«Հրապարակ». Շատ կանայք կային ընթրիքին, որոնք ոչինչ չեն վճարել, այդ թվում` իմ կինը

«Հրապարակ». Շատ կանայք կային ընթրիքին, որոնք ոչինչ չեն վճարել, այդ թվում` իմ կինը

Մենք գրել էինք, որ «Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքը՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով: Հայաստանյան գործարար տիկնանց առաջարկել էին 1 միլիոն դրամ վճարել եւ ընթրել տիկին Հակոբյանի հետ, իսկ հավաքագրված գումարները կուղղվեն մարզերի սկսնակ գործարար կանանց: 

Ներկա են եղել մի շարք գործարար կանայք եւ գործարարների կանայք: Ներկաների թվում է եղել նաեւ դեղագործ Աստղիկ Գալստյանը, ով ամուսնու` Վարդան Հարությունյանի հետ հիմնադրել է «Թեյան»` թեյ արտադրող ընկերությունը: Մենք փորձեցինք զրուցել Աստղիկ Գալստյանի հետ, սակայն նրա փոխարեն մեր հեռախոսազանգին պատասխանեց ամուսինը եւ ասաց, որ ինքը կպատասխանի մեր հարցերին` կնոջ փոխարեն: 
Հարցրինք, թե ինչ է տվել հանդիպումը նրա կնոջը` Աստղիկ Սարգսյանին, ինչ նպատակով էր նա վարչապետի կնոջ հետ ընթրելու գնացել։ Մեր զրուցակիցը նշեց. «Այդ հանդիպումը մեզ ոչինչ չի տվել: Կնոջս` Աստղիկին, կանչել էին «Իմ քայլը» հիմնադրամից, որպեսզի նա նորաստեղծ բիզնեսներ իրականացնողների հետ խորհրդակցություն ունենա: Մենք ոչ մի գումար չենք վճարել Աննա Հակոբյանի միջոցառմանը մասնակցելու համար: Եղել են մարդիկ, ովքեր վճարել են, այդ գումարներն էլ գնացել են նորաստեղծ բիզնեսներին օգնելու համար: Ես նաեւ «Թեյան» ընկերության ֆինանսիստն եմ եւ ասում եմ` ոչ մի լումա չենք վճարել»: 

Ինչպե՞ս է ստացվում, որ ներկաները՝ բոլորը վճարել են, բացի Ձեր տիկնոջից, եւ ովքե՞ր են այդ 42 կանայք, որոնք 42 միլիոն են վճարել, որ Աննա Հակոբյանը բարեգործությամբ զբաղվի: «Որովհետեւ նա որպես բանախոս է հրավիրված եղել: Այնպես չէ, որ բոլոր ներկաները գումար են վճարել: Նոր ստեղծված բիզնես ներկայացուցիչներ եւս հավաքված են եղել ու ոչինչ չեն վճարել: Չգիտեմ, թե կոնկրետ ովքեր են վճարել, բայց նորաստեղծ բիզնեսի ներկայացուցիչները չեն վճարել: Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում վճարելու մեջ, եթե գտնեինք, որ պետք էր վճարել, կվճարեինք, բայց միայն կինս` Աստղիկն է թրեյնինգ անում, բացատրում նորաստեղծ բիզնեսի մասին՝ փորձելով ոգեւորել մարդկանց: Թրեյներ է եղել նա»: 

Իսկ ինչպե՞ս գտան Ձեր կնոջը եւ ինչպե՞ս հրավիրեցին։ «Իրենք են զանգել` «Իմ քայլը» հիմնադրամից: Մի քանի ամիս առաջ զանգել էին, որ էսպիսի բան կա, խնդրում ենք եկեք, ոգեւորեք, կարդացեք մարդկանց համար…. այդպես: Սրանից ավել մենք ոչինչ չենք կարող ասել: Ի դեպ, այնտեղ շատ այլ մարդիկ էլ կային, ովքեր ոչ մի լումա չեն վճարել, երգիչներ կային, որոնք մեկ միլիոն դրամ հաստատ չեն վճարել: Հիմա իմ կինն էլ որպես բանախոս է գնացել: Կայացած բիզնես կին է, գնացել է ուղղություն տալու»,- ասաց «Թեյան»-ի հիմնադիր Վարդան Հարությունյանը: