Դեմոկրատիա ա, ազատություն, ով ուզում ա մեկին քրֆի` քրֆում ա. Գագիկ Մելքոնյան

Դեմոկրատիա ա, ազատություն, ով ուզում ա մեկին քրֆի` քրֆում ա. Գագիկ Մելքոնյան

«Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման» քոլեջ կրթահամալիրում տեղի ունեցած դանակահարությունից հետո իրավապահները չեն կարողանում հայտնաբերել նույն քոլեջի ուսանող, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը՝ Գագիկ Կարենի Մելքոնյանին, ով կասկածվում է նույն քոլեջի մեկ այլ սանին դանակահարելու մեջ։ Ի դեպ, ենթադրյալ դանակահարումն իրականացրած երիտասարդի հորեղբայրը` Գագիկ Մելքոնյանի մյուս որդին էլ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ պետն է: 

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ պատգամավոր Գագիկ Մելքոնյանից։ Վերջինս հասատատեց, որ իր թոռը սովորում է հիշյալ քոլեջում, իսկ նրա մասնակցությամբ դանակահարության մասով իրավապահները քննություն են տանում։

-Պարոն Մելքոնյան, Ձեզ պատկանող քոլեջում դանակահարություն է եղել։

-Քոլեջը ունի տեր, գնացեք գտեք, թե ով է տերը։

-Ասում են՝ Ձեզ է պատկանում։

-Դե ասում են, ես էլ ասում եմ՝ դու թանգարան ունես սեփական։

-Լավ, դառնանք միջադեպին. քոլեջի սաների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով Ձեր թոռը դանակահարել է մեկ այլ ուսանողի, ի՞նչ կասեք այդ մասին։

-Իրավապահ մարմինները զբաղված են այդ գործով, կհայտարարեն, ամեն ինչ կիմանաք, դա իրավապահ մարմինների աչքից հո՞ չի վրիպելու։

-Դուք իշխանական պատգամավոր եք, իրավապահները կաշկանդված չե՞ն լինի Ձեր թոռան մասնակցությամբ ենթադրյալ հանցագործությունը բացահայտելու համար։

-Ո՞վ ա հիմի կաշկանդվում ինչ-որ մեկից։ Էդ դարը անցել ա, հիմա ոչ ոք էլ չի կաշկանդվում։ Իմ մասին ինչ ասես գրում են, ումի՞ց են կաշկանդվում։ Դեմոկրատիայ ա, ազատություն, ով ուզումա մեկին քրֆի` քրֆում ա։

-Վերջին շրջանում Ձեզ «արատավորող» նյութեր, խոսակցություններ են պտտվում, մի տեսանյութ տարածվեց, որտեղ անմոռաց պարում էիք։

-Դե ուրեմն ինձ շատ են սիրում, դրա համար իմ անձի շուրջ են ֆռում, էլի։

-Գործի շրջանակներում Ձեր թոռանը հարցաքննության կանչե՞լ են։

-Դա գաղտնիք ա, գաղտնիքը կլուսաբանեն, երբ պարզաբանեն ամեն ինչ։

-Իսկ այդ տեսանյութի մասին ի՞նչ կասեք, ե՞րբ է եղել, ի՞նչ առիթ էր, որ այդպես ուրախ պարում էիք։

-Տեսանյութը եղել է 5 տարի առաջ, մեր ընկերոջ ծնունդն էր, մեր ընկերը 60 -ամյակն էր նշում։

ՀԳ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։ Մեր տեղեկություններով՝ քննչական կոմիտեն որեւէ գործողություն չի նախաձեռնում՝ ենթադրյալ դանակահարությունը բացահայտելու ուղղությամբ։ Այս առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ քննչական կոմիտեից, խնդրեցին՝ սպասել։ 

Ավելի վաղ գրել էինք, որ երեկ լրատվամիջոցներում լուր տարածվեց այն մասին, որ «Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման» քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալասրանի մեկ այլ սանի։ Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի օրը տուժած ուսանողին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մարմնական վնասվածքներով։ Հարցաքննության ժամանակ տուժած ուսանողը իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել։ Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոյանի թոռը։