Ավտոբուսը սղացել է, վարորդը վախեցել է՝ մի փորձանք բերի․ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն

Ավտոբուսը սղացել է, վարորդը վախեցել է՝ մի փորձանք բերի․ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն

Երեկ գիշերը Երեւանում տեղացած առատ ձյան պատճառով  Երեւանի քաղաքապետարանի ենթակայության «Ման» ավտոբուսները Նոր Նորքի 6-րդ զանգվածում չեն կարողացել շարունակել երթեւեկը, ուղեւորները ստիպված են եղել իջնել ավտոբուսներից։  «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ մերկասառույցն է եղել պատճառը, վարորդը վախեցել ու կանգ է առել։ 

«6-րդ Մասիվից դեպի 7-րդ Մասիվ գնացող ճանապարհին մի պահ մերկասառույց է եղել, ավտոբուսը սղացել է։ Վարորդը վախեցել է շարունակի, մտածել է՝ ավելի լավ է կանգնի, քան թե մի փորձանք լինի։ Ինչ մնում է նրան, որ 100 դրամները վերցրել են ու տեղ չեն հասցրել, հիշեցնեմ, որ ուղեւորները ավտոբուս բարձրանալիս անմիջապես վճարում են գումարը»,-ասաց նա։

Ճշտող հարցին՝ խոսքը մեկ ավտոբուսի մասին չէ, այլ մի քանիսի, տեսանյութերում երեւում է, որ միաժամանակ մի քանի ավտոբուսներ են կանգ առել, Մանուկյանն ասաց․ «Տարբեր գծեր են եղել, երեկոյան վարորդներից ճշտել եմ, որ մերկասառույցի պատճառով են կանգնել»։

Մանուկյանը վստահեցնում է՝  բոլոր ավտոբուսների անվադողերը նոր են, առաջարկում է գալ եւ տեղում համոզվել։ Որպեսզի վարորդները կարողանային շարունակել երթեւեկը, Մանուկյանի խոսքով՝ պետք է մաքուր լինեին ճանապարհները։ Մայրաքաղաքի ճանապարհներն անանցանելի են դարձել ժամանակին աղ չցանելու պատճառով․ աղ պետք է ցանել, դեռ ձյունը չեկած։

Ավելի վաղ գրել էինք, որ գիշերը տեղացած ձյան հետեւանքով ավտոբուսները կանգ են առել։ Ֆեյսբուքյան օգտատեր Նառա Վարդանյանի հրապարակած տեսանյութում մարդիկ իջնում են ավտոբուսներից եւ փորձում մի կերպ գնալ տուն։

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանն էլ իր էջում գրել է․
«Առաջին ձյան հետևանքները…
Երևան քաղաքում երեկ տեղած ձյան պատճառով հպարտ ու բարձրագույն արժեք հանդիսացող քաղաքացուն իջեցրել են ավտոբուսներից ու թողել փողոցում։
Իսկ ինչումն է խնդիրը՝ ավտոբուսների անվադողերը ամառային են ու երթևեկելի չեն։
Հակառակը՝ քաղաքի բյուջեյի գումարները ծախսվում են անճաշակ ու անսարք լուսավորության վրա։
Շենգավիթ վարչական շրջանը՝ շատ լավ օրինակ , անճաշակության ու գումարի մսխման առումով։
Խնդիրը ունի լուծում՝ ինչ է անհրաժեշտ կամք և խելք»։