Հասարակություն

Ամիրյանը հոգնեց Ջաղինյանի հետ բախումներից ու հեռացավ

Ամիրյանը հոգնեց Ջաղինյանի հետ բախումներից ու հեռացավ

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը գեղեցիկ հրաժեշտ էր բեմադրել: Առավոտյան աշխատողները գնում են աշխատանքի ու տեսնում պատին փակցված մի հուզական տեքստ. «Միշտ էլ գալիս է պահը, երբ ամեն սկիզբ իր ավարտն է ունենում: Սիրելի գործընկերներ, ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել եւ մասնակցելու եմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Հույս ունեմ, որ մեր աշխատանքային սկիզբը կունենա ոչ թե ավարտ, այլ շարունակություն` մի փոքր այլ ձեւաչափի մեջ»: Մնացյալը՝ շնորհակալություններ եւ բարի մաղթանքներ: Նույնը նա դրել էր իր ֆեյսբուքյան պատին: Ռադիոյի տնօրենը նաեւ ամանորյա փաթեթ է բաժանել 300-ից ավելի աշխատողներին. գինի՝ շշին ռադիոտան նկարը, շոկոլադներ՝ տարբեր լեզուներով շնորհակալություն Հանրային ռադիոլսողներին: Աշխատողները հուզված էին, շոկի մեջ, զարմացած՝ նախօրեին ոչինչ չէր կանխագուշակում Ամիրյանի հրաժարականը: 



Հանրային ռադիոյի տնօրենն անհամեմատ ավելի կարեւոր պաշտոն է, քան հեռուստառադիոխորհրդի անդամինը: Կարելի է ասել՝ թոշակառուի գործ: Խորհրդի անդամներն ազատ ժամանակ շատ ունեն, նրանք աշխատասենյակ են ստանում ռադիոտանը եւ բարձր աշխատավարձ, իսկ գործն այն է, որ ներկայանան խորհրդի նիստերին եւ «համաձայն լինեն» խորհրդի նախագահի բոլոր որոշումների հետ: Այս աշխատանքն Ամիրյանի համար իջեցում է: Մանավանդ, որ ավելի վաղ սպասվում էր, թե նա առնվազն մշակույթի նախարար կդառնա: Ասում էին՝ նման առաջարկ են արել Հովիկ Աբրահամյանին մի շարք մտավորականներ, եւ նա դեմ չէր Հասմիկ Պողոսյանին փոխարինել բավականին բարձր իմիջ ունեցող Ամիրյանով։



Երեկ առավոտից Ամիրյանի հրաժարականի տարբեր բացատրություններ էին հնչում ռադիոյին եւ հեռուստատեսությանը մոտ շրջանակներում: Առաջինը եւ հիմնականը` որ Ամիրյանը հեռանում է հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ լարված հարաբերությունների պատճառով, որ այնքան սուր էին նրանց միջեւ հակասությունները եւ ամենօրյա տարաձայնությունները, որ ռադիոյի տնօրենը հոգնեց պայքարից ու հեռացավ: Ի դեպ, խոսում են, որ տարաձայնությունները հիմնականում ֆինանսների ոլորտին էին առնչվում: Պատմում էին, որ նա տնտեսումներ ուներ, որոնց հաշվին մտադիր էր ռադիոյի աշխատողների աշխատավարձերը բարձրացնել, սակայն Ջաղինյանն այդ փողերը մտադիր էր այլ տեղում ծախսել, մասնավորապես՝ շինարարության վրա։ Արմեն Ամիրյանի մասնավոր ռադիոընկերությունը` «Ար» միջմայրցամաքային ռադիոն, շատերի աչքի փուշն էր դարձել: Այն տեղակայված է հենց Հանրային ռադիոյի շենքում` 4-րդ հարկում: Այն ժամանակ, երբ ռադիոտան շենքը կարոտ էր վերանորոգման, Ամիրյանի մասնավոր ռադիոկայանը ծաղկում էր: Այն հիմնովին վերանորոգված է եւ հագեցած գերժամանակակից տեխնիկայով:



Ի դեպ, այդ ռադիոկայանի կայքում` arradio.am, հատուկ բաժին կա` ֆինանսական հաշվետվությունների, որում որեւէ գրառում չկա: Մասնավոր ընկերություններ ռադիոտան շենքում ունեցել են եւ Ալեքսան Հարությունյանը` «Սիգմա ԹիՎի»-ն, եւ Տիգրան Նաղդալյանը` «Կայմ» հեռուստաընկերությունը: Ռադիոտան շենքում սա, կարելի է ասել, ավանդույթ է, ոչ մեկին չզարմացնող: Ինչպես ավանդույթ է նաեւ այն, որ յուրաքանչյուր շեֆի հեռանալուց հետո շենքից վերանում է նաեւ նրա ստուդիան: Չի բացառվում, որ այդպես լինի նաեւ «Ար» ռադիոյի հետ: Հիշեցնենք, որ Արմեն Ամիրյանին էր պատկանում նաեւ «Հայաստան» կինոթատրոնը, որը վերջերս վաճառել էր Գագիկ Ծառուկյանին: Այս կինոթատրոնի բացումը եղավ ամռանը: Ամիրյանի «Արմենակոբ» ՍՊԸ-ին պատկանող շենքը՝ Նորք-Մարաշում, որտեղ գտնվում էր համանուն հեռուստաստուդիան, նույնպես վաճառվել է: Զրույցներ կան նաեւ, թե Արմեն Ամիրյանը հեռուստառադիոխորհրդի հաջորդ նախագահն է լինելու եւ փոխարինելու է Ռուբեն Ջաղինյանին, որից վերեւներում այնքան էլ գոհ չեն: Թեեւ ոմանք այս լուրերին չեն հավատում եւ ասում են, որ իշխանությունը Ջաղինյանին շատ է սիրում։ Ամիրյանի համար հեռուստառադիոխորհրդի անդամի պաշտոնը թերեւս ժամանակավոր բան է, հերթապահ տրամպլին: Կապրենք՝ կտեսնենք:
Մենք ուզում էինք մեկնաբանություններ ստանալ Ամիրյանից նրա հեռացման բուն պատճառի, Ռուբեն Ջաղինյանի հետ հարաբերությունների, նաեւ նրան պատկանող ստուդիաների ճակատագրի վերաբերյալ, սակայն երեկ նա ամբողջ օրը չէր պատասխանում հեռախոսազանգերին: Ջաղինյանը նույնպես անհասանելի էր:



 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image