Դժվարը տնից մինչեւ դահլիճ ճանապարհն է՝ խցանումներով հանդերձ

Դժվարը տնից մինչեւ դահլիճ ճանապարհն է՝ խցանումներով հանդերձ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Դանիել Երաժշտի հետ զրուցելու առիթը օրեր առաջ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած համերգն էր՝ մասնակցությամբ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Ֆելիքս Հարությունյանի եւ միջազգային մրցույթների դափնեկիր, երգեհոնահարուհի Անաստասիա Իգոշինայի։ Համերգն ունիկալ էր ոչ միայն իր ծրագրով, որտեղ ներառված էին Բարոկկո շրջանի եւ հայ միջնադարյան հոգեւոր երաժշտության գործեր, այլ նաեւ նրանով, որ այն վարում էր հենց Դանիել Երաժիշտը:

Դանիել Երաժիշտը համեստորեն նշում է՝ Ֆելիքս Հարությունյանը իր թոռն է, որը նույնպես ջութակահար է, ինչպես բոլորն իրենց տանը․ «2 դուստրերս եւ 3 թոռներս բոլորը ջութակ են նվագում։ Իսկ ֆելիքսը 3 միջազգային մրցույթների հաղթող է, այնպես որ նա առաջատարն է։ Փայլուն համերգ էր, դահլիճն էլ լեցուն էր երաժշտասերներով։ Ծրագիրը ընտրված էր բարձր ճաշակով։ Այդ տեսակ համերգ՝ ջութակի եւ երգեհոնի զուգակցությամբ մեզ մոտ հաճախ չի լինում, գործեր կային, որ առաջին անգամ էին հնչում Հայաստանում։ Ինչումն էր իմ դերը․ քանի որ սաղմոսները, տաղերը նվագարաններով են մատուցվում իմաստ ունի, որ ասես թե դրանց նախաստեղծ, բանաստեղծական տեքստը ինչի մասին են, որպեսզի ավելի գիտակցված ու սթափ ընկալվի, սրտին գումարվի նաեւ բանականությունը, քանի որ երաժշտությունն անտեսանելի է, ֆանտազիայի համար մի ուղղորդիչ կայծ է պետք»։

Նա նկատում է՝ աշխարհի ամենահամերգաշատ քաղաքն է դարձել Երեւանն՝ իր փառատոններով, համերգներով, հոբելյաններով, շնորհանդեսներով․ «Այդ տիպի հոծ համերգային գործնեություն վայել է միլիոնանոց քաղաքների եւ մեր ժողովուրդը չի հասցնում այդ բոլորը յուրացնել։ Բժշկության մեջ ասում են՝ խնդիրը ոչ թե ուտելու մեջ է, այլ կերածը յուրացնելու եւ էներգիայի ու մտքի վերածելու մեջ։ Ժողովուրդն արդեն չի հերիքում համերգներին։ Երբեմն ստացվում է, որ մեկ օրվա մեջ կարող է երկու համերգ լինել, մեկ շնորհանդես, որոնց չհասցնես գնալ։ Բացի դրանից այդ ամենը չի համապատասխանում մեր սոցիալական պայմաններին՝ օրինակ տրանսպորտի, երթեւեկության հետ։ Լավ կլիներ նոսրացնել այդ համերգային կյանքը, թող գյուղերում էլ երջանկանան, մարդիկ ծարավ են նման բաների։ Բայց նույնիսկ եթե դա լինի, մարդը համերգ գնալու համար պիտի «ախորժակ» ունենա։ Երբ մարդու սիրտը կոտրած է, ինչ խոսք, եթե գնա համերգ՝ կմխիթարվի, բայց դժվարը տնից մինչեւ դահլիճ ճանապարհն է՝ խցանումներով հանդերձ ու չիմանալով թե ոնց ես վերադառնալու տուն։ Այսինքն միայն համերգ տալը չէ, պետք է հաշվի առնել նաեւ այդ խնդիրները»,-ասում է նա ու հավելում, որ այս դեպքում ամեն կողմն էլ ունի իր անելիքը, եթե օրինակ մշակույթի նախարարությունն անի ամեն ինչ, բայց տրանսպորտի նախարարությունը վատ աշխատի, համերգները չեն լինի, այսինքն թեկուզ միջնորդավորված բայց ամեն մի գերատեսչություն իր դերն ունի մշակույթի զարգացման հարցում, իսկ նախարարությունն արդեն պետք է բեմադրի հասարակության մշակութային դաշտը, ոչ թե գրաքննի։

Դանիել Երաժշտի կարծիքով, լինում են համերգներ, որ ուղղակի գլուխգործոցներ են ներկայացնում, հրավիրվում են կարկառուն երաժիշտներ՝ համաշխարհային մակարդակի․ «Կարող եմ ասել, որ սա եվրոպական, համաշխարհային մակարդակ է՝ նաեւ իր ձեւով, բովանդակությամբ, կատարումով, բայց ինչպես մեր հանրության, ժողովրդի մեջ կա բեւեռացում՝ ծայրահեղ հարուստներ եւ ծայրահեղ աղքատներ, այնպես էլ արվեստում՝ կա ծայրահեղ բարձրագույն արվեստ եւ ծայրահեղ ցածրագույն չարվեստ։ Դա ասում եմ 2 իմաստով՝ եւ ոչ արվեստ եւ չարի արվեստ։ Մենք զերծ չենք նաեւ մշակութային պատերազմից, ժողովրդին ավելի շատ ռաբիս եւ օտարածին, խառնիճաղանջ թափոններ են մատուցում, հերիք չի խառնածին են, մի հատ էլ թափոններն են։ Մենք գիտենք, որ ամենազորեղ զենքը արվեստն է, որովհետեւ մարդը չի դիմադրում արվեստին եւ այդ Տրոյական ձին մտնում է քո հոգին եւ ավերածություններ է տեղի ունենում։ Արվեստը մեծ զենք է, որը շոու բիզնեսը գիտակցաբար օգտագործում է, քանի որ փող է պետք։ Ոչ մի ծնող եւ ուսուցիչ չի կարող հսկել մեր դպրոցականների բջջայինները, որտեղ ինչ ռաբիս երաժշտություն ասես չի հնչում։ Մեր մատաղ սերնդին չեն թողնում, որ հանդիպի իր ազգային աղբյուրին։ Երբեք աշխարհը չի եղել այսքան ներդաշնակ իր այլանդակության մեջ, անգամ մանկական սնունդն են կեղծում, դեղերը, այդ մարդուն էլ ո՞նց ասես երաժշտություն լսի, նա այլեւս սրբություն չունի»,-ասում է նա ու կողմ արտահայտվում ռաբիսն արգելելուն։ Ավելին՝ ռաբիսի հարցը ինքը՝ Դանիել Երաժիշտը, ամենաբարձր մակարդակով արծարծել է, բայց անօգուտ․

«Ոչ մի նախարարություն, կոնսերվատորիա այդքան չի զբաղվում մեր մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությամբ, որքան երթուղայինի վարորդները։ Ես շատ եմ բախվել նրանց հետ, եղել է խնդրել եմ անջատել երաժշտությունը, մի անգամ ասեցին՝ ինչո՞ւ, ասացի, որովհետեւ այստեղ կանայք եւ երեխաներ կան, անհարմար է, բայց ավելի ուժեղացրեցին ու 3 հոգով ինձ իջեցրեցին մեքենայից, թե բա՝ էստեղ կկանգնես այնքան ժամանակ մինչեւ առանց ռաբիս երաժշտության մեքենա գա ու գնաս տուն, այսինքն վստահ էին, որ գիշերը մնալու եմ դրսում։ Այսպիսի բաներ շատ է եղել եւ կարելի է ասել ես նրանց զոհն եմ։ Այդ երգերը հիմնականում սեքսուալ բնույթի են, ուրիշի սեռական թափոնները գցում են ժողովրդի վրա, դա նույնիսկ հիգիենայի հարց է, դրանով պետք է զբաղվի արդեն սանէպիդկայանը։ Պետք է արգելել այդ երաժշտությունը, որովհետեւ դա պատերազմ է։ Ես չեմ ասում ընդհանրապես չլինի, թող լինի իր տեղում, իր ժամանակ, ոչ թե շուրջօրյա եւ դա չօգտագործեն մարդկանց վրա իշխելու, զոմբիացնելու, ազգին արմատներից կտրելու համար։ Մի մարդ, որ չունի ազգային պատկանելիություն դառնում է ստրուկ, իսկ ստրուկի հետ ինչպես ուզենաս կվարվես»։