Ագրեսորի կամքով

Ագրեսորի կամքով

Չէին կարող մեր ազգին պատուհասած աղետները, որոնք մենք կրում ենք 2020 թվականից սկսած, անհետեւանք անցնել, եւ միանգամայն բնական է, որ այս տեւական սթրեսի պայմաններում մենք ե՛ւ գերլարված ենք, ե՛ւ հոգնած, ե՛ւ նյարդային ու միմյանց հանդեպ անհանդուրժող։ Հավանաբար, նաեւ դրանով է պայմանավորված այս համընդհանուր թշնամանքի, ատելության, չարության մթնոլորտը, որը տիրում է մեր երկրում։ Նաեւ դրանով է պայմանավորված այն անհաշտությունը, պառակտվածությունը, կոմպրոմիսների ու համաձայնությունների չգնալու համառությունը, որն առկա է մեր հասարակության մեջ։ Բայց եթե շարքային մարդիկ կարող են մի քիչ անզուսպ ու բռնկուն լինել, մեկ-մեկ չափն անցնել եւ դիմացինին վիրավորել, հիստերիայի եւ կատաղության անբացատրելի նոպաներ ունենալ, նման բաներն աններելի են այն մարդկանց պարագայում, ում հանձնված է մեր պետության եւ ազգի ճակատագիրը, ովքեր բախտի բերմամբ, թե ճակատագրի հեգնանքով հայտնվել են հայկական պետությունների ղեկին, եւ ում յուրաքանչյուր սխալն ու վրիպումը կարող են աններելի հետեւանքների հանգեցնել։

Երբ պետության առաջին դեմքն ասում է՝ զորավարժություններ չենք անում, որ հարեւան ագրեսորներին չզայրացնենք, հասկանալի է դառնում, որ նա նաեւ բանակը չի զինելու, երկրի պաշտպանությունը չի ամրացնելու, թշնամու ոտնձգությունները չի կանխելու, մեր երկրի կորցրած տարածքները հետ չի բերելու, Արցախի փակված ճանապարհը չի բացելու․․․ որ թշնամուն չզայրացնի։ Նաեւ չի հանդուրժելու Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարար լինելը, որովհետեւ հարեւան պետությունը վերջինիս անցանկալի անձ է հռչակել։ Նաեւ չի պայքարելու, որ խաղաղապահները մնան մեր տարածաշրջանում, որովհետեւ հարեւան պետությունը դա չի ուզում։ Եվ առհասարակ՝ ամեն ինչում ենթարկվելու է ագրեսորների կամքին։