Հավաքների մասնակիցները վարժանքներից հետո կանցնեն մարտական հերթապահության

Հավաքների մասնակիցները վարժանքներից հետո կանցնեն մարտական հերթապահության

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին:

Համաձայն այդ որոշման` հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը:

Մենք տեղեկացանք, որ այսօրվանից արդեն զինկոմիսարիատները սկսել են ծանուցագրեր ուղարկել հստակ հասցեներով, ինչը անհանգստության ալիք է բարձրացրել բնակչության շրջանում: Վերջին օրերի գրանցված զոհերի ֆոնին բնական անհանգստություն է տիրում հատկապես այն ծնողների շրջանում, որոնք ունեն զորակոչի ենթակա զավակներ: Նրանց անհանգստացնում է հատկապես այն, թե արդյոք վարժանքների մասնակցության համար զորակոչվածները անցնելո՞ւ են մարտական հերթապահություն կամ հնարավոր հարձակման դեպքում մասնակցելո՞ւ են, արդյոք, մարտական գործողություններին:

Hraparak.am-ն այս հարցով դիմեց պաշտպանության նախարարություն: ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց հետևյալը. «Վարժական հավաքներին ներգրավվելուց հետո նշանակվում են համապատասխան զինվորական հաստիքներում, անցնում մարտական ներդաշնակում և ընդգրկվում մարտական հերթապահությունում»:

Ըստ Արամ Թորոսյանի` սա նշանակում է, որ այս ծանուցագրերով հավաքների մասնակիցները լիարժեք զինծառայողի կարգավիճակ են ստանում:

«Այսինքն` ստացավ ծանուցագիրը, ներգրավվում է վարժական հավաքի, նշանակվում զինվորական հաստիքի, անցնում պարտական պատրաստության պլանով դասընթացներ, մարտական ներդաշնակում և ընդգրկվում մարտական հերթապահությունում»,-ասաց նա` հիշեցնելով, որ հավաքներից խուսափելն առաջացնում է քրեաիրավական պատասխանատվություն: