«Հրապարակ». Հականիկոլական ելույթները չեն տեղադրվել

«Հրապարակ». Հականիկոլական ելույթները չեն տեղադրվել

Չնայած Նիկոլ Փաշինյանը նախօրեին բացահայտ խոստովանեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, սակայն Արցախում դեռ կան նիկոլահպատակներ, որոնք ծառայություններ են մատուցում Արցախը հանձնողին։

Նախօրեի ուշ գիշերը Արցախի խորհրդարանի հրավիրած արտահերթ նիստը, որի ընթացքում համատեղ հայտարարություն ընդունվեց, Արցախի Հանրային հեռուստաընկերության կայքում տեղադրվել է մոնտաժված՝ դուրս են թողնվել Նիկոլ Փաշինյանի հասցեին կոշտ քննադատություններ հնչեցրած պատգամավորների ելույթները։

Խոսքն «Ազատ հայրենիք» իշխանական ֆրակցիայի պատգամավոր Աշոտ Դանիելյանի մասին է, ով իր ելույթում «կապիտուլյանտ» բնորոշումը տվեց, ընդ որում՝ մի քանի անգամ։

Մյուսն «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ելույթն է, որտեղ նա հայտարարեց, թե դեռ ապրիլի 14-ին է ասել ու հիմա էլ կրկնում է՝ «ով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչի, պետական դավաճան է»։

ՀԳ Լուրը հրապարակվելուց հետո ստացանք Արցախի հանրային հեռուստեսության պարզաբանումը․

«Տեղեկացնում ենք, որ հիշյալ նիստն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվել է Արցախի հանրային հեռուստատեսության ֆեյսբուքյան էջով ու յութուբյան ալիքով: Ավելի ուշ, տեխնիկական դադարները մաքրելուց հետո, նույն նիստի տեսագրությունն ամբողջությամբ հեռարձակվել է նաեւ հանրային հեռուստատեսության եթերով:

https://youtu.be/Y93C9o79blU -Ուղիղ եթերի հղումը

https://youtu.be/6FJ1xx7CBL0 -Տեխնիկական դադարները ապամոնտաժված տարբերակը

Եթե «Հրապարակ օրաթերթ» -ի մեղադրանքը հանրային հեռուստատեսության Լրատվական թողարկման ընթացքում հեռարձակված տեսանյութին է վերաբերում, ապա ելույթ ունեցած պատգամավորներից տեսանյութում ներառվել են յուրաքանչյուր խմբակցությունից մեկական ներկայացուցիչ՝ խմբակցության ղեկավարի՝ ելույթ ունենալու պարագայում խմբակցության ղեկավարը, հակառակ դեպքում՝ խմբակցությունից ելույթ ունեցած պատգամավորներից մեկը: Այդ տրամաբանությամբ Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցությունից /այդ խմբակցության անդամն է նաեւ Աշոտ Դանիելյանը/ ներառվել է խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքը, իսկ Արդարություն խմբակցությունից /այս խմբակցությունից է Մետաքսե Հակոբյանը/ խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը»: