Եթե Ռուսաստանին չեն դիմել, գուցե Միացյալ Նահանգներին կամ Եվրամիությա՞նն են դիմել

Եթե Ռուսաստանին չեն դիմել, գուցե Միացյալ Նահանգներին կամ Եվրամիությա՞նն են դիմել

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Արցախի հարցը չի կարող այսպես լուծվել, այսինքն` այնպիսի լուծում ստանալ, որն ավելի քան բավարարում է մի կողմին, իսկ մյուս կողմի ժողովրդին դարձնում է ցեղասպանված ու վտարանդի: Սա լուծում չէ»,- ասում է էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Այն, որ սա լուծում չէ, գիտակցում են անգամ նրանք, ովքեր ասում են՝ Արցախի հարցը լուծված է, եկեք անցնենք հաղորդակցության ուղիների բացմանն ու խաղաղության պայմանագրի քննարկմանը՝ կարծում է նա։

«Նրանք չեն կարող չգիտակցել, որ Արցախի ժողովուրդը չի կարող ապրել մի երկրում, որտեղ հայատյացությունը պետական քաղաքականության առաջնահերթություն է, իսկ Հայոց ցեղասպանությունը՝ իրենց ազգային նպատակը։ Այդ երկրի քաղաքականությունը հայերին բնաջնջելն է, եւ մարդիկ կային, որոնք պատկերացնում էին, որ հնարավոր է այնտեղ հազարներով արցախցիներ մնային. չէին մնալու։ Այն պահից, երբ Հայաստանը դադարեց լինել Արցախի անվտանգության երաշխավորը, այդ խնդիրը կար, այսինքն` նրանց հեռանալու: Կամ երկրորդը՝ Արցախի իշխանությունները պետք է դիմեին որեւէ մեկ այլ երկրի` պառլամենտով որոշում կայացնեին ու դիմեին այնպիսի երկրի, որը որոշակի առաքելություն ունի, պատմական ընդհանրություն ունի եւ պրոցեսներին առավել ծանոթ է։ Դա, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունն էր: Ես չգիտեմ՝ իրենք դիմե՞լ են պաշտոնապես, ոչ թե բաց նամակներով կամ ակնարկներով։ Որեւէ երկրի դիմե՞լ են, որ իրենց երաշխավորը լինի։ Ես ոչ թե մեղադրական բաներ եմ ասում, այլ պարզապես հարցադրումներ են, որոնք տրամաբանորեն պիտի հետեւեին` այն պահից սկսած, երբ ակնհայտ դարձավ, որ Հայաստանն Արցախի երաշխավորը չէ, որ Հայաստանի քաղաքականության մեջ չկա Արցախի ինքնորոշումը, Արցախի ժողովրդի ինքնորոշման աջակցությունը` որպես պետական քաղաքականություն։ Այդ պահից սկսած, իրենց իշխանություններն իրենց ժողովրդի առաջ, պատասխանատվություն կրելով հանդերձ, պետք է այդպիսի քայլեր արած լինեին: Ես չգիտեմ՝ արե՞լ են, թե՞ ոչ»,- ասում է Ճշմարիտյանը։

Ապա նախկին նախարարը շարունակում է․ եթե Ռուսաստանին չեն դիմել, գուցե Միացյալ Նահանգներին կամ Եվրամիությա՞նն են դիմել: Նա կարծում է, որ անպայման պետք էր դիմել միջնորդ երկրներին, սակայն չեն արել։ «Մինչ ուրիշներին մեղադրելը` իրենց առաքելությունը չկատարելու կամ ոչ բավարար կատարելու, կամ այլ խնդիր կատարելու համար, մենք առաջին հերթին պիտի ինքներս մեզ նայենք»,- նկատում է Ճշմարիտյանը եւ շեշտում, որ ռուսական կողմը, որպես կանոն, հարգում է, երբ հստակ ներկայանում ես՝ հստակ շեշտադրելով սեփական կարմիր գծերդը։
«Մեր բոլոր դժբախտությունները միայն մեզնից են։ Մենք կարող ենք բոլորին էլ մեղադրել, բայց եթե մենք հարաբերությունների մեջ ազնիվ չենք, շիտակ չենք, ասում ենք մի բան, անում ենք մեկ այլ բան, դրա պատասխանը շատ չի ուշանա»,- նկատում է զրուցակիցս։ Իսկ պատասխանը կարող է լինել տնտեսական պատժամիջոցների տեսքով: Պարզապես Ռուսաստանն այն երկիրը չէ, որ շատ թեթեւ եւ արագ արձագանքի նման հարցերին․ այնտեղ դեռ երկար-բարակ կքննարկեն այդ հարցերը։ «Ռուսաստանի հետ թշնամանալը լավ չի լինի ոչ մի առումով՝ սկսած ատոմային վառելիքից, վերջացրած գազի գնով, ճանապարհներով, լոգիստիկայով, արտահանման ծավալնելով, էլ չեմ խոսում Ռուսաստանի հայության իրավիճակի մասին»։

Նրանք, ովքեր ասում են, որ Արցախի հարցը լուծված է, չեն կարող չգիտակցել, որ Հայաստանի հաջորդ իշխանությունների քաղաքական առաջնահերթությունների մեջ լինելու են Արցախում իրագործված ցեղասպանության ու բռնի տեղահանման դատապարտումը, ճանաչումն ու փոխհատուցումը, Արցախի ժողովրդի՝ իրենց բնակավայրեր վերադառնալու հարցը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կայացումը, այլ կերպ պետության զարգացում հնարավոր չէ ապահովել՝ ներկայացնում է Կարեն Ճշմարիտյանը։ Կեղծ օրակարգ է, երբ ասում են, որ մենք չունենք ազգային նպատակ, դա հրամցվում է մարդկանց քարոզչության միջոցով, քանի որ ազգային նպատակ էր ազգային պետություն ստեղծելը, ունենալ հոգեւոր եւ պետական արժեքների վրա հիմնված ինստիտուտներ ու կառավարում։
Կարեն Ճշմարիտյանն անդրադառնում է նաեւ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական սխալներին, երբ ՌԴ նախագահ Պուտինը ռուս խաղաղապահներին դիտորդ էր անվանում: Փաստորեն, Արցախում զինված դիտորդներ էին։ «Ի՞նչ է նշանակում ապաշրջափակում, մե՞նք ենք շրջափակել։ Թուրքիան սահմանները փակել է, Ադրբեջանը, Ռուսաստանը փակել են, մեզ ասում են՝ ապաշրջափակում։ Այդ արտահայտությունը տեղից սխալ է, նույն՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «ապաշրջափակում» գրելն արդեն իսկ սխալ էր, եթե ուզում են Նախիջեւան հասնել, թող մաքսակետով անցնեն-գնան, եթե վախենում են մեր տարածքով անցնել, թող Ռուսաստանը վերահսկի, բայց մեր տարածքն ինչո՞ւ պիտի Ռուսաստանը վերահսկի։ Միջանցք չի լինելու»։

Կարեն Ճշմարիտյանը շեշտում է, որ Իրանի դերն այս պարագայում հսկայական է, ու չնայած 44-օրյա պատերազմից հետո թույլ տված սխալին, երբ Իրանը ողջունեց Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը, այս հարցում զիջման չի գնա եւ մեծ հակազդեցություն ցույց կտա։ Երբեք չի կարելի մտածել, որ ամեն ինչ վերջացել է։ Ո՞ւմ երաշխիքով են պահանջում արցախցիներից վերադառնալ Արցախ՝ Եվրոպան է այդպես ասում, Մարիա Զախարովան է ասում, բայց ինչպե՞ս վերադառնան, երբ Արցախի նախագահները, գեներալները, հարյուրավոր մարդիկ խոշտանգվում են Բաքվի բանտում, ոչ մի անվտանգային երաշխիք չտալով` զարմանում են, որ արցախցիները չեն ուզում վերադառնալ Արցախ, այս պարագայում։ Արցախից դուրս գալով՝ արցախցիները խնդրի առաջ կանգնեցրին բոլորին։ Իսկ ստեղծված իրավիճակի լուծումն ամբողջ հայ ժողովրդի միասնական ու կոնկրետ քաղաքականությունն է, երբ աշխարհի ցանկացած անկյունում կբարձրաձայնեն Արցախում ցեղասպանությունն ու բռնի տեղահանումը, երբ սփյուռքի հզոր ուժը կօգտագործվի։ Ճշմարիտյանը վստահ է, որ այն ուժերն ու պետությունները, որոնք կարող են ճնշել Ադրբեջանին, իրենց ձեռքում ունեն Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների փաստերն ու պետք եղած դեպքում դեմ կտան Ադրբեջանին։ Նա վստահ է, որ իր թվարկած քաղաքական առաջնահերթություններն անպայման օրակարգ են բերվելու, եթե ոչ հաջորդ իշխանությունների, ապա հաջորդ սերնդի կողմից։