Մեկ անձից առանց մրցույթի գնումների ցանկն ընդլայնում են

Մեկ անձից առանց մրցույթի գնումների ցանկն ընդլայնում են

Ֆինանսների նախարարությունը որոշել է փոփոխել պետգնումների մասին օրենքը եւ լրացրել է մեկ անձից գնումների կատարման ցանկը։ Իսկ մեկ անձից կատարվող գնումները ոտքից գլուխ կոռուպցիոն ռիսկեր են։ Ըստ այդ լրացումների՝ «մեկ անձից կարող են գնվել, օրինակ, մշակութային կամ գեղարվեստաստեղծագործական միջոցառումների կազմակերպման շրջանակում ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ՝ բացառությամբ շինարարական աշխատանքների, պարտատոմսերի թողարկման, վերաբացման եւ հետգնման ծառայություններ, պետական կամ համայնքային հիմնարկից տեղական ինքնակառավարման մարմնի կարիքների համար ծառայություններ, բանկային սպասարկման ծառայություններ, պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունից ապրանքի, աշխատանքի եւ ծառայություն, եթե տվյալ կազմակերպության ստեղծման նպատակը՝ կանոնադրությամբ նախատեսված հիմնական գործունեության առարկան, հիմնադրին գնման առարկա հանդիսացող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումն է»։ 

Ինչպես նաեւ՝ պետության եւ համայնքի 50 տոկոսից ավելի մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունից այնպիսի ապրանքների, աշխատանքների եւ ծառայություններ, որոնք չեն կարող իրականացվել այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից եւ այլն։
Նախկինում նման հնարավորություն նախատեսված էր միայն պետբյուջեի հաշվին կատարվող գնումների դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ:

Այս լրացումներում անհասկանալի կամ վիճահարույց դրվագներ շատ կան։ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հարցրինք, թե սա արդյոք կանաչ լույս չի՞ վառում մեկ անձից չհիմնավորված գնումների համար, առանց մրցույթ հայտարարելու։
«Ես ամբողջությամբ նախագիծը չեմ նայել, գիտեմ, որ պլանավորման մեջ կա մի նախագիծ, որը պետք է դրվեր շրջանառության մեջ։ Դա վերաբերում էր մշակութային միջոցառումների բովանդակային մասին։ Այսինքն, օրինակ՝ թատրոնի գնում պետք է լինի, որը վերաբերում է բեմական հագուստին կամ ինչ-որ դեկորացիայի, թատրոնները գնումների օրենսդրությամբ չէին կարողանում հստակ գնումներ անել, եւ այդ մասով որոշում կայացվեց, որ պետք է հնարավորություն ընձեռվի մեկ անձից գնել, բայց դա չպետք է վերաբերի տեխնիկական մասին։ Օրինակ՝ եթե համերգ է կազմակերպվում, գուցե հնարավոր լինի որոշել, թե որ երգիչը հանդես գա, կամ ինչ ներկայացում լինի, բայց բեմական տեխնիկան, որը հստակ հնարավոր է տեխնիկական բնութագրերի միջոցով նկարագրել, ապա դա պետք է լինի արդեն մրցութային ընթացակարգով։ Եթե հնարավոր լինի տեխնիկական գնումներն անել մեկ անձից, ապա դա անընդունելի է, եթե վերաբերում է բացառապես բովանդակությանը եւ բովանդակային տարրերին, ապա նորմալ է»,- պատասխանեց Խաժակյանը։

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ պետք է սահմանափակումներ նույնպես ներառվեն, հակառակ պարագայում կոռուպցիոն վտանգներ իրապես կարող են լինել․ «Ընդհանրապես, կառավարությունը միշտ էլ մեկ անձից գնման իրավունքն ունեցել է, օրենքով դա թույլատրված եղել է, ուղղակի այստեղ պետք է նայել հրատապությունը, օրենքում պետք է պատճառաբանություններ լինեն, որ եթե մեկ անձից գնում պետք է կատարվի, ապա դա պետք է ունենա որոշակի չափորոշիչ եւ պատճառաբանում, որովհետեւ մրցույթի դեպքում չափորոշիչներ կան, մասնակցում են՝ հաղթում են։ Հիմա, որպեսզի կոռուպցիոն ռիսկեր չլինեն, կողմնակալություն չլինի, ծանոթ-ընկեր-բարեկամով չլինի, եւ ամեն ինչ թափանցիկ լինի, պետք է ուղղակի չափորոշիչներ ներդրվեն։

Օրինակ՝ կարող է լինել միջոցառման հրատապություն, որ այն պետք լինի կարճ ժամանակում կազմակերպել, եւ մրցույթ հնարավոր չէ անել, կամ ոլորտներում լինեն առանձնահատկություններ, որոնց դեպքում մրցութային կարգով գնում անլիս պետությունը ոչ միշտ է շահում, օրինակ՝ կարող է լինել, որ մենք այդ ոլորտում չունենանք ձեռնարկատիրական գործունեություն ծավալող, որոնք կարողանան գնումներին մասնակցել եւ այլն։ Օրինակ՝ բիզնեսի մեջ հարկային մարմիններն ասում են, որ 300 հազար դրամից ավելի կանխիկ գործարքներ չկատարվեն, կամ եթե շուկայից ես գնումներ կատարում, ինչ-որ լիմիտ է դրել, հիմա այստեղ էլ կարող են լիմիտ դնել․ եթե միանձնյա գնում է կատարում, ապա այդ գումարի չափն էլ լիմիտավորվի, եթե գումարը շատ մեծ է, ապա կարող են իսկապես կոռուպցիոն ռիսկեր լինել։ Այդ ամենը պետք է արտացոլվի օրենքի նախագծում»։

Մակարյանին հարցրինք՝ եթե մեկ անձից գնվող ծառայությունների ու ապրանքների ցանկն ընդլայնվում է, դա չի՞ նշանակում, որ մրցույթով ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների ցանկն է նվազում։ «Ճիշտ է։ Էլի պետք է զգույշ վերաբերվենք։ Մենք միշտ ասում ենք, որ գնումները հոյակապ գործիքակազմ են հանդիսանում փոքր ու միջին բիզնեսի համար, իրենք գնումներին մասնակցելով՝ կարող են իրենց ձեռնարկատիրական կայունությունը կամ եկամուտն ապահովել, ու եթե գնումները միշտ մեկ անձից կատարվեն, ապա մյուսներն ուղղակի դուրս են շպրտվում եւ հնարավորություններ չեն ստանում։ Դրա համար այդտեղ նույնպես պետք է սահմանափակումներ լինեն․ օրինակ՝ կարող է մեկ անձից գնում կատարել ոչ ավել, քան 2 անգամ կամ 1-2 տարվա ընթացքում, այսինքն՝ ոչ թե ամեն ամիս մեկ անձից գնում կատարի, այլ լիմիտավորվի, թե ինչքան հնարավորություն ունի առավելագույնը։ Գնումների մի շատ խնդրահարույց մաս էլ հանդիսանում էր հետգնումային մասը․ գնումներն իբր թե եղան, ավարտվեցին, բայց իրականում թե ինչ առան, ինչ դրեցին, այդ ապրանքը կա՞, թե՞ չկա, մնացե՞լ է, թե՞ մեկ ամիս հետո ջարդվեց, պարզվեց՝ անորակ է եւ այլն։ Այսինքն՝ հետգնումային մոնիթորինգի մասը պետք է նաեւ հստակ լինի»,- ասաց Մակարյանը։