Ես թուրքի հետ չեմ ուզում լինել բարեկամ, հասկացեք ի վերջո

Ես թուրքի հետ չեմ ուզում լինել բարեկամ, հասկացեք ի վերջո

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը վերջերս է վերադարձել Եգիպտոսում կայացած միջազգային պլեներից, բայց անգամ այնտեղ միտքն ու հոգին չեն կտրվել մեր երկրից ու վտանգված սահմաններից։

- Ամեն անգամ, երբ երկրից դուրս եմ գալիս, մեկ է՝ երկիրն ինձ հետ է, ես չեմ կարողանում մտքով բաժանվել իմ երկրից, թեպետ հրաշալի սիմպոզիում էր, 30-ից ավելի նկարիչներ կային՝ աշխարհի տարբեր երկրներից, ու ամեն ինչ բարձր մակարդակի վրա էր։ Միայն Կահիրեում մի նոր թանգարան էր կառուցվել, եւ ես մտածեցի, որ մենք՝ հայերս, 100 տարվա մեջ չկարողացանք ազգային պատկերասրահի մի նորմալ թանգարանային շենք ունենալ՝ համապատասխան մեր մշակույթին։ Չկա երկիր՝ առանց մեծ մշակույթի, բոլոր երկրներին մենք ընկալում ենք մշակույթով, եւ հայերիս միակ, այսպես ասած, «կոզրը» մշակույթն է, ու այսպես վերաբերվել մշակույթին՝ շատ ցավալի է։ Մի քանի օր առաջ ես լսում էի Շուկշինի դերասանուհի աղջկա խոսքը, երբ նրան տվեցին պետական մեդալ։ Ինքը գտնում է, որ այսօր Ռուսաստանը մշակույթին՝ լայն ու մեծ իմաստով, ուշադրություն չի դարձնում, եւ ինքն իր դժգոհությունն էր արտահայտում, որը կարծես նաեւ իմ սրտից ու իմ անունից էլ էր խոսում։ Հիմա դառնամ մեզ, որ հազարամյա ժողովուրդ ենք, բայց ինչքա՞ն կարելի է մշակույթին նայել մատների արանքով, ոչինչ չի զարգանում, եւ ոչինչ էլ չի արվում, որ զարգանա, որպեսզի այս տաղանդավոր ժողովուրդը լիարժեք ապրի մշակույթով, ու աշխարհը մեզ ճանաչի։ Մեզ թվում է, թե աշխարհը ճանաչում է մեզ, բայց այդպես չէ, ինչպես որ չկա նման մտածելակերպ։ Այն օրը լսում էի Իոսիֆ Հակոբյանի մասին՝ ռազմական եւ հրթիռային տեխնիկայի բնագավառի գիտնական, ում Պուտինը վերջերս մեծարում էր, եւ ում մասին մենք նույնիսկ չգիտենք։ Սա ասում եմ նրա համար, որ աշխարհին մենք տվել ենք մեծ գիտնականներ, որոնց անունները ժամանակին փակի տակ են եղել, եւ չենք իմացել նրանց մասին։ Ունենալ նման գիտնականներ ու հայտնվել այս վիճակում, ես ուղղակի ամաչում եմ դրա համար։

- Այն, որ մեր կյանքն ու առօրյան գերքաղաքականացված է, պատճառը վերջին աղետալի պատերա՞զմն էր, թե՞ այս պատերազմից հետո հատկապես պետությունը ոչ մի ուշադրություն չի դարձնում մշակույթին, արվեստին։

- Հարցը միայն այս պատերազմը չէ, այլ այն, որ այս 30 տարվա մեջ տեղի չունեցավ ազգային զարգացման պրոցես։ Հիմա որեւէ մեկին չեմ ուզում մեղադրել, ընդհանուր մեղավորություն կա երկրում, եւ այդ ալան-թալանն ինձ միշտ է անհանգստացրել, այդ թվում՝ 30 տարի առաջ, որովհետեւ միշտ մտածել եմ՝ եթե այսպես շարունակվի, վերջն ի՞նչ է լինելու, իսկ վերջը եղավ այս արդյունքը՝ պատերազմը, այն, ինչ այսօր մենք ունենք։ Մեր ժողովուրդը, լինելով այդքան տաղանդավոր, աշխարհի տարբեր երկրներին հրաշալի գիտնականներ ու երաժիշտներ տվեց, բայց եկավ հասավ այս օրին, դա խոսում է այն մասին, որ մեր ազգն իմաստուն չէ։ Մենք չենք մտածում մեր հայրենիքի ամրապնդման, զարգացման, ճանաչման մասին, մեզ մոտ ամեն ինչ կիսատ-պռատ է, որը պատիվ չի բերում մեզ։ Ես տեսա, թե Եգիպտոսում ինչ ներդրումներ են կատարվում, եւ ինչպես են այսօր կառուցում Եգիպտոսը՝ ինչ կամուրջներ, ինչ փողոցներ, կառույցներ․․․ իսկ մենք ո՞ւր ենք գնում եւ ի՞նչ ենք անում, 100 տարվա մեջ ո՛չ կարողացանք մի թանգարան կառուցել, ո՛չ էլ 30 տարվա մեջ մի համերգասրահ, միայն կարողացանք Երիտասարդական պալատը քանդել եւ ընդհանրապես ողջ քաղաքը քանդել։ Էդ տրամվայը ձեզ ի՞նչ էր խանգարում, որ հանեցիք, թող Երեւանի ողջ ծայրամասով պտտվեր, իսկ սրանք խոսում են այն մասին, որ մեր ղեկավարությունը միայն անձնական հարցեր է լուծել եւ ոչինչ չի արել, ու այսօր էլ չի արվում։ Երբ ասում են՝ երկրի զարգացում, ինձ առաջին հերթին մշակույթն է հետաքրքրում, կրթությունը, գիտությունը։ Ես ամոթ եմ ապրում, որ մեր երկիրն այսօր այս վիճակում է։ Հիմա ո՛չ մեր հարուստներն են մշակույթին տիրություն անում, ո՛չ պետությունն է տիրություն անում։ Ես, օրինակ, Ծառուկյանի երկրպագուն չեմ, բայց այդ մարդը սպորտի բնագավառում այդքան ներդրում արեց, բայց չկա այդպիսի մի մարդ, որ մշակույթին, կերպարվեստին հովանավորություն անի, ամեն ինչ թողնվել է անտեր, ինքնահոսի։ Պետք է մեծ ներդրում արվի, բայց տեսնում ես հակառակը՝ թատրոններ են միավորում, որոնց մասին մինչեւ անգամ ես ամաչում եմ խոսել։ Այդ թատրոնը ձեզ ի՞նչ է խանգարում, մի ապրող կոլեկտիվ է, մի ընտանիք, ինչի՞ ես ուզում քանդել, չի կարելի այդպես։

- Նորընտիր ԱԺ-ում տեղի ունեցող «մարտաֆիլմերին» հետեւո՞ւմ եք։

- Ինձ համար այնքան տհաճ է խոսել դրա մասին։ Անգամ ուզում եմ անջատել, որ չտեսնեմ, որովհետեւ հայ մարդը չպետք է այդպիսին լինի։ Ես չեմ ասում՝ չպայքարենք, թող պայքարենք, բայց դրանք էժանագին մոտեցումներ են։ Այսօր իրար հանդեպ մարդկային սեր չեմ տեսնում, մեզ մոտ սերը դարձել է առեւտուր։ Կահիրեում, որտեղ 22 մլն մարդ է ապրում, լուսացույց չկա, ընդ որում՝ չտեսա ոչ մի սուլոց, աղմուկ, վթար, իսկ այս մեր փոքրիկ քաղաքում ամեն քայլափոխի վթար, ձայնային տեռոր, որ շարունակվում է մինչեւ գիշերվա 12-ը, 1-ը, բայց կարող է մեկի մայրն է հիվանդ, մյուսի՝ երեխան, ու այդ մարդիկ չգիտեն, որ իրենց այդ տներից հայհոյում են, անգամ՝ ես։ Ամոթ է, այսպես չի կարելի, ամեն օղակ վերահսկողությունից դուրս է եկել։ Խելոք-խելոք որ խոսում են, դա դեռ ոչինչ չի տալիս, մեզ պետք է լուրջ կրթական համակարգ, մեզ անհրաժեշտ է երկիրը ճիշտ կառավարել, որ մեր շրջապատում ձեւավորվի մարդկային հարգանքի, սիրո մթնոլորտ։

- Հնարավո՞ր է զարգացնել կրթությունը, մշակույթը, երբ սահմանին անհանգիստ է, ու թշնամին գրեթե ամեն օր հայ զինվոր է սպանում։

- Ես այս նկարը, որ նկարել եմ (ցույց է տալիս իր վերջին՝ «Անորոշություն» մեծածավալ կտավը), հենց դրա մասին է։ Մի մտածեք, որ արվեստագետն այդ ամեն ինչի մասին չի մտածում, մենք այդ ցավն ապրում ենք, եւ այդ ամենը, որ լսում-տեսնում ես, չի կարող քեզ վրա չազդել։ Այդ հոգեվիճակն անմիջականորեն ազդում է նաեւ քո ստեղծագործության վրա։ Գրեթե ամեն օր մտածում եմ այդ 5 հազար անմեղ զոհերի մասին, ու աչքիս էլ ոչ մի բան չի երեւում՝ ոչ մի ղեկավար, ոչ մի բան, անգամ աշխարհն աչքիս չի երեւում, որովհետեւ աշխարհի այդ անտարբերությունը որ տեսա հայերի, Արցախի նկատմամբ, ես սկսեցի չսիրել աշխարհը, այդ պետություններին այլեւս չեմ հարգում, որովհետեւ ոչ ոք լրջորեն այդ խնդրի մասին չբարձրաձայնեց։ Հիմա էլ խոսում են Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների մասին․ ինչի՞ մասին է խոսքը, երբ Արցախն իր համար խաղաղ ապրում էր, բայց Թուրքիան պատերազմ սկսեց, ո՛չ Ադրբեջանը, որովհետեւ մենք Ադրբեջանին կուտեինք, եթե Թուրքիան, Իսրայելը, նրանց սնող մյուս երկրները չլինեին։ Ինչպե՞ս կարող է արվեստագետն այս իրավիճակում երջանիկ ապրել։ Մի քանի ժամով ուզում ես կտրվել իրականությունից, հայտնվել գույների աշխարհում, մեկ էլ հաջորդ պահին լսում ես՝ սահմանին մեկին սպանել են։ Դե արի դիմացի։

- Թշնամին 4 կողմից օղակել է Հայաստանը, եւ ամեն օր սեղմվում է այդ օղակը։

- Ու ես դրանում մեղադրում եմ աշխարհին, Ռուսաստանին, Ամերիկային, Ֆրանսիային, բոլոր այն պետություններին, որ տեսնում են, թե մուսուլման աշխարհն ինչպես է վերաբերվում քրիստոնյա այս երկրի հետ։

- Իսկ մեր ղեկավարներին չե՞ք մեղադրում…

- Ի՞նչ ղեկավար․․․, լավ, էլի, սրանց ո՞վ է լսում, ո՞վ է բանի տեղ դնում այդ ղեկավարներին, նրանք բոլորը մեզ նայում են մատների արանքով, կանք-չկանք՝ իրենց համար նշանակություն չունի։ Ի՞նչ է նշանակում՝ եկել սահմանի վրա կուտակվել են, ու դու՝ Պուտին կամ Ամերիկա, չես կարողանում նրանց ականջը ձգես ու գցես դուրս։ Այդ ո՞նց Յուգասլավիան վերացրին ու Կոսովո ստեղծեցին, այսինքն՝ ոնց ուզում են, այդպես էլ վերաբերվում են աշխարհի ժողովուրդների հետ․․․ Ի՞նչ է նշանակում Մեղրիի միջանցք, մեզ նման ճանապարհ պետք չէ, որովհետեւ ուժ չունենք, որ էդ ճանապարհը պահենք ու ղեկավարենք, մեր պետությունը դրանից օգուտ չի ունենալու։ Թուրքի հետ բարեկամություն պետք չէ անել․․․ թուրքը չի փոխվում, թուրքը մնում է թուրք, ու ես թուրքի հետ չեմ ուզում լինել բարեկամ, հարեւանություն անել, հասկացեք ի վերջո։ Նրանց ամբողջ միտքն այն է, թե ինչպես հայերին, քրիստոնյա ողջ աշխարհը ոչնչացնեն, ու արդեն 200-300 տարի է, հո միայն 1915-ի եղե՞ռնը չէ, դրանից առաջ ինչեր են եղել, որոնց մասին մենք չենք էլ խոսում։ Թուրքիայի հետ անգամ Ռուսաստանը չի կարող լինել բարեկամ, դա հնարավոր բան չէ, նրան կերակրում ես, նա նորից հարձակվում է քեզ վրա, ուրեմն պետք է խելք հավաքել։ Ի դեպ՝ Զատուլինը, Սոլովյովն այս հարցում սթափ իրավիճակը գնահատում են եւ հասկանում են, թե ինչ է ուզում թուրքը։ Իսկ Արցախի վրա հարձակումը նշանակում էր հարձակվել ողջ աշխարհի վրա, թող հասկանան, որ լինելու է համաշխարհային պատերազմ, որի սկիզբը Արցախի վրա հարձակումն էր։