Դատախազությունում դեռ չգիտեն ինչ է լինելու այդ 800 գործի ճակատագիրը

Դատախազությունում դեռ չգիտեն ինչ է լինելու այդ 800 գործի ճակատագիրը

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքն այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար: Հիշեցնենք, որ այս հոդվածը, չնայած մեծ դժգոհություններին եւ միջազգային ատյաններից բացասական վերաբերմունքին, Քրեական օրենսգիրք ներմուծվեց անցած տարվա օգոստոսի 30-ից։ Նախօրեին արդարադատության Կարեն Անդրեասյանը հաղորդեց, որ վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում. վիրավորանքի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3 մլն դրամի չափով: Մենք գրել էինք, որ այս վերոնշյալ հոդվածով ավելի քան 800 քրեական գործ կա հարուցված:

Ի վերջո այդ գործերն ի՞նչ ճակատագիր կունենան, 800 գործից քանի՞սն են ուղարկվել դատարան, քանի՞սն են քննության պրոցեսում, այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից: Աբրահամյանը հայտարարեց, թե այս պահին մանրամասներ չի կարող տրամադրել, քանի որ ոչինչ հայտնի չէ.

«Քրեական դատավարության կարգով գործերի ճակատագրերը կորոշվեն, այս պահին կարող եմ միայն ասել այսքանը», - նշեց նա: Մեր այն հարցին՝ իսկ ինչո՞ւ հստակեցված չէ այս հարցը, դատախազի խորհրդականը նշեց. «Ասում եմ քրեական դատավարության կարգով, տվյալ հարցը լուծում կստանա: Այսինքն` հստակեցնելու ի՞նչ կա, քրեադատավարական կարգով բոլոր գործերի հետ կապված հարցերը կլուծվեն», - եզրափակեց Գոռ Աբրահամյանը:

Հ.Գ Նկատենք, որ այդ քրեական գործերով անցնող մեղադրյալներին, փաստաբաններին, դատավորներին բոլորովին չի կարող բավարարել այս պատասխանը։ Առանց այն էլ մեկ տարվա ընթացքում հսկայական ռեսուրսներ են ծախսվել անպտուղ՝ մեծ թվով քննիչներ, դատավորներ, փաստաբաններ ժամանակ են վատնել, մարդկանց են տարել-բերել հարցաքննության, ապա դատավարության եւ վերջապես՝ կան նաեւ ավարտված գործեր․ դատավճիռներ են արձակվել եւ պետք է հասկանալ, թե դրանց բոլորի ճակատագիրն ինչպես է լուծվելու։ Օրինակ, մեր հեղինակ Էդիկ Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Նիկոլ Փաշինյանին քաղպուտանկա անվանելու կապակցությամբ արդեն մտել է դատարան։ Ինչ է սպասվում այս գործին։