«Հրապարակ»․ Նրանք Խոջալուն դրոշակ են սարքում, մենք հրաժարվում ենք ցեղասպանությունից
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանին խնդրեցինք կարծիք հայտնել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտնի արտահայտության վերաբերյալ: Նա ասել էր, որ Հայաստանը հնարավորություն չունի կռվելու ադրբեջանցիների դեմ, ուստի միակ ելքը սահմանազատումն է։
Փորձագետն ասաց. «Էլ ի՞նչ «Երկրապահ» է` ավելի լավ է գնան տուն։ «Երկրապահն» էն կառույցն է, որ եթե անգամ ամբողջ աշխարհն ասի, որ Հայաստանը չի կարող պաշտպանվել, նա բազեի նման պետք է պատրաստ լինի պաշտպանության, անգամ տրամաբանությունից դուրս լինելով, պետք է կանգուն լինի։ Դու Մայր Թերեզայի միավորումը չես, բարեկիրթ օրիորդների դպրոցը չես, դու պետք է կռվարար լինես, դու կաս դրա համար։ Եթե դու այլ բան ես ասում, էլ ի՞նչ «Երկրապահ»։ Նայեք՝ Ալիեւն ինչ ինֆորմացիոն արշավ է տանում․ հոկտեմբերի 17-ին գրավեցինք Ջեբրայիլը, նոյեմբերի 6-ին՝ Շուշին, նշում են հերոսների անուններ։ Մենք ի՞նչ ենք անում։ Սեպտեմբերի 20-ը՝ Արցախի հայաթափման օրը, եկավ-անցավ, կեսբերան մեր օֆիցիալ իշխանությունները չասացին, որ հայաթափումից մի տարի անցել է։ Բա նախկիննե՞րը։ Ասում էին՝ ռուսը չի թողնի կռիվ լինի, տեսա՞ք ոնց թողեց։ Նրանք չեղած Խոջալուն դրոշ են սարքում, իսկ մենք ցեղասպանության մասին ասում ենք՝ մեր առաջնահերթությունը չէ։ Բա ի՞նչն է քո առաջնահերթությունը»։
Հետաքրքրվեցինք նաեւ Ալիեւի երեկվա ելույթով․ նոյեմբերի 9-ի նախօրյակին նա հայտարարել է՝ թույլ չեն տալու, որ Հայաստանը զինվի, եւ զգուշացրել է, որ դա վատ հետեւանքներ է ունենալու։ Ռազմական փորձագետին հարցրինք` Ալիեւն իրո՞ք լուրջ է ընդունում մեր զինվելու մասին լուրերը։
«Թեեւ իշխանություններն ուռճացնում են այդ զինվելու չափերը, բայց որոշ չափով, այո, զինվում է։ Ես հաստատ չգիտեմ, իմանամ էլ, բացահայտ չեմ ասի, բայց ենթադրվում է, որ որոշ հրետանային, ՌԷՊ (ռադիոէլեկտրոնային պայքար՝ Ս․ Ս․) միջոցներ Ֆրանսիայից ու Հնդկաստանից գալիս են։ Բայց կարծում եմ, որ դրա չափերը գերագնահատում են։ Մեր իշխանությունը ռազմական գաղտնիքի տակ ամեն ինչ փակում է, նաեւ՝ չեղած գործը։ Ոնց որ ես գնամ, իմ տան փողերը կազինոյում կրվեմ, կինս ասի՝ ինչքան փող ունենք, ասեմ՝ ռազմական գաղտնիք է»,- ասաց Մհեր Հակոբյանը։
Կարծիքներ