Մարզպետների լիազորությունները կրճատելու փոխարեն ընդլայնում են

Մարզպետների լիազորությունները կրճատելու փոխարեն ընդլայնում են

«Իմ քայլը» մի բան ասում է՝ այլ բան անում։ Տեւական ժամանակ խոսվում է մարզպետների լիազորությունները կրճատելու, անգամ մարզպետարանները լուծարելու մասին, սակայն, հակառակ դրան, իշխանությունն այժմ փորձում է օրենքով ընդլայնել մարզպետների լիազորությունները։ Մարզպետարաններ-համայնքներ փոխհարաբերություններում ամենամեծ խնդիրը մարզպետարանների կողմից ՏԻՄ-երի նկատմամբ վարչական վերահսկողության հարցն է, որի իրականացումը մարզպետների կողմից հակասահմանադրական է։

Իշխանությունն այս հակասահմանադրականությունն իբր շտկելու նպատակով խորհրդարան է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որտեղ առաջին ընթերցման ներկայացված փաստաթղթում վարչական վերահսկողության մասով «մարզպետների միջոցով» բառերն արդարացիորեն հանվել էին, սակայն 2-րդ ընթերցման նախագծում այն վերականգնվել է։ Արդյունքում, «խորամանկ» ճանապարհով պահպանվում է ՏԻՄ-երի նկատմամբ վարչական վերահսկողություն իրականացնելու մարզպետների լիազորությունը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Ըստ օրինագծի, մարզպետների՝ ՏԻՄ-երի նկատմամբ վերահսկողության հարցը թողնվել է նախարարության ընտրությանը, նախարարությունը կամ կարող է մարզպետներին լիազորել, կամ իր առանձին օղակով վերահսկել։

Երեկ նախագծի հեղինակ՝ իմքայլական Վարազդատ Կարապետյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ հիմա մարզպետների վերահսկողության թույլտվությունը դրվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարության վրա, ուստի հակասահմանադրականության մասին խոսք լինել չի կարող։ Դիտարկմանը՝ չէ՞ որ ձեր իշխանությունն էր ասում, որ կրճատելու են մարզպետների լիազորությունները, ընդհանրապես այդ ինստիտուտը, Կարապետյանը հումորի է տվել․ «Քանի որ առաջիկայում նրանց լիազորությունները կրճատելու ենք, որոշեցինք այս մի լիազորությունը տալ»։