Հաշմանդամ կինը չի վստահում պոլիկլինիկային, ժամկետնանց դեղորայք են տվել նրան

Հաշմանդամ կինը չի վստահում պոլիկլինիկային, ժամկետնանց դեղորայք են տվել նրան

Նոր Նորք վարչական շրջանի հանրակացարաններից մեկի բնակչուհի Աննա Հովակիմյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն գտնվելով սոցիալապես ծայրաստիճան վատ վիճակում չի կարողանում հոգալ բուժման ծախսերը. «Իմ մոտ բարդ հիվանդություն է՝ բարդ կարգավիճակով: Ես դուռը բացելիս ձեռքս կոտրվեց, այդ աստիճանի ոսկրային փխրունություն ունի իմ հիվանդությունը: «Բոնվիվա» դեղն է ինձ նշանակված, որ առնվազն մեկ տարի պետք է խմեմ: Այդ դեղի մեկ հատն արժի 20 հազար դրամ: Առողջապահության նախարարությունից ասել են ինձ, որ մարդասիրական օգնության մեջ անգամ «Բոնվիվա» չեն ստանում, որ ինձ տրամադրեն»:



Աննա Հովակիմյանի խոսքով՝ ինքը 19 հազար դրամ հաշմանդամության թոշակ է ստանում արդեն 25 տարի և այդ 25 տարիների ընթացքում գոնե մեկ անգամ Նոր Նորքի պոլիկլինիկայից դեղ չի ստացել: Նա նաև նշում է, որ ոչ թե պոլիկլինիկան չի տրամադրել դեղորայք, այլ ինքը չի ցանկացել այնտեղից ստանալ, քանի որ իր համոզմամբ այդ դեղորայքները ոչ թե նրան օգնելու են, այլ վնաս են տալու. «15 տարի առաջ մի անգամ ես այն տեղից դեղ վերցրեցի, տվեց այտուցներ առաջացրեց, որ օպերացիայի հարց առաջացրեց: Այդ դեղը ռեվմատոլոգը նշանակեց, տվեց այտուց առաջացրեց, գնացի բժիշկի մոտ, նա էլ ասաց, որ դեղը հին է եղել, տուփի վրա ժամկետը նշված է եղել, որ պիտանի է օգտագործման համար, սակայն մեջում եղած դեղորայքն է ժամկետնանց եղել: Դրանից հետո էլ չդիմեցի իրենց, որովհետև նախ արդեն կողքերից լսելով, որ իրենց տված դեղերը ինչ վատ ազդեցություն են ունենում, և այս 25 տարիների մեջ վերջին մեկ տարին է, ինչ իմ հիվանդությունը այսպես գլուխ է բարձրացրել»:



Հանրակացարանի 17 մ/ք տարածքում բնակվում են Աննան և իր ամուսինը, որը ևս ունի առողջական լուրջ խնդիրներ, երկու անգամ սուր ինֆարկտ է ստացել, ֆիզիկական վիճակը բավարար չլինելու պատճառով ամռանը դուրս է եկել աշխատանքից, ամուսինն էլ ստանում է 16 հազար դրամ հաշմանդամության թոշակ: Տեսնելով իրենց անապահով վիճակը՝ Աննան դիմել է Առողջապահության նախարարություն՝ անվճար դեղեր ստանալու խնդրանքով, սակայն այնտեղից պատասխանել են, որ անվճար դեղորայք կարող են ստանալ իրենց վարչական շրջանի պոլիկլինիկայից: Տիկին Աննան պոլիկլինիկայից իրեն տրամադրված դեղորայքի ցանկը տարել է «Երևան Սիթի»-ի ցանցում գտնվող «Նատալի Ֆարմ» դեղատներից մեկը, որտեղ աշխատող դեղագետն ասել է, որ Կարդիո Ասպիրին տեսակի դեղորայք չունեն այս պահին, կարող են տալ Կալցիում ԱՍ. «Ապտեկայի աշխատողն ասում ա, եթե դժվար չի, տարեք պոլիկլինիկա, թող փոխեն, իսկ Բելիպրիլ 20-ի փոխարեն թող գրեն Բելիպրիլ 10: Ասի՝ դա ոչ ձեր և ոչ էլ իմ ասելով է, բժիշկը ինչ նշանակել է դա պետք է օգտագործենք, ինքն էլ ասում է՝ ի՞նչ անեմ, մեր մոտ այդ դեղերը սպառվել են: Նորից գնացի հետ, փոխեցի, պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն ասում ա ՝ թող Կալցիում ԱՍ խմի, ի՞նչ տարբերություն, գնեցի այդ դեղը, բայց ամուսինս չի խմում, գնելուց հետո զանգեցի սրտաբանին, արդյոք այդ դեղերը կարո՞ղ է խմել, ի վերջո 2 անգամ սուր ինֆարկտ է տարել, ստենդավորվել է սիրտը, սրտաբանն ասաց՝ ցանկալի չի այդ դեղը խմի: Ամուսնուս որպես երրորդ կարգի հաշմանդամ դեղերը գնում ենք 50 տոկոս զեղչով, իսկ ինձ անվճար է հասնում պոլիկլինիկայից»:



Աննան նշում է, որ տարիներ ի վեր տարբեր տեղեր նամակներ են գրել ամուսնու համար թեթև աշխատանք գտնելու նպատակով, սակայն ոչ մի տեղից չեն պատասխանել: Ամուսինը՝ Հմայակը, կարող է պահակի, անվտանգության աշխատանքի գործ կատարել:



Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ «Բոնվիվա» դեղորայքը հատկացվում է հիմնական դեղորայքի ցանկից, որը Առողջապահության նախարարի հրամանով է հատկացվում, տվյալ դեպքում «Բոնվիվա» դեղորայքը ցանկում առկա չէ, դրա համար պոլիկլինիկան հատկացնել չի կարող․ «Նախարարությունը մարդասիրական օգնությամբ դեղորայքին համարժեք փոխարինխողն է տրամադրում։ Մենք տրամադրում ենք պոլիկլինիկաններին, մասնագետները, ուսումնասիրելով հիվանդի էպիկրիզը, կարող են նշանակում անել։ Ամենաուշը մեկ ամսվա ընթացքում մենք ստանալու ենք այդ համարժեք դեղը, որը հատկացվելու է բոլոր պոլիկլինիկաներին։ Մենք 1 տարի է, ինչ այդ դեղից չենք ստացել, այժմ գտնվում է մաքսազերծման փուլում, լաբորատոր փորձաքննություն պետք է անցնի»։



Իսկ այն հարցին, որ տիկինը տասնյակ տարիներ չի ստացել, թեկուզ փոխարինող դեղորայքը, մեզ վստահեցրին, որ երբ մեկ ամսվա ընթացքում լինի դեղորայքը իրենք անձամբ կզանգահարեն տիկին Աննային և տեղյակ կպահեն դրա մասին։