Որ հոդվածով են Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք առաջադրել

Որ հոդվածով են Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք առաջադրել

Երեկ ձերբակալված «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը գտնվում է Էրեբունու ձերբակալվածների պահման վայրում, նրան առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով:

Այս մասին «Հրապարակին» հայտնեց նրա ընկեր Հայկ Նահապետյանը, իսկ նրա փաստաբան Աննա Ծառուկյանն ուղղեց՝ 226-ի պրիմ։ Այն է՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական, կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Ընդունու՞մ է Իսագուլյանն իր մեղքը, չի ընդունում, ի՞նչ հայտարարություններ է անում․ պաշտպանը տեղյակ չէ։ Ասաց, որ որպես պաշտպան դեռ գործին չի ներգրավվել։ 

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ Youtube կայքէջում ծանոթանալով Իսագուլյանի «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութի հետ։