Այսօրվա դավաճան իշխանությունը ստեղծում է Հայաստանը հանձնելու մարմին

Այսօրվա դավաճան իշխանությունը ստեղծում է Հայաստանը հանձնելու մարմին

Թուրքիայի հետ երկխոսություն հաստատելով, հատուկ ներկայացուցիչ նշանակելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների: Հանրայինին տված վերջին հարցազրույցում նա նույնիսկ փորձեց իր նախաձեռնությունը մի շարքի մեջ դասել՝ նախորդների համանման փորձերի հետ: «Մեր կառավարությունն այդտեղ կրկնել է նախադասությունը, որը ձեւակերպված է 90-ականների սկզբից, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Այսինքն՝ «առանց նախապայմանների» նշանակում է՝ մենք չենք ասում՝ կճանաչեք ցեղասպանությունը՝ հարաբերությունները կկարգավորվեն, չեք ճանաչի՝ հարաբերությունները չեն կարգավորվի»,- ասաց Փաշինյանը: Իրականում, սակայն, գործընթացը, որը նա սկսել է, ոչ մի կապ ու նմանություն չունի Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու նախկին կառավարությունների փորձերի հետ: 

Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը 2001 թվականին ստեղծված հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամներից էր: Հանձնաժողովը (ղեկավարում էր այն ժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Ալիկ Արզումանյանը), որի անդամների թվում էին արեւելագետ, Սիրիայում ՀՀ նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը, մեծ աղմուկ առաջացրեց, կողմ ու դեմ կարծիքներ: 

 Ոմանք համարում էին, որ այն ոչ մի արդյունքի չհասավ, մյուսները՝ որ, այնուամենայնիվ, մեծ դեր կատարեց Ցեղասպանության ճանաչման հարցում: 

«Դա լրիվ այլ հանձնաժողով էր, որը բոլորովին այլ հարցեր էր քննարկում ու հասավ մեծ արդյունքի: Ոչ մի կապ չկա այն ժամանակվա նախաձեռնության եւ Փաշինյանի այսօրվա արածի միջեւ: Հավանաբար, Փաշինյանը գլխի հետ խնդիր ունի»,- ասում է Միհրանյանը: Ըստ նրա, այն ժամանակ քննարկվում էր, թե ինչի մասին կարելի է խոսել Թուրքիայի հետ: 

«Այդ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում հայկական կողմը հասավ նրան, որ իրադարձությունները, որոնք տեղի էին ունեցել 20-րդ դարի սկզբում, անվանվեցին ցեղասպանություն: Դա արեց Transitional Justice (Անցումային արդարադատություն) միջազգային կառույցը: Սամանտա Փաուերը ցուցմունք տվեց նրանց (ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն էր՝ Ս. Ս.), եւ թուրքերը պարզապես տապալվեցին, խայտառակվեցին, արեցին տակները: Ահա այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքը: Ի՞նչ կապ ունի այսօրվա դավաճան, մառազմատիկ իշխանությունն այդ ամենի հետ, իշխանություն, որը ստեղծում է Հայաստանը հանձնելու մարմին: Ահա, այդ ռակուրսով թուրք դիվանագետներն ասում էին մեզ՝ ընդառաջեք մեզ ղարաբաղյան հարցում, մենք կբացենք ճանապարհները, բայց մենք նրանց գրողի ծոցն ուղարկեցինք, որովհետեւ դրանք երկու տարբեր բաներ են, որոնք միմյանց հետ կապ չունեն: Դուք ներողություն խնդրեք ձեր կատարած հանցանքների համար՝ ասացին մեր հանձնաժողովի անդամները, եւ ընդունեք ձեր մեղքերը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը մնացած հարցերն իրենց մեջ կլուծեն», - բարկանում է Անդրանիկ Միհրանյանը: 

Պարոն Միհրանյան, բայց մեր իշխանությունն ասում է՝ առաջ էլ էին փորձեր անում, մենք էլ ենք փորձեր անում՝ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
«Այս իշխանությունը դեգեներատներից էլ վատն է: Այս իշխանությունը ստում է ամեն քայլափոխին: Նրանց Էդիկ Նալբանդյանը բացատրում է, թե ինչ էր քննարկվում, նրանց բացատրում է Ռոբերտ Քոչարյանը, թե ինչ էր քննարկվում, բացատրում է Սերժ Սարգսյանը, բայց եթե մարդը չի ուզում ոչինչ լսել, ի՞նչ խոսակցություն կարող է լինել նրա հետ, ի՞նչ քննարկում: Որոշ դաշնակներ՝ Հարութ Սասունյանը, մյուսները, չընկալեցին մեր հանձնաժողովի աշխատանքը, բայց այն ընդունվեց որպես կողմ միջազգային իրավական խոշոր կառույցի, որն ընդունեց, որ այն, ինչ արվել է, եղել է ցեղասպանություն»,- ասում է Միհրանյանը: 

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հաշտության հանձնաժողովի ստեղծումն ազդարարվեց 2001 թվականին, Ժնեւում: Բոլոր քննարկումները պտտվում էին երկկողմանի տնտեսական հարաբերություններ զարգացնելու բարի ցանկության շուրջ, նույնիսկ հայ լրագրողների խումբ գործուղվեց Թուրքիա: Բայց Հայոց ցեղասպանության հարցը երկու կողմերը պատրաստ չէին միմյանց հետ քննարկելու: Իսկ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ Գյունդուզ Աքթանը նույնիսկ հակահայկական հոդված հրապարակեց, որում քննադատեց Ջորջ Բուշին՝ ապրիլի 24-ի ուղերձում հազարավոր սպանված հայերի մասին հիշատակելու համար, եւ գրեց, որ հաշտեցման հարցը պետք է դիտել առանց ցեղասպանության մասին խոսելու։