Վարազդատ Կարապետյանն ու մյուս «կանաչները» կլքե՞ն «Իմ քայլը»

Վարազդատ Կարապետյանն ու մյուս «կանաչները» կլքե՞ն «Իմ քայլը»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, որը, ասում են, դեռ դիմադրում է Ամուլսարի հարցում եւ չի տրվում ճնշումներին, շարունակում է մնալ այն համոզմանը, որ հանքի շահագործումը կարող է վնասակար լինել բնությանը։ Ու քանի որ վարչապետը հակված է հանքը շահագործելուն, տեղեկություն կա, որ «Իմ քայլի» բնապահպանների թեւը՝ Վարազդատ Կարապետյան, Միքայել Զոլյան, չի բացառվում՝ նաեւ Լենա Նազարյան, դուրս գան ֆրակցիայից, անկախանան եւ նոր ֆրակցիա ձեւավորեն։

«Ամուլսարի թեմայով ես ավելացնելու բան չունեմ էս պահի դրությամբ, հենց որ կունենամ ասելիք, անպայման լրագրողներին կհրավիրեմ, կասեմ»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Վարազդատ Կարապետյանը։

- Այսինքն՝ Դուք շարունակում եք մնալ այն կարծիքին, որ պետք է հանքը չշահագործվի՞։

- Այո, ես ռիսկեր եմ տեսնում, եւ բոլորը գիտեն այդ մասին։ Բայց կառավարությունն աշխատում է, եւ ես կողմ եմ, որ կառավարությանը հնարավորություն տանք այդ գործով զբաղվելու։ Երբ որ նոր իրավիճակ կլինի, եւ ես կունենամ ասելիք այս թեմայով, անպայման կասեմ։

- Այստեղ քաղաքակա՞ն որոշում պետք է կայացվի, թե՞ նոր փորձաքննություններ պետք է անցկացվեն, որոնք կարող են նոր իրավիճակ ստեղծել։

- Կարծում եմ, որ կառավարությունը գնում է վարչական որոշման ճանապարհով, այսինքն՝ կառավարությունը գնում է տեսչական ստուգման եւ դրա միջոցով նաեւ ելակետային տվյալները հասկանալու ճանապարհով, նաեւ՝ իրավական հիմքերի ճանապարհով։

- Պարոն Կարապետյան, Ամուլսարի թեման կարծես պառակտում մտցրեց պատգամավորների շրջանում, կարծիքները կիսվեցին, ձեր խմբակցությունից պատգամավոր մանդատը վայր դրեց։ Ի վերջո, ի՞նչ իրավիճակ սպասենք, կարո՞ղ է ձեւավորվի պատգամավորների առանձին խումբ, որոնք դեմ են հանքի շահագործմանը, եւ առանձնանան, դեմ դուրս գան իշխանությանն ու վարչապետին։

- Ես կարծում եմ, որ մեր խմբակցության մեջ կան տարբեր կարծիքներ, եւ դա շատ լավ է, եւ մենք պարտավոր ենք այդ կարծիքներն այնքան իրար հետ քննարկել, մինչեւ իրար համոզենք։

- Ճնշումներ չկա՞ն կարծիքների փոփոխման համար։

- Մենք նման ֆորմատ չունենք, որ իրար ճնշենք։

- Վարչապետի կողմից, ասենք՝ խիստ տոնով հայտարարություն, որ պետք է հանքը շահագործվի եւ վերջ։

- Վարչապետն ԱԺ-ին հանձնարարական տալու հնարավորություն չունի, եւ ինքն աշխատում է թույլ տալ, որ խմբակցությունն ինքնուրույն որոշումներ կայացնի, եւ հիմա խմբակցությունն այդ ճանապարհով գնում է։

- Տեղեկություն կա, որ Դուք հնարավոր է խմբակցությունից դուրս գաք եւ ոչ միայն Դուք, նաեւ՝ Միքայել Զոլյանը, գուցե՝ Լենա Նազարյանը, այսինքն՝ խմբակցության «կանաչ» հատվածը։

- Ես իմ կողմից կարող եմ այդ հարցին պատասխանել՝ չկա նման բան, ես կարծում եմ, որ հիմա մեր միասնությունը՝ որպես խմբակցություն, երկրի անվտանգության համար շատ կարեւոր է։ Եվ դրա համար այդ միասնությունը պետք է պահվի։

- Բայց Էդգար Առաքելյանն էլ էր խոսում միասնական լինելու մասին, հետո մանդատը վայր դրեց։

- Ես չեմ կարող, գիտե՞ք, մարդկանց գործողությունները մեկնաբանել, Էդգարին ես շատ եմ հարգում՝ որպես իմ գործընկեր, բայց ինքն այդ ճանապարհն ընտրեց, ես այդ ճանապարհը չեմ ընտրել։

- Հիմա ձեր խմբակցությունում միասնության ի՞նչ ցուցիչ կա, որ մենք հասկանանք՝ միասնական եք։

- Մենք հիմա մշակում ենք որոշումների ընդունման ներքին ընթացակարգեր, որովհետեւ մենք էլ ենք հասկանում, որ նմանօրինակ մեծ խմբակցությունը պետք է որոշակի կանոններ ունենա։ Իհարկե, մենք ունենք որոշակի կանոնադրություն, բայց դրա լրամշակման ուղղությամբ ենք աշխատում։ Ես կարծում եմ, որ մենք ավելի ուժեղացած պետք է այս պրոցեսից դուրս գանք։ Այսինքն՝ ինչքան էլ որ բարդ է իրավիճակը, ինչքան էլ որ տարբեր արժեքներ ունեցող մարդիկ կան մեր մեջ, բայց մենք պետք է փորձենք հիմա մեր երկրի զարգացումը, ապահովությունը, անվտանգությունը որպես առանցքային արժեք դիտարկել եւ դրանից բխեցնել մեր մնացած որոշումները։

- Այդուհանդերձ, վարչապետը կարծես թե հակված է հանքի շահագործմանը։

- Ես նման տեղեկատվություն չունեմ։

- Ամեն դեպքում՝ չի ասում, որ հանքը չպետք է շահագործվի։

- Նա ասում է, որ մենք գնում ենք իրավական ճանապարհով։ Եվ, որպես երկրի վարչապետ, կարծում եմ՝ իր միակ հնարավորությունն է դա։

- Շատ լավ, եթե գնացինք իրավական ճանապարհով, որը ցույց տվեց, որ հանքը պետք է շահագործվի, ոստիկանությանն էլ հանձնարարական տրվեց, որ պետք է բացեն հանքի ճանապարհը, Դուք ի՞նչ դիրքորոշում կունենաք այդ հարցում։

- Ես հիմա չեմ ուզում այդ թեմային անդրադառնալ այստեղ, որովհետեւ ինքը շատ կանխավարկածային թեմա է։ Եթե նման իրավիճակ տեղի ունենա, ես իմ դիրքորոշումը կարտահայտեմ։

- Հնարավո՞ր է, օրինակ, Ձեր մանդատը վայր դնեք կամ դուրս գաք խմբակցությունից։

- Ես այս պահին չեմ կարող այդ կանխատեսումն անել, որովհետեւ շատ գործոններ կան, որոնք ազդում են այդ որոշման վրա։ Ենթադրենք՝ հանքը բացել-չբացելու կամ ուժային գործողություն անել-չանելու վրա։ Այսինքն՝ հիմա չեմ կարող Ձեր հարցին պատասխանել։

- Պարզապես լուրեր կան, որ Արման Բաբաջանյանի՝ իրենց խմբակցությունից դուրս գալը սկիզբն է այդ գործընթացի, եւ կարող է «Իմ քայլից» էլ պատգամավորներ դուրս գան ու Բաբաջանյանի հետ առանձին խմբակցություն ձեւավորեն։ Հնարավոր համարո՞ւմ եք նման սցենար։

- Ոչ։ Այսինքն՝ ես չեմ կարող 87 մարդու անունից խոսել, ես իմ անունից կարող եմ ասել՝ ոչ։

- Ի դեպ, Լենա Նազարյանին էլ քննադատեցին այն պատճառով, որ նախկինում եղել է բնապահպան-ակտիվիստ, այսօր սկզբունքայնություն չի դրսեւորում եւ հանուն բնության պահպանման, օրինակ, մանդատը վայր չի դնում։

- Շատ լավ հարց եք տալիս։ Նախ՝ առաջինը, երբ որ ասում եք՝ վարչապետի կողմից է կայացվում, այդտեղ սխալ կա, որովհետեւ որոշումը պետք է կայացվի կառավարության կողմից՝ օգտագործելով կառավարության բոլոր ինստիտուտները, որոնք պետք է մասնակցեն այդ որոշմանը։ Այսինքն՝ եթե մենք միանձնյա որոշում կայացնող ունենք, դա արդեն շատ վատ բանի մասին է վկայում։ Եվ ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք այդ ճանապարհով գնալ, որոշումը պետք է կառավարությունը կայացնի, եւ պետք է կայացնի իր բոլոր ինստիտուտները, բոլոր հնարավորություններն օգտագործելու միջոցով՝ տեսչական ստուգումներ, ՊԵԿ ստուգումներ, տարբեր փորձաքննություններ եւ այլն։ Դա՝ առաջինը։ Դա նշանակում է նաեւ, որ մենք վարչապետին էլ ենք փորձում ազատել այդ որոշումը միանձնյա կայացնելու պատասխանատվությունից եւ հասկանում ենք՝ մեր երկրում առկա ինստիտուտներն ինչ կարգավիճակ ունեն հիմա, եւ այս մեծ մարտահրավերը, որ դրված է մեր առջեւ, այդ ինստիտուտները մարտահրավերին ո՞նց են դիմանալու հիմա։ Ես էլ հիմա սպասում եմ այդ ինստիտուտներին։

- Բայց վարչապետը կարող է ներքին որոշում ունենալ եւ այդ ինստիտուտներն ուղղակի օգտագործի իր որոշումը լեգիտիմացնելու համար։

- Ես չեմ հավատում դրան, որովհետեւ այս ամբողջ հեղափոխությունը դրա հակառակի մասին էր, որ ներքին որոշում չկա։ Եթե ես հավատամ դրան, նշանակում է՝ ես չեմ կարող նույն ճանապարհով անցնել։