Գալյա Նովենց․ Հայ կինոյի մայրը

Գալյա Նովենց․ Հայ կինոյի մայրը

1985 թվական, Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոն: Խորհրդային Միությունը մրցութային ցուցադրության է ներկայացրել Վ. Աբդռաշիդովի «Մոլորակների շքահանդես» եւ Ա. Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմերը: «Մեր մանկության տանգոյի» ցուցադրությունից հետո մոտ տասը րոպե դահլիճը ծափահարում է: Հայ դերասանուհին առաջին անգամ արժանանում է միջազգային ժյուրիի հատուկ մրցանակին:



Գալյա Նովենցը ծնվել է 1937 թվականի հուլիսի 10-ին։ «Ես ծնվել եմ Երեւանում։ Հայրս ծնողներին վաղ հասակում էր կորցրել, եւ ես տատ ու պապիս չեմ տեսել։ Մայրս արմատներով տաճկահայ էր, իսկ մորական տատս ծնվել էր Տիգրանակերտում։ Ծնողներս հասարակ մարդիկ էին, ու մեր ընտանիքն էլ պարզ, հայկական ավանդապաշտ ընտանիք էր։ Հայրս ժամանակին նվագել էր զինվորական նվագախմբում, իսկ մայրս շատ գեղեցիկ երգում էր։ Բացի այդ, մեզ հետ էր ապրում իմ մորաքույրը, որը դերասանուհի էր /Գալյա Նովենցի մորաքույրը հայ բեմի եւ կինոյի նշանավոր դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Լյուսյա Հովհաննիսյանն էր` Խորեն Աբրահամյանի կինը, նրա երկու զավակների` Բաբկենի եւ Թամարի մայրը:/ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ Արմեն Գուլակյանի ստեղծագործական արվեստանոցը, ուր սովորում էին նաև Արմեն Ջիգարխանյանը, այժմ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, Գուժ Մանուկյանը, եւ դերասանուհու ապագա ամուսին՝ Երվանդ Ղազանչյանը եւ ուրիշներ։ 54 տարի Նովենցի հետ ապրած ու իր կյանքի ընկերուհուն կորցրած Երվանդ Ղազանչյանը հետագայում կասի․ «...Ես էլի եմ ասել, որ Գալյան նվեր է եղել մեզ, մեր ընտանիքին... (մեր ժողովրդին)»։



Դերասանուհու առաջին դերը կինոյում Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ»-ում էր՝ էպիզոդիկ, քրդուհու դերը։ Այս ֆիլմին հաջորդեցին ««Մենք ենք, մեր սարերը», «Այստեղ, խաչմերուկում», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ո՞ւր էիր, մա´րդ աստծո», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», եւ վերջին դերը՝ զուգադիպությամբ, թե ճակատագրի բերումով նույնպես Ֆրունզե Դավլաթյանի «Կարոտ» ֆիլմում էր։ Այնուամենայնիվ դերասանուհին հետագայում կառանձնացնի Սիրանուշի դերը, /«Մեր մանկության տանգո»/ որը իրեն մեծ ճանաչում ու հանդիսատեսի շատ մեծ սեր բերեց։ Ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը ցանկացել էր այս դերը տալ վրացուհի դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիին։ Երբ այդ մասին հայտնում է Գալյա Նովենցին, վերջինս, որ արդեն ծանոթացել էր սցենարին ու շատ էր ուզում հենց ինքը խաղար Սիրանուշի դերը, այնպիսի էմոցիոնալ պոռթքում է ունենում, որ Ալբերտ Մկրտչյանը հիանում ու դերը տալիս է Նովենցին։ Հետագայում Գալյա Նովենցը կհիշի․ «Գիտեք ինձ ինչը շատ օգնեց, նախ ես Գյումրիում ապրել եմ, աշխատել եմ, պարզ է, այդ տարիների ընթացքում շփվել եմ շատ տարբեր խավերի կանանց հետ։ Ամեն մի դրվագում, ես կարծես․․․պատահական անուններ եմ տալիս տեսնում է Հասմիկին, մյուսում՝ Սուսանին․․․ Սա ոնցվոր Գյումրվա հավաքական կերպար լիներ, շատ համով, կոլորիտով»։ Իսկ Սոֆիկո Ճիաուրելին «Մեր մանկության տանգոն» կինոնկարը դիտելուց հետո ասել է. «Այսուհետեւ հայ կինոն իմ կարիքը չի զգա, իսկ վրաց կինոն իր ֆիլմերում նկարահանվելու համար կհրավիրի Գալյա Նովենցին»:



Կեղնի մի օր վերևից տեսնեմ, թե էս աշխարհը ընչիա սենց ծու~ռ․․․
Որդու՝ տաղանդավոր դերասան Ստեփան Ղազանչյանի մահից հետո, դերասանուհին, որ ոչ միայն հայկական կինոյում կերտեց հայ կնոջ ընտանիքին ու զավակներին նվիրված մոր կերպար, այլեւ՝ ճիշտ այդպիսին էր ընտանիքում, մեկնում է ԱՄՆ՝ թոռների մոտ։ Օտարությունը, սակայն, Գալյա Նովենցի համար չէր․ «Օտարությունը սոսկալի ցավ է։ Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել։ Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ։ Զանազան հանգամանքներ, պայմանականություններ նրանց կապում են օտար երկրին, երեխաներն են սկսում կրթություն ստանալ ամերիկյան կրթօջախներում, ամուսնանում են: Ես խորապես խղճում եմ այդ մարդկանց, ցավում եմ նրանց ճակատագրի համար, օտարության դատապարտված նրանց կյանքի համար։ Ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը։ Դա մի վերաշնորհ պարգեւ է, որի գինն օտարության մեջ ես հասկանում»:



Վերջին տարիներին նա ընդամենը 3 դեր կերտեց բեմում` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: 2012 թվականի, հուլիսի 22-ին դերասանուհին մահանում է։



ՀԳ․ «Ես խոսելու եմ առանց գերադրական մակդիրների, դրանք կարող են նսեմացնել արժեքը: Նաեւ չեմ կարող երկար խոսել, որովհետեւ ես կողքի մարդ չեմ, ճառ ասել չեմ կարող: Գալյան թե´ իր անձով, թե´ իր արվեստով խղճի մարմնացում էր: Մենք նույն կուրսում ենք սովորել, նա մեր քույրն էր 50 եւ ավելի տարի: Այո, նա իր արվեստով բերում էր խղճի գաղափարը, հայ կնոջ խղճի գաղափարը: Նա ներքին տարերքի դերասանուհի էր»։ -Հենրիկ Հովհաննիսյան



Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ