Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, մասնակցելու ենք 2026թ․-ի ընտրություններին

Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, մասնակցելու ենք 2026թ․-ի ընտրություններին

Օգոստոսի 24-ին «Ազգային առաջընթաց» կուսակցություն անցկացրեց 7-րդ համագումարը։ Կուսակցության խորհրդի նախագահ ընտրվեց Երեւանի ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը, հրապարակվեց նորընտիր վարչության եւ խորհրդի կազմը։

Գրիգորյանն իր ելույթում շեշտեց՝   գործող կառավարությունը չունի ո՛չ ժամանակի սղության գիտակցումը, ո՛չ էլ հստակ ծրագիր, թե ինչպես է Հայաստանը դուրս բերելու այս ստեղծված իրավիճակից։ Գործող իշխանության քաղաքականությունը նա որակեց հարմարվողական ու զիջողական եւ ասաց, որ դա չի բերել ու չի բերելու որեւէ արդյունքի։

«Մենք անընդունելի ենք համարում  գործող կառավարության հարմարվողական և զիջողական քաղաքականությունը և գտնում, որ միայն հաշվարկված, արժանապատիվ և նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ է հնարավոր հետամուտ լինել ազգային շահի պաշտպանությանը, իսկ դա հնրավոր է միայն տնտեսական և ռազմական հզորացման միջոցով։  Ցավոք գործող կառավարությունը իր պաշտոնավարմանա 6 տարաիների ընթացքում իրական որևէ առաջընթաց չի գրանցել տնտեսական զարգացման ուղղությամբ, առանց որի անհնար է որևէ այլ ոլորտի զարգացում։ Հայաստանը պարտվել է և շարունակում է պարտվել տնտեսական, գիտական և ռազմական ոլորտներում»,-ասաց նա։
Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք որպես այլընտրանքային ուժ մասնակցելու են 2026թ․-ին խորհրդարանական հերթական ընտրություններին, եւ բացառեց ՔՊ-ի հետ հնարավոր կոալիցիան։
«Մենք քննադատում ենք նաեւ հներին, որ հիմա փորձում են որպես տիտղոսային ընդդիմություն հանդես գալ»,-ասաց նա։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ դիրքորոշում  ունեն Բագրատ Սրբազանի գլխավորությամբ սեպտեմբերին վերսկսվող ընդդիմադիր պայքարի մասին, արդյո՞ք որեւէ ձեւով կաջակցեն, կամ կմիանան։ «Մենք չենք համարում հների կողմից ցանկացած շարժում որպես այլընտրանք։ Ռեբրենդինգը մեզ համար պարզ է, կարծում ենք, որ դա անիմաստ եւ վնասակար գործունեություն է, որովհետեւ հիասթափություն է բերում»,-նշեց նա։ Գրիգորյանը շեշտեց, որ իրենք էլ են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն փողոցային պայքարի պոտենցիալ չեն տեսնում, չեն էլ ուզում մարդկանց հանել փողոց, որ ձախողում չարձանագրեն։

«Մենք ավագանիում ներկայացված ուժ ենք, եւ աշխատում ենք այս ֆորմատով։ Մեր համագումարի ելույթների մի մասն էլ նվիրված էր քաղաքապետարանում տեղի ունեցող ապօրինություններին, կոռուպցիային եւ այլն։Մենք պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, բայց հասկանում ենք, որ նրանք հրաժարական տվողը չեն։ Եթե ֆորսմաժորային որեւէ բան չլինի, ապա իրենց հեռացումը տեսնում ենք 2026թ․-ի ընտրություններին։ Ժողովրդի մեծամասնությունը չի ընդունում Փաշինյանին, եւ եթե չլինեն նախկիններ ու ներկաներ խաղը, ժողովուրդը կկողմնորոշվի իր ընտրության հարցում։ Եւ ուրեմն շատ կարեւոր է այլընտրանքային ուժի հանդես գալը, մենք փորձելու ենք այդ դերը ստանձնել։ Մենք ունենալու ենք մարզային այցեր, Երեւանի քաղաքապետարանում կունենանք ակտիվ գործունեություն»,-ասաց նա։
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության կազմում են Արամ Մանուկյանը, Հայկ Գրիգորյանը, Ռոբերտ Ծովյանը, Սամվել Մելիքյանը, Տիգրան Սարդարյանը։