Ինչպես է ստեղծվել Փաշինյանի գվարդիան ռուսական սփյուռքում

Ինչպես է ստեղծվել Փաշինյանի գվարդիան ռուսական սփյուռքում

Փաշինյանի թիմը ընտրությունների նախաշեմին Ռուսաստանում փորձում է աջակիցների խումբ ստեղծել՝ «группа поддержки», որի անհրաժեշտությունն ընդգծվում է ազդեցիկ գործիչների կողմից Փաշինյանի կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջի ֆոնին: Ենթադրվում է, որ այն կօգնի Փաշինյանին նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղարար գործընթացի շրջանակում, ռուսական սփյուռքում նման գաղափարներ տարածելու համար: 

Սրանով են բացատրվում սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցելությունները ՌԴ, որոնք 44-օրյա պատերազմից հետո հաճախակի դարձան: ՌԴ-ի ուղղությամբ մի անտեսանելի «սպեցնազ» է գործում, որում, բացի Սինանյանից, ներգրավված է նաեւ Թուրքիայի հետ գլխավոր ստվերային բանակցող Վլադիմիր Կարապետյանը: Դեռ երկու տարի առաջ, Փաշինյանի խոսնակը լինելով, նա Մոսկվայում հանդիպել էր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի, ՌԴ առաջատար լրատվամիջոցների խմբագիրների եւ փորձագիտական շրջանակների հետ: Թեման հայ-ռուսական հարաբերությունների լուսաբանումն էր, բայց հետաքրքիր է, որ Վլադիմիր Կարապետյանը եւ Դմիտրի Պեսկովը, ըստ պաշտոնական հաղորդագրության, պայմանավորվել էին պարբերաբար անցկացնել խորհրդատվական բնույթի հանդիպումներ, «որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը»: Մոսկովյան ուղղության վրա աշխատող այլ գործակալներ էլ կան, ՀՀ հատուկ ծառայություններից: 

Ռուսական գվարդիայի առանցքային ֆիգուրը Ռուսաստանի հայերի միության մոսկովյան գրասենյակի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանն է, որը ներկայում գլխավորում է Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիան: 

Այս կազմակերպությունը նույնպես պատերազմից հետո է ստեղծվել, Զարեհ Սինանյանի մասնակցությամբ: Այն ֆինանսավորում է, ըստ մեզ հասած տեղեկությունների, հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, որը սեր ունի կրեատիվ նախաձեռնությունների նկատմամբ: Նա, հիշեցնենք, ժամանակին ցույցեր էր կազմակերպում ընդդեմ Մանվել Գրիգորյանի, ապա քրեական հետապնդման ենթարկվեց: 
Շահեն Պետրոսյանն էլ, ասում են, տարիներ առաջ ՀՀ իրավապահների հետ ունեցած խնդիրների պատճառով հեռացել է Հայաստանից, ապա գալով Մոսկվա՝ նոր կյանք է սկսել: Արա Աբրահամյանի հետ կայացրած կոնսենսուսի արդյունքում նա գլխավորել է Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի քաղաքային բաժանմունքը: Իսկ իշխանությունների հետ համագործակցության եզրեր փնտրող Արթուր Ասատրյանը նրան վերցրել է իր թեւի տակ՝ օգնելով Փաշինյանին լեգիտիմացվել ՌԴ-ում: Ասում են` միջնորդի դերն այս գործարքում կատարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, իսկ Զարեհ Սինանյանին պատկանում է իրավաբանների ասոցիացիայի ստեղծման բուն գաղափարը: 

Հայ իրավաբանների ասոցիացիան ստեղծվել է 2021 թվականի փետրվարին, ինչպես նշեցինք, անմիջապես պատերազմից հետո, երբ սփյուռքի, այդ թվում ռուսական սփյուռքի վերաբերմունքն իմքայլականների նկատմամբ նեգատիվ էր դարձել, իսկ նախկին էյֆորիան մարել էր անվերադարձ: Ասոցիացիայի հիմնադիր ժողովը կայացել է 2021 թվականի ապրիլի 23-ին, Մոսկվայում: Նպատակը Ռուսաստանի հայերի միության եւ դրա ղեկավար Արա Աբրահամյանի վարկաբեկումն էր եւ հեղափոխական կառավարության գաղափարի քարոզը: 

Ինքը` Շահեն Պետրոսյանը, «Հրապարակի» հետ հարցազրույցում պնդում էր, որ բարեկամական հարաբերություններ ունի Արա Աբրահամյանի կազմակերպության հետ՝ համագործակցում են: Սակայն նույնը չեն պնդում ՌՀՄ-ում: Փետրվարին մեր հարցին` ճի՞շտ է, որ Մոսկվայի ձեր գրասենյակի նախկին ղեկավարին` Շահեն Պետրոսյանին, Սինանյանը պատրաստվում է իր ներկայացուցիչը դարձնել Ռուսաստանում, Արա Աբրահամյանի գրասենյակի ներկայացուցիչը պատասխանել էր. «Մենք չենք կարող մեկնաբանել այդ նշանակման հավանականությունը, քանի որ ներկա պահին Զ. Սինանյանը եւ Շ. Պետրոսյանը հավասարապես հեռու են Ռուսաստանի հայերի միությունից»: Առհասարակ, ՌՀՄ-ում հասկացել են, որ նիկոլականներն իրենց այլընտրանքն են ստեղծում ՌԴ-ում, եւ ի սկզբանե վատ էին վերաբերվում Սինանյանի ակտիվությանը՝ ասելով, որ ոչինչ չունեն նրա հետ քննարկելու:  

Շահեն Պետրոսյանը, հնարավոր է, որոշակի ծրագրով է մասնակցել ներկայիս իշխանություններին ծառայություններ մատուցելու գործընթացին, քանի որ մեծ գումարներ է պարտք Մոսկվայի հայերին: Նրանցից մեկը ձեռնարկատեր Գրիգոր Կետցյանն է, թեեւ նա նախ՝ հրաժարվեց խոսել պարտքի թեմայով, ապա հերքեց, որ Պետրոսյանն իրեն փող է պարտք: Նիկոլական «սպեցնազի» մյուս մասնակիցն Աբրահամ Հովեյանն է՝ Տյումենի մարզի հայ համայնքի ղեկավարը, նույն Վովա Կարապետյանի եւ Արսեն Թորոսյանի գաղափարով:

Հովեյանի խնդիրն է, ըստ մեր աղբյուրի, ընտրություններից առաջ համախմբել ռեգիոնալ համայնքներն ու ֆինանսավորել կուսակցական նախագծերը: 

Մեր տեղեկություններով, գործարքի գինը Հովեյանի եղբորը, որը ներկայում պաշտոն է զբաղեցնում ՌԴ հաշվիչ պալատում, Տյումենի մարզի պատվավոր հյուպատոս դարձնելն է: Նա եւս ակտիվ դերակատարում ունի Փաշինյանի աջակցման սխեմայում: Այս պայմանավորվածությունները ձեռք են բերվել մարտին՝ Տյումենի մարզ Սինանյանի կատարած այցելության ժամանակ: Ամփոփելով այցը, Տյումենի հայ համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանը մի հարցազրույցում ոգեւորված նշել է. «Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի այցը մեր մարզ համայնքի պատմության մեջ առաջին անգամ է, եւ մեզ համար մեծ պատիվ է, որ նա եկել է մեզ մոտ, եւ մենք էլ բարձր ենք գնահատում նրա քայլը»։

Եվ այսպես, հակառուսական գվարդիան՝ Զարեհ Սինանյանի եւ Վլադիմիր Կարապետյանի, Արսեն Թորոսյանի կոորդինացմամբ, կազմավորված է եւ ակտիվորեն զբաղվում է ՌԴ-ում համայնքային կյանքը վերաձեւելով՝ այն ծառայեցնելով Փաշինյանի գեոպոլիտիկ նախասիրություններին: