Իսկ կաթողիկոսի դստեր կոշիկի չափը Ձեզ չի՞ հետաքրքրում

Անշուշտ, մենք վստահ չենք, որ կուսակրոնությունը՝ չամուսնանալու պարտադրանքը, մեր եկեղեցում արդար է, եւ կողմնակից էլ չենք, որ այն պահպանվի: Բայց եթե եկեղեցին մի կառույց է, որը գործում է իր իսկ սահմանած կանոններով, ուրեմն պետք է դրանք պահպանի: Իսկ դրանց խախտումը մեղք է, ապօրինություն եւ հոգեւոր ու բարոյական նորմերի խախտում: Հայ առաքելական եկեղեցու եւ ընդհանրապես հանրության շրջանակներում մշտապես խոսում են այն մասին, որ մեր կաթողիկոսները խախտում են այս կանոնը եւ երկրային հաճույքներից զերծ չեն մնում: Ավելին՝ նրանք նաեւ զավակներ են ունեցել եւ ունեն, որոնց շրջապատում ճանաչում են որպես «կաթողիկոսի որդի», «կաթողիկոսի դուստր»: Բայց այդ ամենը մենք վերագրել ենք ասեկոսեների՝ մի մասին հավատացել ենք, մյուսները լեգենդ ենք համարել:
Մինչ այն պահը, երբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին մոտ կանգնած անձը մեզ տեղեկացրեց, որ «կաթողիկոսի աղջիկը Սարյան փողոցի վրա դեղատուն ունի: Անունն էլ Խաթուն է: Գարեգին Բ-ն ընդհատակյա դստերը կոչել է իր մոր անունով: 28-32 տարեկան կին է»: Երբ այցելեցինք Սարյան փողոցի դեղատները՝ Խաթունին գտնելու, կրկին լիահույս չէինք, որ տեղեկությունը հաստատվելու է: Սակայն որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ Սարյան 16 հասցեում գտնվող բավականին մեծ ու շքեղ «Curatio LTD» դեղատանը հայտնաբերեցինք Խաթունիկ Կտրիճովնային: Ի դեպ, անտեղյակների համար ասենք, որ Կտրիճը Գարեգին Բ-ի ավազանի՝ աշխարհիկ անունն է: Փաստորեն, այն ժամանակ կուսակրոն եպիսկոպոսն իր աղջկան տվել է մոր անունը եւ հայրանվան հարցում էլ չի կեղծել:
Դեղատան աշխատողներին խնդրեցինք կանչել Խաթուն Կտրիճովնային, սակայն վերջինս տեղում չէր: Աշխատողները փորձեցին կապ հաստատել նրա հետ, սակայն չպատասխանեց: Խնդրեցինք փոխանցել մեր հեռախոսահամարը: Ավելի ուշ մեզ զանգահարեց ոմն Արթուր եւ ներկայացավ որպես դեղատան տնօրեն. «Եթե Ձեզ Խաթուն Կտրիճովնան է պետք, ուրեմն նրա հետ պետք է հանդիպեք, ամենայն հավանականությամբ, Դուք երեւի թե այլ հարցով եք նրա հետ, ես չգիտեմ, բայց եթե կապված է դեղատան հետ, ուրեմն խնդրում եմ դեղատան հետ բոլոր հարցերով ինձ դիմեք»: Մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կապ ունի Խաթուն Կտրիճովնան «Curatio LTD» դեղատան հետ: «Ազիզ ջան, դա Ձեզ չի վերաբերվում ընդհանրապես: Եթե դեղատան հետ կապված հարցեր ունեք, խնդրեմ, եթե Խաթուն Կտրիճովնայի հետ անձնական հարցեր ունեք, ուրեմն ինքներդ էլ Խաթուն Կտրիճովնայի հետ Ձեր անձնական հարցերը պարզեք: Ես Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ հարց ունեմ քննարկելու, կարո՞ղ եք նրա հեռախոսահամարն ինձ տալ, իսկ Խաթուն Կտրիճովնայի կոշիկի չափը Ձեզ չի՞ հետաքրքրում պատահաբար»:
Ինչ խոսք, կոշիկի համարը՝ ոչ, բայց մեզ հետաքրքրում էր, ասենք, թե ինչ հաճախականությամբ են հանդիպում հայր եւ աղջիկ: Երբ նրան հարցնում են՝ ինչո՞վ է զբաղված Ձեր հայրը, ի՞նչ է պատասխանում: Այցելո՞ւմ է արդյոք կաթողիկոսի նստավայր, հայրիկն իր բիզնեսին տանիք կանգնո՞ւմ է: Ի դեպ, մենք հայտնաբերեցինք Խաթուն Կտրիճովնային ինտերնետում՝ Գրիգորյան Խաթուն Կտրիճի, մասնագիտությամբ՝ գինեկոլոգ, աշխատում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատանը: Անուն-հայրանունն այնքան եզակի է, որ գրեթե բացառված է սխալվելու հավանականությունը: Իսկ դեղատան տնօրենը, ով մեզ դիմելիս «ազիզ ջան» արտահայտությունն էր օգտագործում, Արթուր Չերքեզյանն է, մասնագիտությամբ՝ ռեանիմատոլոգ:
Կարծիքներ