում, ֆիլմեր հայթայթում եւ ցուցադրություններ կազմակերպում: ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բազմաթիվ կոչումների եւ պարգեւների արժանացած Խորեն Աբրահամյանը սովորել է Երևանի թատերական ինստիտուտում: Ավարտելով ուսումը` նա աշխատանքի է անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ 1979թ. ընտրվել է գլխավոր ռեժիսոր, իսկ 1988թ.` գեղարվեստական ղեկավար։ Նա առաջին անգամ նկարահանվում է 17 տարեկանում՝ <Արարատյան դաշտի աղջիկը> կինոնկարում։



Խորեն Աբրահամյանի մարմնավորած Կորիոլան հիացրել է անգամ գերմանացի հանդիսատեսին։ Ներկայացումը դիտելուց հետո, գերմանական թերթերը նրան բնորոշել են, որպես <գերաստղ>։ Դերը Աբրահամյանին բերեց ԽՍՀՄ պետական մրցանակ, իսկ գերմանական թերթերը նրան բնորոշեցին որպես «գերաստղ»։ Աբրահամյանի ձայնով «խոսող» Համլետն ուղղակի անկրկնելի էր, այն դիտելուց հետո Սմակտունովսկին ասել է․ «Ավելի լավ էր, քան ես խաղացել եմ»։ Թատրոնում խաղացած բազմաթիվ դերերից շատ հայ հանդիսատեսի համար Խորեն Աբրահամյանն այնուամենայնիվ մնաց հարազատ կինոյում խաղացած իր դերերով՝ <Մոր սիրտը» /Արմեն/, «Առաջին սիրո երգը» /Արսեն/, «Սարոյան եղբայրներ» /Գեւորգ Սարոյան/, «Մենք ենք մեր սարերը» /Պավլե/, «Երկունք» /Ալեքսանդր Մյասնիկյան/, «Երեւանյան օրերի խրոնիկա» /Արմեն/ եւ այլն։ /



1982 թվականին Սունդուկյանի անվան թատրոնում Խորեն Աբրահամյանը բեմադրեց Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն», որը բեմ բարձրացավ առաջին ու վերջին անգամ։ Պեպոն զայրացրել էր Հայաստանի կուսակցական ղեկավարությանը։ Հենց այս դեպքից հետո էր, որ դերասանին «աքսորեցին» Գյումրի։ Սունդուկյան թատրոն վերադառնալուց հետո Խորեն Աբրահամյանին սպասվում էր տհաճ անակնյալ։ Այն դերասանները, որոնք ժամանակին երդվում էին իր անունով, նրա դեմ էին դուրս եկել։ Սունդուկյան թատրոնի պատերը կհիշեն, որ ժամանակին նույն Խորեն Աբրահամյանը այլ դերասանների եւ ռեժիսորների հետ դեմ էր դուրս եկել Վարդան Աճեմյանին... ինչպես ասում են՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ 1992 թվական, երկրում ցրտի ու մթի, պատերազմի տարիներն էին․․․թատրոնում էլ էր մռայլ․․․Աթոռին սարի պես նստած Խորեն Աբրահամյանը ծխո՜ւմ է, ծխում, ծխում... ու լսում մարդկանց չդադարող մեղադրանքները։ Իրար հաջորդող ծանր ու մռայլ ժողովներն իսկական դատավարության էին նման, այս ժողովներից մեկի ժամանակ է, որ դերասանն ասում է․ <Մի թշնամի կա, որ չեմ կարող հաղթահարել, մի թշնամի կա, որ ոչ մեկդ չի կարող հաղթահարել, մի թշնամի կա՝ ամենաանտանելին, ամենասոսկալին, իմ թշնամին ես եմ․․․>։



Հետո․․․հեռանալու էր, խռոված էր հեռանալու։
Միացյալ Նահանգներ։ Հենց այստեղ ձայնագրվեց հայտնի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն։ Սա սովորական ասմունք չէր, սա հայրենիքից հեռացած ու կարոտած երեւանցի Խորենի հոգու ճիչն ու պոռթկումն էր.../այս ասմունքը հնչում է նաեւ դերասանի թաղման արարողության ժամանակ, փողոցներում մարդիկ կանգնում ու գլխարկները հանելով հրաժեշտ էին տալիս արտիստին․․․/։



Մի օր, դերասանի ամերիկյան բնակարանում հնչում է հեռախոսի զանգը: Խոսափողից լսվում է Վազգեն Սարգսյանի ձայնը: Վարչապետը դերասանին խնդրում է վերադառնալ հայրենիք: Երևանում Խորեն Աբրահամյանը շարունակում է ստեղծագործական գործունեությունը: Մահվանից մեկ շաբաթ առաջ նա կնոջ՝ դերասանուհի Գոհար Գալստյանի հետ միասին բեմադրում է իր վերջին <Ջին խաղը> ներկայացումը։ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Խորեն Աբրահամյանը մահանում է սրտամկանի կաթվածից։



Աշխեն Քեշիշյան