«Հրապարակ»․ Բնակարաններով ապահովելու կարգը վերանայվում է 

«Հրապարակ»․ Բնակարաններով ապահովելու կարգը վերանայվում է 

Արցախից տեղահանվածներին բնակարաններ ձեռք բերելու նպատակով սերտիֆիկատ տրամադրելու կարգը, ինչպես հայտնի է, թերի է եւ խրթին։ Ըստ գործող իրավակարգավորումների՝ սերտիֆիկատը տրամադրելուց 2 ամիս անց շահառուն զրկվում է ամենամսյա 40 հազարական դրամ աջակցությունից, քանի որ համարվում է, որ ստանալով սերտիֆիկատ՝ մարդը տուն է գնել, ու նրան այլեւս տան վարձի համար աջակցության գումար պետք չէ։ Արցախի կառավարությունում մեր աղբյուրը վստահեցնում է, որ այս կարգն առաջիկայում փոխվելու է։ «Այս պահի դրությամբ շրջանառվում է որոշման նախագիծ, ՀՀ սոցապնախարարության առաջարկով նաեւ, որով սերտիֆիկատ ստանալուց հետո անձը շարունակում է ստանալ 40 հազար դրամական աջակցությունն այնքան ժամանակ, մինչեւ որ բնակարան կամ բնակտարածքներ ձեռք բերեն

։ Նաեւ բանկերում կմեղմացնեն պահանջները»,- ասաց մեր զրուցակիցը՝ Արցախի կառավարությունում։ Տեղահանվածներին բնակարաններով ապահովելու երաշխավորը Հայաստանի կառավարությունն է, իսկ Արցախի Հանրապետության կառավարությունը պատասխանատու է զոհված անձ ունեցող տեղահանված ընտանիքներին բնակտարածքով ապահովելու համար։ Այս պահի դրությամբ Հայբիզնեսբանկը, որն այս ծրագրով կառավարության գործընկերն է, գրություն է ուղարկել Արցախի կառավարություն, որով պահանջել է հետաձգել ծրագիրը եւ պայմանագրերում որոշ փոփոխություններ իրականացնել։ Մինչ օրս զոհված անձանց տեղահանված ընտանիքներից մոտ 70-ն արդեն գնել է բնակարաններ, սակայն 60-ին մոտ ընտանիք դեռ չի իրացրել սերտիֆիկատները։ Մոտ 10-15 ընտանիքի հետ կապված էլ խնդրահարույց իրավիճակ է։