Հարցազրույց

«Հրապարակ»․ Արցախը բլոկադայի ենթարկողները պատրաստվում են COP 29-ում արշավ իրականացնել ՀՀ-ի դեմ

«Հրապարակ»․ Արցախը բլոկադայի ենթարկողները պատրաստվում են COP 29-ում արշավ իրականացնել ՀՀ-ի դեմ

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանն այս տարի նոյեմբերին կայանալու է Ադրբեջանում: Չնայած Հայաստանը կամովին հրաժարվեց իր հայտից` նստաշրջանը Երեւանում անցկացնելու հետ կապված, եւ այդ հրաժարումը բացատրեցին նրանով, որ 2023-ի դեկտեմբերին Ադրբեջանը 32 գերի վերադարձրեց մեզ, բայց Բաքուն շարունակում է խոշտանգել մյուս հայ ռազմագերիներին, այդ թվում` Արցախի 8 ղեկավարներին: 

Կան տեսակետներ, որ եթե նախքան COP 29-ը հայ ռազմագերիներին Ադրբեջանը չվերադարձնի հայկական կողմին, ապա դրանից հետո պրոցեսն ավելի կբարդանա: Եվ այս ուղղությամբ պետք է ոչ միայն պետությունը հստակ ու նպատակային քայլեր իրականացնի, այլեւ հասարակությունը: Այս առումով խիստ կարեւոր է մեր բնապահպանների, քաղհասարակության դերը, սակայն նրանք պասիվ են:

Էկոլուր տեղեկատվական ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանին այս թեմայով մի քանի հարց ուղղեցինք:

- Կան տեսակետներ, որ COP 29-ը, որը տեղի է ունենալու Բաքվում, կարող է հարմար առիթ լինել, որպեսզի հասնենք հայ ռազմագերիների վերադարձին: Հետաքրքիր է` ի՞նչ զեկույցներ եք ներկայացնում միջազգային գործընկերներին: Ի՞նչ աշխատանքներ եք կատարում այս մասով, առհասարակ:

- Մենք ու քաղհասարակության մյուս ներկայացուցիչները քայլեր ձեռնարկում ենք, բայց գերիների հարցով չենք զբաղվում, դուք շատ եք գերիների մասին խոսում, իսկ մենք չենք կարող զբաղվել այդ հարցով: Մենք բարձրացնում ենք խնդիր` քաղհասարակության ներկայացուցիչների` COP 29-ին մասնակցելու վերաբերյալ: Քաղհասարակությունը ցանկացած COP-ի ժամանակ բարձացնում է տարբեր խնդիրներ, քանի որ լինել քաղհասարակություն, նշականում է լինել անկախ` քաղաքական օրակարգերից, պահանջներից: Տվյալ պարագայում` կլիմայական հարցերով պետք է քաղհասարակությունը լինի զբաղված, բայց այստեղ հարց է առաջանում` արդյո՞ք հայ քաղհասարակությունը COP 29-ի ժամանակ Ադրբեջանում պաշտպանված կլինի: Նախադրյալները հուշում են, որ պաշտպանված չենք լինի: Բաքվում այլ երկու խոշոր միջոցառումներ էլ են եղել` էներգետիկայի հետ կապված, երեկ տեղեկացա, որ երեք բրիտանացի լրագրող դուրս են հանվել Ադրբեջանից` միայն այն բանի համար, որ բարձրաձայնել են Ալիևի հետ կապված հարցեր: Մենք նյութեր ենք հավաքում և պատրաստվում ենք քայլեր ձեռնարկել: Անվտանգության հարցը շատ կարևոր է, COP-ին մի քանի հազար մարդ է մասնակցում, և անհնար է պատկերացնելը, որ բոլորի անվտանգությունն ապահովված է: Քաղհասարակությունն անպաշտպան է, գուցե դուրս հանելու փոխարեն այլ քայլի էլ դիմեն: COP-ը չի կազմակերպվում հենց այնպես, նախնական տարբեր միջոցառումներ էլ են լինում, ֆինանսական տարբեր հարցեր են քննարկում, էներգետիկ միջոցառումներ կազմակերպում: 

- Իսկ դուք և մյուս ՀԿ-ների ներկայացուցիչները ցանկանո՞ւմ եք գնալ Բաքու, որ անհանգստանում եք ձեր անվտանգության համար:

- Այն, ինչ կարող ենք մենք` ինքներս փոխանցել, գուցե չկարողանան փոխանցել ուրիշները, այդպիսի խնդիրներ են առաջանում: Նա, ով իր ելույթում մի բացասական խոսք հայտնի, կարող են շատ վատ վերաբերվել: Ինձ ծանոթ բոլոր հասարակական կազմակերպություններն ունեն շատ բացասական կարծիք այս մասին: Մենք արդեն իսկ մեկ անգամ տարբեր ստորագրություններով կոչ ենք արել, որպեսզի քաղհասարակությունը բոյկոտի COP 29-ին: Քաղհասարակությունը պետք է իրեն անպայման ազատ զգար, կարծիք արտահայտեր, բայց հաստատ Բաքվում այդպիսի բան չի կարող լինել: Այնպես որ, Հայաստանից դժվար թե ինչ-որ մեկը մասնակցի COP 29-ին: Ու ասեմ, որ Ադրբեջանում ազատ կարծիք արտահայտելու խնդիր ունեն բոլորը, Բաքուն, հստակ կարող ենք արձանագրել, սահմանափակում է մարդկանց խոսքը, արդեն մի քանի նման դեպք եղել է: Ադրբեջանի քաղհասարակությունն էլ շատ նեգատիվ ձևով արդեն հայտարարել է, որ պատրաստվում է COP 29-ին Հայաստանի դեմ ներկայացնել տարբեր զեկույցներ, թե իբրև Հայաստանն իր գործունեությամբ վտանգ է ներկայացնում հարևան երկրների համար և այլն: Հստակ այդ մասին խոսել են, ու սա արդեն ոչ թե մտահոգություն է, այլ` իրականություն: Սա այն նույն քաղհասարակությունն է, որը մասնակցել է Արցախի բլոկադայի պրոցեսներին և այլն: Հիմա նույն այն մարդիկ թիմ են կազմել և պատրաստվում են տարբեր այլ արշավներ իրականացնել Հայաստանի դեմ: Քաղհասարակությունը պատրաստվում է սեպտեմբերին կազմակերպել մի կոնֆերանս` տարբեր ներկայացուցիչներից բաղկացած, որտեղ կլինեն նաև կառավարության ներկայացուցիչներ, որտեղ կխոսվեն քաղհասարակության դիրքորոշումների մասին:

- Իսկ միջազգային գործընկերներին գրություններ, զեկույցներ չե՞ք ներկայացնում:

- Պատրաստվում ենք ներկայացնել` կոնկրետ մենք պատրաստվում ենք: Հիմա տարբեր նյութեր ենք հավաքագրում, որպեսզի կարողանանք փաստերով խոսել, օրինակ` եթե ասում ենք, որ Բաքվում քաղհասարակության ներկայացուցիչները ճնշումների են ենթարկվում, պետք է կարողանանք հիմնավորել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image