«Իշխանություն». Ֆիլմ, որի ռեժիսորը Մհերն է, «պրոդյուսերը»`Սերժը

«Իշխանություն».  Ֆիլմ, որի ռեժիսորը Մհերն է,  «պրոդյուսերը»`Սերժը

Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերային էի շտապում, երբ փողոցում մի անծանոթ կին հեռվից ժպտալով մոտեցավ ինձ։ «Վահե ջան, ապրես, տղա ջան, ես ուղղակի քեզ դեմքով գիտեմ, ուզում եմ ասել՝ ծանր գործ եք անում»,-ասաց տիկինը՝ թերևս գնահատելով մեր՝ լրագրողներիս աշխատանքը այս իշխանության օրոք, նրանց գոյության պայմաններում։ Ապա տվեց ամենաբարդ հարցը՝ ի՞նչ է լինելու, գոնե հույս կա՞, որ լավ կլինի։ Տիկնոջը խաբել չկարողացա, չէի կարող ինքս ինձ կեղծել՝ ասելով, որ այո՝ լավ է լինելու, եթե ամեն ինչ արդեն շատ վատ է։ Ու նաև չգիտեի՝  ծաղրով ու ողբերգութւամբ ուղեկցվող այս ֆիլմի ավարտը, որում հայտնվել ենք մենք վերջին երեք տարում, ավելի՞ վատ է լինելու, քան հիմա է։ 

«Իշխանության» ֆիլմի ավարտը ևս, մեղմ ասած, լավ լինելու մասին չէր հուշում։ Ֆիլմն ավարտվում է անորոշությամբ․ չգիտենք՝ ինչ-որ մի հրաշքով լավ կլինի՞, կմնա այսպե՞ս, թե՞ էլ ավելի ողբերգական ավարտ է մեզ սպասվում։ Այսինքն՝ ֆիլմը չի ավարտվում, որովհետև չի ավարտվել այն իրականությունը, որի մասին պատմում է այդ ֆիլմը։ «Իշխանությունը» մեր սխալ անցյալի, դժգույն իրականության և անորոշ ապագայի մասին է, որում մենք հայտնվել ենք 2018-ի իրադարձությունների արդյունքում՝ որպես գլխավոր դերակատարներ։ 

«Մոսկվա» կինոթատրոնին մոտենալով՝ ընկերս, որը ՀՀԿ-ի բարիքներից այդպես էլ չօգտված անձնվեր հանրապետական է, անմիջապես մատնացույց արեց ֆիլմի գլխավոր դերակատարին՝ իրենց կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին, թե տես՝ նախագահն է նստած սրճարանում Ռիժի Լյովի՝ Լևոն Մնացականյանի հետ։ Անմիջապես հասկացանք՝ Սերժ Սարգսյանը ևս հրավիրված է ֆիլմի պրեմիերային, որպեսզի տեսնի, թե ինչպես են մի հատ էլ այս ֆիլմում իրեն մերժում։ Իսկ դրա արդյունքը եղավ այն, ինչի մեջ մենք հայտնվել ենք այսօր։ Այս ֆիլմը հենց մեր՝ բոլորիս մասին է։

«Քաքի մեջ ենք»,-շատ անկեղծ արձանագրեց ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը հենց ֆիլմի առաջին դրվագներում։

Դահլիճում Սերժ Սարգսյանի հետ իրենց մերժելու և Հայաստանը կործանման հասցնելու գեղարվեստական դրսևորումներին հետևում էին նախկին իշխանության այլ ներկայացուցիչներ ևս՝ Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, այլ  նախկիններ ու մի «կիսանախկին»՝ այս իշխանությունների կարճաժամկետ հերոս, հիմա՝ նրանց ոխերիմ ընդդիմադիր Արթուր Վանեցյանը։ 

Մհեր Մկրտչյանի հեղինակած «Իշխանությունը» թեթև մարսվող և ավելի շատ հանդիսատեսի էմոցիոնալ, ոչ թե գաղափարական ֆոնի վրա ազդող դրվագներով է աչքի ընկնում, որոնք դժվար է ասել՝ նստվածք կթողնե՞ն մարդկանց գիտակցության շերտերում, թե՞ ոչ։ Այն, կարելի է ասել, պոպուլիստական ժանրի դյուրամարս ֆիլմ է՝ պոպուլիստական իշխանության և պոպուլիզմով իշխանության եկած մարդկանց մասին։ Թերևս այլ կերպ չէին էլ կարող նկարել այս ֆիլմը։ Թեպետ՝ ֆիլմում մի այսպիսի արտահայտություն կա, որը վիճելի է դարձնում պոպուլիզմը՝ պոպուլիզմով թեզը․ «Պոպուլիզմի դեմ հնարավոր չէ պայքարել մեկ այլ պոպուլիզմով»։

Ֆիլմի բացումն արեց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ ներկայացնելով ռեժիսորին, ֆիլմը, դրա ստեղծման գաղափարը։ Ֆիլմի ավարտից հետո մոտեցա Ռուբոյին ու հարցրի՝ պրոդյուսները դո՞ւ էիր, ասաց՝ ոչ։ Անմիջապես ամրագրեցի իմ մեջ այն միտքը, որը եզրակացրել էի դեռ ֆիլմի առաջին րոպեներին․ «Իրականում այս ֆիլմի ռեժիսորը Մհերն է, «պրոդյուսերը»՝ Սերժը։ Եթե նա չուզենար, մենք այս ֆիլմում չէինք հայտնվի»։

Ֆիլմի մեկնարկից առաջ, մինչ Ռուբոն ներկայացնում էր Մհերին, Մհերը՝ դերասաններին, կողքս նստած բժշկուհին անընդհատ զանգ էր ստանում հիվանդանոցից։ «Այո, Սերգեևնա»,-ամեն անգամ ասում էր նա ու հուշում՝ ճնշումը նորից չափեք, այսինչ դեղը տվեք, հետո սա արեք, նա արեք։ Զգացինք՝ ծանր հիվանդ կար, որի վիճակը փորձում էր «օնլայն» կայունացնել երիտասարդ բժշկուհին։ Մի քանի րոպե տևած հեռախոսազրույցն ավարտվեց դրական նոտայով, ասել է թե՝ պացիենտի կյանքը փրկվեց, ու սկսվեց մեր կյանքի կործանման մասին պատմվող ֆիլմը՝ «պացիենտի» պատճառով։ Սերգեևնան, բարեբախտաբար, էլ չզանգեց:

Թեև բոլորիս համար ակնհայտ է՝ ովքեր են ֆիլմի հերոսները, ում մասին է ֆիլմը, սակայն ուշագրավ է, որ ֆիլմում  գլխավոր դերակատարների անուններն առհասարակ չեն տրվում՝ ոչ Սերժ Սարգսյանի, որին մարմնավորող դերասանը բավականին մոտ էր նրա կերպարին, ոչ Նիկոլ Փաշինյանի, ում մոտ, անկեղծ ասած, չէր հաջողվել լավագույնս ներկայացնել Փաշինյանի այն էքսցենտրիկ, տեղ-տեղ՝ հիստերիկ, հակասական, քննադատության առիթ տվող հատկանիշներով կերպարը, ինչպիսին նա կա իրականում։ Այս իմաստով, կարող ենք ասել, Նիկոլ Փաշինյանը ֆիլմում այն «կործանարար» կերպարում չէր ներկայացվել, ինչպիսին նրան այսօր բնութադրում են նույն այդ ֆիլմի հեղինակներն ու դրա վրա աշխատած անձինք։ Նիկոլին հիմնականում մարմնավորել էին չսափրված երեսով ու նրանից վերցրած մտքերով։ Ուշագրավ է, որ ֆիլմում բացակայում էր Չալոյի՝ Նիկոլ Փաշինյանին քայլերթի ժամանակ ուղեկցած վիրավոր շան կերպարը։

Ակնհայտ դրական, նույնիսկ՝ չափից ավելի դրական լույսի ներքո էր ներկայացված Սերժ Սարգսյանը՝ խոհեմ, իմաստուն պետական գործիչ, հանդուրժող երկրի ղեկավար, որը կարող է, բայց չի ցանկանում ուժ կիրառել  իրեն մերժելու համար Գյումրիից ճամփա ընկած արկածախնդիրների նկատմամբ։ Թեպետ՝ քաջ գիտակցում է, որ նրանք գալիս են Արցախի խնդիրը «լուծելու». տեսանք՝ թե ինչպես։

Չափազանց գեղեցիկ ու հրաշալի էր ներկայացված առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի կերպարը։ Այն իր փայլուն դերասանական խաղով լավագույնս մարմնավորում էր Մարջան Ավետիսյանը։ Նրա մասնակցությամբ դրվագները նաև ամենածանրն ու էմոցիոնալներից էին։ Պատկերացնում եմ՝ որքան դժվար էր այս ֆիլմը դիտելը հենց իր՝ Սերժ Սարգսյանի համար, որը նայում էր իր լուսահոգի կնոջը մարմնավորած դերասանուհու խաղը, որը ջանք չէր խնայել տիկին Ռիտային ներկայացնել իր բոլոր դրական կողմերով՝ հումորով, կենսուրախ, ամուսնուն հավատարիմ ու նրան ուժ տվող, միշտ պատաստ՝ օգնելու մարդկանց, իր հիմնադրամի միջոցներով փրկելու առողջական խնդիրներ ունեցող երեխաների կյանքերը։

Ֆիլմի ամենաուշագրավ կերպարը Ալիսայի կերպարն էր, որը մարմնավորում էր Մհեր Մկրտչյանի կինը` Անի Ղազարյանը։ Նա երիտասարդ, գեղեցիկ կին է, որն աշխատում է նախագահականում՝ որպես նախագահի օգնական, վարում է նախագահականի համարներով արծաթագույն BMW X6, տեսակով հեռատես ու սկզբունքային մարդ է, ով, սակայն, սիրահարվում է իր հետ նույն շենքում աշխատող մի տղամարդու, որը հետո պաշտոն է ստանում «հեղափոխական» կառավարությունում։ Նրա պաշտոնի գինը լինում է Ալիսայից զրկվելը։ Ալիսան նախկին իշխանության օրոք պաշտոն ունեցած և իրենց սկզբունքներին չդավաճանած կանանց, գուցե նաև՝ տղամարդկանց հավաքական կերպար է։ Նրա մեջ տարբեր կանայք իրենց գտան։ Որևէ մեկինը, իրականում, լիարժեք չէր համընկնում։ Ալիսայի կերպարում մի զգալի տոկոս Արփինե Հովհաննիսյանից կար, ում տան դիմաց 2018-ին «դավաճան» գրառումով պաստառեր էին փակցրել, ակցիաներ էին անում, և նա ստիպված էր այլ մեքենայով տանից դուրս գալ, որ գնա Սերժ Սարգսյանի հետ հանդիպման։ Նույն կերպ Ալիսայի տան դիմաց սև ժապավեններ էին փակցրել, և նա էլ ստիպված է լինում իր մեքենայի 089 UU 01 ծառայողական համարանիշները փոխել, հասարակ համարներ փակցնել, որ այդ կերպ քողարկվելով՝ գնա նախագահի հետ հանդիպման։ Ալիսայի և նախագահի միջև կայացած երկխոսությունն էլ իրական էր։ Արփինեն ինքն էլ մեզ հետ զրույցում հաստատեց, որ որոշ դրվագներում, այո, տեսել է իրեն։ Նաև  նախկինում նրա, նաև այլ գործիչների արտահայտած մտքերից որոշ մտքեր կրկնվում են այս ֆիլմում։ Ակնհայտ էր, որ ֆիլմի հիմնական գաղափարն արտահայտելիս օգտվել են ընդդիմադիր գործիչների ելությներից, գրառումներից։ 

Ֆեյսբուքյան գրառումներում նկատեցինք, որ Ալիսայի կերպարի մեջ իրենց գտել էին նաև այլ ընդդիմադիր կանայք, օրինակ՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Նույնիսկ Ռուբեն Մխիթարյանին էին «հայտնաբերել» Ալիսի կերպարում, քանզի նշեցինք՝ Ալիսան հավաքական կերպար է, պարզապես կնոջ տեսքով։ 

Ֆիլմի ընթացքում հասցրի առանձնացնել մի քանի ուշագրավ երկխոսություններ ու արտահայտություններ։ «Մտիր ֆեյսբուք ու կտեսնես այն նույն երեխայի հորը, ում երեխայի կյանքը դու փրկեցիր»,-ասում է նախագահը տիկնոջը։ 

«Հպարտանում ա, որ մի կաթիլ արյուն չի թափվել, ու բոլորը շնորհակալ են նրան, ոչ թե Ձեզ»,-նախագահին համարձակվում է հանդիմանել օգնականը՝ Ալիսան։

«Ես նրան չեմ պարտվել, ես պարտվել եմ ավելի հզոր ու խելացի մարդկանց»,-արդեն հրաժարականից հետո խոստովանում է նախագահը։

«Հաշվիր, որ ես ծառայում եմ հրեշի, բայց դա ավելի պատվաբեր է, քան ծառայել խեղկատակի»,-ասում է Ալիսան իր սիրեցյալին, ով դեմ է գնում իր սկզբունքներին հանուն պաշտոնի։

«Իշխանությունից հրաժարվելու համար պետք է կյանքում դրանից թանկ բան ունենաս»,-հրաժարականի իր տեքստն այդպես է արդարացնում մերժված նախագահը։ 

Ֆիլմն ավարտվում է ծանր դրվագներով՝ կարծես անավարտ թողնելով սցենարն ու կուլմինացիան։ Վերջաբանը արցախյան երկրորդ պատերազմն է, դրանում կրած պարտությունը՝ Շուշիի Ղազանչեցոցի, հրետանու հարվածների և զինվորների ծանր դրվագներով։ Ամենածանրը, սակայն, վերջաբանում չերևացող լույսն է, անորոշությունը։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը, ցավոք, չեն կարողացել գոնե ֆիլմում կանխատեսել այն պայծառ ապագան, որի վերաբերյալ հույսի նշույլներ են փնտրում փողոցում ինձ ու մեզ հանդիպող մարդիկ՝ հարցնելով․ «Գոնե լա՞վ է լինելու»։ Անորոշությունն ու մահվան դատապարտվող հույսը ավելի ծանր էր։ 

Ֆիլմի ավարտից հետո դահլիճում թանձր լռություն էր կախված։ Հնչեցին լուռ ծափահարություններ։ Հանդիսատեսը բախվել էր այն ծանր իրականությանը, որը հրամցվեց իրեն գեղարվեստական պատումի տեսքով։ Լույսերը վառվեցին․ հանդիսատեսի աչքերը թաց էին։ Ֆիլմի վերջին րոպեներն անցել էր կոկորդները սեղմող հուզմունքով։ Ֆիլմն, այս իմաստով, հաջողված էր։