Դատարանը որոշեց Սաշիկ Սարգսյանի որդու անձնագիրը վերադարձնել եւ թույլ տալ դուրս գալ Հայաստանից

Դատարանը որոշեց Սաշիկ Սարգսյանի որդու անձնագիրը վերադարձնել եւ թույլ տալ դուրս գալ Հայաստանից

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին այսօր չէին ներկայացել վկաները: Գործով վկա Արթուր Ղեւոնդյանի գտնվելու վայրը պարզելու համար դատարանը կդիմի համապատասխան մարմիններին, իսկ վկա Լարա Առաքելյանին եւս մեկ անգամ ծանուցել նիստի վերաբերյալ:

Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ վերադարձնել Հայկ Սարգսյանի անձնագիրը եւ վերացնել սահմանահատումների վրա դրված արգելանքը:

Մեղադրող Աբգար Առաքելյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է. «Նաեւ հաշվի առնել քննութունից հետագա փուլերում խուսափելու հանգամանքը․ անձնագիրը վերադարձնելու դեպքում վտանգն իրական է դառնում»:

Պաշտպանը եւս մեկ անգամ նշեց, որ Սահմանադրական դատարանի որոշում կա. «Ցավոք, պետք է արձանագրեմ, որ մեղադրողը փորձում է խեղաթյուրել, ՍԴ-ն իր որոշմամբ անդրադարձել է անձնագրի մասին օրենքին, այսօր մեղադրողը կոնտեքստից դուրս ասում է՝ նման նորմ է որոշված: Սեւով սպիտակի վրա գրված է՝ բոլոր այն դեպքերում, երբ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառված չէ ստորագրություն կամ կալանք, անձնագիրը վերցնելն իրավաչափ չէ: Խնդրում եմ բավարարել մեր միջնորդությունը»:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բավարարել միջնորդությունը՝  հաշվի առնելով, որ որպես խափանման միջոց՝ կիրառված է գրավը:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Վերջինս, հիշեցնենք, հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: